Փառատոն պատմական մայրաքաղաքներում

Հուլիսի  7-ին Արմավիրի մարզի Երվանդաշատ համայնքում տեղի ունեցավ «Փառատոնը սահմանին․պատմական մայրաքաղաքներ՝ Երվանդաշատ,Բագարան»  ազգային մոտիվներով հագեցած փառատոնը։

Միջոցառումը նախաձեռնել էր ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանը։ Փառատոնը մեկնարկեց ազգային երգ ու պարով,հանդես եկավ Բագարան-Երվանդաշատ համայնքների «Ծովասար» երգի-պարի ազգագրական համույթը, ՀՀ  վաստակավոր արտիստ Լեյլա Սարիբեկյանը և այլ երգիչներ:

Ողջույնի խոսքով հանդես եկան  Արմավիրի  մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ինչպես նաև Երվանդաշատի մասին տեղեկատվական խոսքով ՀՀ ԳԱԱ ՀԱԻ գիտաշխատող,Երվանդաշատի պեղող-հնագետ Սյուզաննա  Մուրադյանը։ 

Միջոցառումը լի էր ինչպես առատ ու համեղ ուտեստների տաղավարներով,այնպես էլ ազգայինը վերակենդանացնող արժեքներով՝  բրոնզեդարյան զենք – զինամթերքի ցուցադրություն, հայկական ավանդական աղանդերների ներկայացում, գորգագործության և կարպետագործության վարպետաց դաս-ցուցադրություն, Բագարանում և Երվանդաշատում արտադրված չրի ցուցադրում հյուրասիրություն և այլն։

Միջոցառման նպատակն էր մեծ թվով զբոսաշրջիկների ներգրավում՝  համայնքը դարձնելով տուրիստական գոտի: Փառատոնը հայկական ավանդական արժեքների վերհանման  և պահպանման,դրանց մասին հանրությանը էլ ավելի իրազեկելու նոր մեթոդ էր, որի հիմքում  դրված էր ազգային արժեքները։

Բոլոր տաղավարները զարդարված էին ազգային մոտիվներով,իսկ բնակիչների վերաբերմունքը՝   շատ ջերմ ու հյուրընկալ։

Փառատոնի անցկացման վայրում տեղադրված էին աղբի տեսակավորման աղբամաններ, որոնց առկայությամբ նպատակ կար գյուղական համայնքներում բարձրացնել մարդկանց պատասխանատվությունը շրջակա  միջավայրի պահպանության գործում և տարածել աղբի ճիշտ կառավարման մշակույթ:


Փառատոնի մասին պատմող հոլովակը այստեղ

Հոդվածը՝ Անի Խաչատրյանի

Լուսանկարները՝  Ռոբերտ Մարտիրոսյանի