Համայնքային բյուջետավորում ժողովրդի կողմից, ժողովրդի համար

Սկսած 2022 թվականից՝ Արմավիր խոշորացված համայնքը «Տեղական բաց կառավարման գործընկերություն (ԲԿԳ)» նախաձեռնության անդամ է։ Միանալով նախաձեռնությանը, ինչպես նաև կարևորելով ժողովրդավարական զարգացման սկզբունքների կիրառումը, թափանցիկ և հաշվետու որոշումների կայացումը՝ համայնքը ստանձնել է մասնակցային բյուջետավարման համակարգի ներդրման հանձնառություն և այժմ իրականացնում է նախագծային մասնակցային բյուջետավարում։

Համակարգի արդյունավետ ներդրումը և կիրարկումը, սակայն, պահանջում է բնակչության կողմից մասնակցային բյուջետավարման վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացում, տեղական իշխանությունների, քաղաքացիական հասարակության, մեդիա ներկայացուցիչների ու ակտիվ քաղաքացիների կարողությունների զարգացում, ինչպես նաև մասնակցայնության լրացուցիչ հնարավորությունների առկայություն։

Արմավիր համայնքին այս գործընթացում աջակցելու համար «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն նախաձեռնել և իրականացնում է «Համայնքային բյուջետավարում ժողովրդի կողմից, ժողովրդի համար» ծրագիրը՝ ուղղված վերոնշյալ խնդիրների լուծմանը։

Ծրագրի հիմնանպատակն է ամրապնդել մասնակցային ժողովրդավարությունը և խթանել քաղաքացիների ներգրավվածությունը տեղական որոշումների կայացման գործընթացներում՝ Արմավիր խոշորացված համայնքում մասնակցային բյուջետավարման համակարգի բարելավման միջոցով:

Նախատեսելով իրազեկման արշավներ և կարողությունների զարգացում՝ ծրագիրը թիրախավորում է ինչպես քաղաքացիներին, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաներին, քաղաքացիական հասարակության և մեդիա ներկայացուցիչներին:

«Համայնքային բյուջետավորում ժողովրդի կողմից, ժողովրդի համար» ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության (ԵՄ) կողմից: