Արմավիր քաղաքի երեխաների անվտանգությունը հանրակրթական հաստատություններում

Արմավիր քաղաքում գործում է 9 հանրակրթական դպրոց և 12 մանկապարտեզ, որոնցից ընդամենը 3 դպրոցների և մեկ մանկապարտեզի տարածքում կարող ենք տեսնել «զեբր» գծանշում, իսկ «երեխաներ» զգուշացնող նշանն առհասարակ բացակայում է։ Այս խնդիրը վերաբերում է ոչ միայն երեխաներին, այլ նաև այն ծնողների և ուսուցիչներին, ովքեր պատասխանատու են անվտանգ երթևեկության համար։

ՀՀ Կառավարության ճանապարհային նշանների մասին 955-Ն որոշումն ասում է․ «Ճանապարհային երթևեկության «Երեխաներ» նշանը պետք է տեղադրվի մանկական հիմնարկների (դպրոցներ, մանկապարտեզներ և այլն) մոտով անցնող ճանապարհի այն հատվածում, որի երթևեկելի մասում հնարավոր է երեխաների հայտնվելը, քանի որ նախազգուշացնող նշանները տեղեկացնում են ճանապարհի այն վտանգավոր տեղամասին մոտենալու մասին, որով երթևեկելիս (տեղաշարժվելիս) անհրաժեշտ է ձեռնարկել իրադրությանը համապատասխան միջոցներ:

Խնդիրն ուսումնասիրել են Արմավիրի զարգացման կենտրոն հասարակական կազմակերպության «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում իրականացվող «Մեդիա մարդ» լրագրության ամառային դպրոցի մասնակիցներ Անժելա  Կարապետյանն ու Ալբերտ Չարչօղլյանը, ովքեր շրջել են քաղաքի դպրոցներով, զրուցել ուսուցիչների, ծնողների, ոստիկանության աշխատակցի հետ, հարցում ուղարկել Արմավիրի համայնքապետարան։

Ուսումնասիրության արդյունքները ներկայացված են  մուլտիմեդիա  ձևաչափով պատրաստված նյութում, որը կարող եք տեսնել այս  հղումով։