Եզդի կանանց ու աղջիկների կրթության խնդիրները ԱԶԿ ՀԿ-ի նոր ծրագրում

Հայաստանի Հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունների՝ մասնավորապես եզդի կանանց ու աղջիկների կրթական իրավունքի իրացման խնդիրները շարունակում են մնալ «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության ուշադրության կենտրոնում:

ԱԶԿ-ի կողմից իրականացված ծրագրերը բազմիցս փաստել են, որ կրթական բոլոր հնարավորությունները հասանելի են ՀՀ քաղաքացիների համար՝ անկախ ազգային պատկանելիությունից, սակայն եզդի աղջիկների ու կանանց շրջանում առկա կրթական խնդիրները՝ պայմանավորված ազգային մտածելակերպի ու հոգեկերտվածքի առանձնահատկություններով, մեծապես խոչընդոտում են վերջիններիս կրթությանն ու հետագա մասնագիտական ինքնաիրացմանն ու աճին:  

Այս իրականությանը զուգահեռ՝ եզդի կանանց ու աղջիկների շրջանում գնալով ավելի է ընդգծվում շարունակական կրթություն ստանալու, մասնագիտական գործունեություն ծավալելու ցանկությունը, որը, ցավոք, դեռևս այդպես էլ չի իրականանում, իսկ ինքնահոսի թողնելու դեպքում խնդիրը գուցե վերջնական լուծում առհասարակ չստանա, մինչդեռ կրթված կինը ամուր ընտանիքն է ու ազգի ապագան: 

Ուստի, «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը մեկնարկում է իր՝ «Հանուն կրթության. եզդի կանանց ու աղջիկների կրթական իրավունքի խթանում» ծրագիրը, որի հիմնարար նպատակն է կանխել խտրականությունը Հայաստանի եզդի փոքրամասնության խոցելի խումբ կազմող աղջիկների և կանանց նկատմամբ՝ խթանելով նրանց՝ կրթության իրավունքի իրացումը, ամրապնդելով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը:

Ծրագրի խնդիրներն են.

  • բարձրացնել եզդի աղջիկների և նրանց ծնողների իրազեկությունը կրթության և ուսման կարևորության վերաբերյալ, ինչպես նաև խթանել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները,
  • իրականացնել կարողությունների զարգացում և պարզեցնել տեղական իշխանությունների, սոցիալական աշխատողների, դպրոցների ղեկավարության և ուսուցիչների համագործակցությունը՝ ապահովելու եզդի աղջիկների կրթության հասանելիությունը, կանխելու նրանց հանդեպ խտրականության և իրավունքների խախտման հետագա դեպքերը,
  • զարգացնել ուսուցիչների կարողությունները բոլորի համար ներառական և որակյալ կրթություն ապահովելու համար:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում են կլոր սեղան-քննարկումներ, համայնքային հանիպումներ, ուսուցիչների վերապատրաստումներ և խնդրի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման մեծածավալ արշավ՝ տպագրական նյութերի և սոցիալական հարթակում մեդիա-նյութերի տեղադրման ու տարածման միջոցով: Ծրագրային գործողություններին ներգրավված են լինելու ինչպես եզդի ազգի ներկայացուցիչներ՝ աշակերտներ, ծնողներ, այնպես էլ համայնքների, դպրոցների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, տեղական իշխանություններ և այլ շահագրգիռ կողմեր:

Ծրագրի շահառուներն են Արմավիրի մարզի 5 գյուղական համայնքների՝ Ակնալճի, Արտաշարի, Զարթոնքի, Նալբանդյանի և Նոր Արտագերսի եզդի ազգի ներկայացուցիչները՝ 13-16 տարեկան աղջիկներ, ծնողներ, ինչպես նաև դպրոցների ուսուցիչներ: 


«Հանուն կրթության. եզդի կանանց ու աղջիկների կրթական իրավունքի խթանում» ծրագիրն իրականացվում է «Արդարադատության մատչելիության խթանում Արեւելյան գործընկերության երկրներում խտրականության, ատելության հանցագործությունների եւ ատելության խոսքի զոհերի համար` արտադատական կարգով փոխհատուցման մեխանիզմների միջոցով» տարածաշրջանային ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Գործընկերություն հանուն լավ կառավարման II-ի շրջանակներում և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից: