Մասնակցային բյուջետավորումն Աշտարակում

2024 թվականի մասնակցային բյուջետավորման առաջարկների հավաքագրման գործընթացում Աշտարակ համայնքը ռեկորդակիր է։

Ներկայացվել էին սպասվածից մեծ թվով առաջարկներ՝ շուրջ 46, որոնցից նման բովանդակություն ունեցող առաջարկները հետագայում խմբավորվել և ներկայացվել են ընդհանուր ծրագրային գաղափարների տեսքով։

Քվեարկության արդյունքում Աշտարակ խոշորացված համայնքի բնակիչների և նախաձեռնող խմբերի կողմից համայնքապետարանին ներկայացված ընդհանրացված ծրագրային առաջարկներից հաղթող է ճանաչվել 4-ը։ Բոլոր 4 ծրագրերն էլ այս պահին արդեն իսկ գտնվում են իրականացման փուլում։

Անդրադառնանք մասնակցային բյուջետավորման շրջանակում հաղթող ճանաչված ծրագրերին առանձին-առանձին։

Ծրագիր 1

Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի բազմաբնակարան շենքերի բակում և Արուճ, Կոշ, Նոր Ամանոս և Նոր Եդեսիա բնակավայրերում խաղահրապարակների կառուցման և տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում (1891 ձայն)։

Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Աշտարակ համայնքի բնակչությանը մատուցվող ծառայությունների պայմանների և որակի բարելավմանը և Աշտարակ համայնքի բնակավայրերում խաղահրապարակների կառուցման, տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացմանը։

Ծրագրով նախատեսվում է ապահովել ավելի լավ հանգստի և ժամանցի պայմաններ, խթանել երեխաների առողջ զարգացումը համայնքում: Երեխաների խնամքի և հանգստի կազմակերպման համար համայնքում անհրաժեշտ պայմանների ստեղծումը հանդիսանում է գերակա խնդիր: Նախատեսվում է բնակավայրերում տեղադրել խաղային ատրակցիոններ փոքրերի համար, տաղավարներ մեծահասակների համար, նստարաններ, աղբամաններ, լուսավորություն, այն դարձնելով մեծերի ու փոքրերի ամենասիրելի վայրը։

Խաղահրապարակի կառուցումը կնպաստի ոչ միայն բնակավայրերի կյանքի բարելավմանը, այլ նաև երեխաների ժամանցի կազմակերպման կենտրոնների դեր կունենա բնակիչների համար։

Ծրագիր 2

Աշտարակ համայնքի Արագածոտն, Ղազարավան և Ագարակ բնակավայրերում Ֆուտբոլի խաղադաշտերի կառուցման և տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում (1786 ձայն)։

Երեխաների և երիտասարդների մարզական միջոցառումների կազմակերպման համար համայնքում անհրաժեշտ պայմաններ ստեղծելը հանդիսանում է գերակա խնդիր, որի լուծման նպատակով իրականացվում են նոր և գոյություն ունեցող մարզադաշտերի ստեղծման, տարածքների բարեկարգման, հիմնանորոգման ու պահպանման աշխատանքներ:

Ծրագրով նախատեսվում է Արագածոտն, Ղազարավան և Ագարակ բնակավայրերում ֆուտբոլի խաղադաշտերի կառուցման և տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացումը` մասնավորապես տարածքներն առանձնացնել ցանկապատով, համապատասխան վայրերում կատարել կանաչապատման և ասֆալտապատման աշխատանքներ, դրանք առանձնացնելով բազալտե եզրաքարերով։

Ծրագիր 3

Աշտարակ համայնքի Ուշի և Բազմաղբյուր բնակավայրերում աղբամանների տեղադրում (940 ձայն)։

Ծրագրի հիմնական նպատակն է` նպաստել Աշտարակ համայնքի բնակչությանը մատուցվող ծառայությունների պայմանների և որակի բարելավմանը։

Ծրագրով առաջարկվում է բարելավել Ուշի և Բազմաղբյուր բնակավայրերի աղբահանության և սանիտարական մաքրման գործընթացի կազմակերպման որակը` մասնավորապես համապատասխան վայրերում կատարել աշխատանքներ, դրանք առանձնացնելով ցանկապատով և տեղադրել աղբամաններ։

Ծրագիր 4

Նոր Ամանոս բնակավայրի դաշտամիջյան ճանապարհների բարեկարգում (907 ձայն)։

Աշտարակ համայնքի Նոր Ամանոս բնակավայրի 30կմ դաշտամիջյան ճանապարհները չեն բարեկարգվել և չեն հարթեցվել, որի պատճառով սեփականաշնորհված հողամասերի ճանապարհները բնակիչների համար դարձել են դժվար անցանելի, թե գյուղ․ տեխնիկաների համար, թե իրենց սեփական մեքենաների համար: Դրա համար հողերի մեծ մասը չի մշակվում:

Դաշտամիջյան ճանապարհների հարթեցումը և բարեկարգումը կնպաստի հողօգտագործողների աշխուժացմանը, ավելի շատ հողատարածքներ կմշակվեն, կավելանա հողօգտագործողների և անասնապահությամբ զբաղվողների թիվը:

Բոլոր ներկայացված առաջարկների նպատակը մեկն է՝ ավելի հարմարավետ և գրավիչ դարձնել Աշտարակ խոշորացված համայնքի կյանքը։

Այսպիսով, մասնակցային բյուջետավորման արդյունքում համայնքի բնակիչները հնարավորություն ունեցան ներդրում ունենալ իրենց իսկ համայնքի բարելավմանն ուղղված աշխատանքներում՝ համագործակցաբար աշխատելով համայնքապետարանի հետ և իրացնելով իրենց՝ տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրավունքը։


Սույն հրապարակումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Քաունթերփարթ Ինթերնեշնլի ենթադրամաշնորհառու «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի, Միացյալ Նահանգների կառավարության և Քաունթերփարթ Ինթերնեշնլի տեսակետները։