«2024 թ-ի բյուջեում ընդգրկվելիք համայնքային խնդիրների քննարկում ու առաջնահերթությունների սահմանում» Տարեվերջյան հանրային քննարկում Արենի համայնքում

«Միասին հանուն Արենիի զարգացման» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է մեծացնել Վայոց ձորի մարզի Արենի խոշորացված համայնքի կարողությունները՝ հզորացնելով համայնքին քաղաքականապես և տնտեսապես, դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ հանրային քննարկում (թաուն հոլ)։

Հանրային քննարկմանը մասնակցեցին Արենի խոշորացված համայնքի 9 բնակավայրերի մոտ 100  ակտիվ բնակիչ, որի նպատակն էր Արենի խոշորացված համայնքի 2024 թ-ի բյուջեում ընդգրկվելիք համայնքային խնդիրների քննարկումն ու առաջնահերթությունների սահմանումը։

Իսկ քննարկվող առաջնահերթությունների թվում էին․

1. Աղավնաձոր համայնքի մարզադպրոցի հիմնանորոգումն ու կահավորումը․ Մարզադպրոց այս պահին հաճախում է մոտ 60 երեխա, գործում են տարբեր սպորտաձևերի խմբակներ (ըմբշամարտ, կարատե և այլն)։ Վերանորոգումից հետո նախատեսվում է այլ համայնքներից երեխաների հաճախում ևս (համայնքը կհոգա տարբեր համայնքներից տրանսպորտով երեխաների տեղափոխումը Աղավնաձոր) և նոր սպորտաձևերի խմբակների բացում մարզադպրոցում (շախմատ, շաշկի, բոքս և այլն)։ 

Մեծահասակները ևս հնարավորություն կունենան օգտվելու մարզադպրոցից։ Նախատեսվում է նաև պարբերաբար կազմակերպել միջհամայնքային և հանրապետական սպորտային միջոցառումներ, մրցումներ։ 

Ծրագրի ընդհանուր արժողությունը մոտ 60 մլն ՀՀ դրամ է, որտեղ համայնքի ներդրումը մոտավորապես կազմելու է 3-4 մլն դրամ, իսկ գումարի մնացած մասը ֆինանսավորելու են տարբեր դոնորներ, ինչպիսիք են GIZ-ը, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն և այլն։

2. Արփի համայնքի մանկապարտեզի գազաֆիկացումն ու կահավորումը, որտեղ հաճախում են մոտ 50-60 երեխա, որը, սակայն, սեզոնային է աշխատում՝ ջեռուցման խնդրի պատճառով։ Մանկապարտեզը հիմնականում հիմնանորոգված է, մասնակի վերանորոգման կարիք կա 1 սենյակում ու միջանցքում և անհրաժեշտություն՝ ամբողջական գազաֆիկացման, որպեսզի այն աշխատի առանց ընդհատումների։ 

Ծրագրի արժեքը մոտավորապես կկազմի 10 մլն ՀՀ դրամ։

3. Ագարակաձորի մանկապարտեզի վերանորոգումը, որը ենթադրում է 1-ին հարկի պատուհանների փոխում, մուտքի աստիճանավանդակի վերանորոգում, ծածկի կառուցում և այլն։ Մանկապարտեզ հաճախում է շուրջ 46 երեխա․ այն չի գործում ձմռան ամիսներին։ Ծրագրի արժեքը մոտավորապես կկազմի 12 մլն ՀՀ դրամ։

4. Աղավնաձորի մանկապարտեզի հիմնանորոգման և ջեռուցման համակարգի անցկացումը, որտեղ հաճախում է 43 երեխա։ Մանկապարտեզը չի գործում ձմռան ամիսներին։ Ծրագիրը կարժենա մոտավորապես 20 մլն ՀՀ դրամ։

Մյուս բնակավայրերի ներկայացուցիչները փոքր-ինչ դժգոհեցին, որ իրենց բնակավայրերի հիմնախնդիրներն առաջնահերթությունների ցանկում չէին, բայց փորձեցին ըմբռնումով մոտենալ ու հավատալով՝ «ամեն ինչ հերթով կարվի» խոստումին՝ ներգարավվեցին հարևան բնակավայրերի խնդրների հրատապության քննարկմանը։

Նշված հիմնախնդիրների քննարկմանը հաջորդեց նաև քվեարկություն․քննարկման մասնակիցները, կարևորելով նշված բոլոր հիմնախնդիրների լուծումը, առաջնահերթությունը տվեցին մանկապարտեզների՝ շուրջ տարին աշխատելու հանգամանքին։ Համաձայն քվեարկության արդյունքների՝ Արփի համայնքի մանկապարտեզի գազաֆիկացումն ու կահավորումն ամենահրատապը համարվեց, ապա՝ Աղավնաձորի մանկապարտեզի և մարզադպրոցի հիմնանորոգման աշխատանքները, հետո՝ Աղավնաձորի մանկապարտեզի հիմնանորոգման և ջեռուցման համակարգի անցկացումը։ 


“Սույն տեղեկատվական նյութը  հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները:”