Յուրաքանչյուրս իրավունք ունենք և պետք է մասնակցեք մեր համայնքում որոշումների կայացմանը

«Յուրաքանչյուրս իրավունք ունենք և պետք է մասնակցեք մեր համայնքում որոշումների կայացմանը, որպեսզի լուծում տանք մեզ մտահոգող խնդիրներին։ Մենք ենք պատասխանատու մեր համայնքի զարգացման համար և ուրիշ ոչ-ոք»։

Հունիսի 27-ին «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ Ջերմուկի համայնքապետարանում անցկացրեց դասընթաց «Քաղաքացիների մասնակցությունը տեղական բյուջետավորման գործընթացում» թեմայով։

Թիրախ լսարանը բարձր դասարանի աշակերտներն էին, ովքեր հանդիպման ընթացքում ծանոթացան տեղական ինքնակառավարմանը, դրա սկզբունքներին, տեղական ինքնակառավարման մարմինների՝ համայնքի ղեկավարի և ավագանու լիազորություններին, իրենց համայնքի օրինակով քննարկեցին համայնքի զարգացման ծրագրի կառուցվածքը, ինչպես նաև համայնքի բյուջեն, դրա ձևավորման և բաշխման կարգը։ Աշակերտները, բարձրաձայնելով բազմաթիվ համայնքային խնդիրներ, հետաքրքրված էին, թե ինչպես կարող են իրենց ձայնը լսելի դարձնել և մասնակցել համայնքի զարգացմանը։ Նրանց ներկայացվեց հանրային մասնակցության մեխանիզմները, որոնցից ստորագրահավաքի միջոցով ավագանու օրակարգ հարց ընդգրկելը քննարկվեց հենց մասնակիցների կողմից արդեն իսկ իրականացված նախաձեռնության օրինակով։

Մասնակիցները նշեցին նաև, որ առաջնահերթ պետք է բարձրացնել համայնքի բնակիչների իրազեկվածությունը իրենց իրավունքների վերաբերյալ, քանի որ բնակիչները, տեղյակ չլինելով օրենքներից, վախենում են շատ հաճախ պահանջատեր լինել և մասնակցել համայնքի կառավարմանը՝ մտածելով, որ դա իրենց գործը չէ։

«Իսկ մենք արդեն գիտենք մեր տեղն ու դերը համայնքում և այսուհետ մասնակցելու ենք և ավագանու նիստերին, և ստորագրահավաք ենք անելու, որպեսզի վերջապես հանրային տրանսպորտի խնդիրը լուծվի մեր համայնքում»,-նշում է մասնակիցներից Դիանան։

Դասընթացն իրականացվել է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի կողմից «Քաղաքացիների մասնակցությունը համայնքային բյուջետավարման գործընթացում» նախագծի շրջանակում, որն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից՝ Արևելյան գործընկերության տարածաշրջանային ֆոնդի և «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության ցուցաբերած աջակցության շնորհիվ: