Պատմություն

2004 թվականից սկսած Արմավիրի մարզում սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման գործում քաղաքացիական մասնակցության դերն ու նշանակությունը կարևորելով՝ մարզի մի խումբ ակտիվիստներ համախմբվեցին մեկ ընդհանուր գաղափարի շուրջ: Որոշ ժամանակ աշխատելով որպես համայնքային ակտիվիստների խումբ՝ կազմակերպության հիմնադիրները գիտակցեցին, որ իրենց առջև դրված նպատակներն արդյունավետ կերպով իրականացնելու համար անհրաժեշտ են առավել ֆորմալ ենթակառուցվածքներ և նոր իրավաբանական կարգավիճակ: Արդյունքում մեկ տարի անց՝ 2005 թվականի ապրիլի 29-ին Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում պաշտոնապես հիմնադրվեց և արդյունավետ կերպով իր գործունեությունն է ծավալում «Արմավիրի զարգացման կենտրոն» (ԱԶԿ) սոցիալ-տնտեսական հասարակական կազմակերպությունը:

ԱԶԿ ՀԿ-ն, լինելով համայնքահեն կազմակերպություն, ունի գործունեության ազգային մասշտաբներ։ Այս պահին ՀԿ-ն իրականացնում է 16 ծրագիր՝ Հայաստանի 5 մարզերում։

Կազմակերպությանը հաջողվում է իրականացնել այս մեծածավալ աշխատանքը այնպիսի կարևորագույն առանձնահատկությունների շնորհիվ, ինչպիսիք են բազմամասնագիտական թիմը, թիմի մեծությունը, կապերը տարբեր շահագրգիռ կողմերի հետ, բազմաոլորտայնությունը, բազմամյա աշխատանքային չընդհատված փորձը, համայնքահեն լինելը, որ հնարավորություն է տալիս շահառուի հետ ուղիղ  աշխատել և կարիքահեն ծրագրեր իրականացնել։  

Ապահովելու համար մարզի կայուն սոցիալ-տնտեսական առաջընթացը՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունն  իր առջև խնդիր է դրել խրախուսել և նպաստել մարզի պետական, հասարակական և բիզնես սեկտորների համագործակցությանը: ՀԿ-ի գործունեության հիմքում այնպիսի կարևորագույն արժեքներ են, ինչպիսիք են մասնակցությունը, թափանցիկությունը, հաշվետվողականությունը, մարդակենտրոնությունը, ներառականությունը, հավասարությունը, համագործակցությունը, պատասխանատվությունն ու նվիրումը։