Ամփոփում ենք գինու տուրիզմին նվիրված հեքեթոնը

Գինու տուրիզմը կամ միջազգային տերմինով՝  էնոտուրիզմը, ենթադրում է զբոսաշրջիկների այցելությունները գինեգործական զարգացած և հայտնի տարածաշրջաններ՝ գինու արտադրության գործընթացը տեսնելու և հենց այնտեղ գինու տարբեր տեսակներ համտեսելու համար:

Էնոտուրիզմի բիզնես-շղթան ներառում է ոչ միայն գինեգործարաններն ու համտեսի սրահները, այլ նաև այն բոլոր կետերը, որոնցից ենթադրվում է, որ կօգտվի զբոսաշրջիկը: Դրանք կարող են լինել հյուրատներ, ռեստորաններ, հուշանվերների խանութներ ու արտադրամասեր, խաղողի այգիներ:

Ոլորտի զարգացման համար կարևոր դերակատարություն ունեն նաև տուր օպերատորները, ովքեր պետք է իրենց փաթեթներում կարևոր տեղ հատկացնեն գինու ուղղություններին՝ ակտիվորեն համագործակցելով հյուրընկալող կետերի հետ:

Նորագույն տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ՝ տուրիզմի ոլորտը ավելի ու ավելի է մոտենում հաճախորդներին: Այլևս  պարտադիր չէ կապ հաստատել տուր օպերատորների հետ, որպեսզի ճշտել որևէ տարածաշրջանում տուրիստական հետաքրքրություն ներկայացնող վայրերի մասին ինֆորմացիան և պլանավորել այցելությունները:

Գնալով ավելանում են զբոսաշրջությանը նվիրված կայքերը, որտեղ ներկայացվում են տարբեր տարածաշրջաններում տուրիստական կետերն ու առաջարկները: Զբոսաշրջիկներին մնում է միայն փնտրել և գտնել այդ օնլայն հարթակները:

Հարկ է նշել, որ որևէ տարածաշրջանում այս ոլորտի զարգացումը ուղիղ համեմատական է շահագրգիռ կողմերի պատրաստակամությանն ու համագործակցված աշխատանքին:

Էնոտուրիզմի տեսանկյունից Հայաստանում շարունակում են զարգանալ ու աճել տուրիստական գրավչություն ներկայացնող վայրերը, ինչպես նաև այն կազմակերպություններն ու նախաձեռնությունները, որոնք ակտիվորեն աշխատում են ներկայացնել և զարգացնել  այս ոլորտը:

2022 թվականի հունվարից մեկնարկել է «Գինու տուրիզմի նորարական ռազմավարությունները՝ որպես երաշխիք երկրների միջև կապեր ստեղծելու և Հայաստանում տարածաշրջանային զարգացում ապահովելու համար» նախագիծը, որի նպատակն է կառուցել տևական գործընկերություն իսպանական և հայկական բիզնեսի աջակցման կառույցների և ՓՄՁ-ների միջև՝ ուղղված Արմավիրի մարզում էնոտուրիզմի զարգացմանը:

Այս նպատակի իրականացման համար համագործակցում են Հայաստանից «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը և Իսպանիայից Վալլադոլիդի առևտրի, արդյունաբերության, ծառայությունների պալատը:

Ծրագրի իսպանացի գործընկերը միավորել է իրենց տարածաշրջանի լավագույն կազմակերպություններին, որոնք աշխատում են տեղի բիզնեսների հետ և զարգացնում են նրանց կարողությունները: Այս փորձը փոխանցվել է նաև հայաստանյան բիզնես զարգացման կառույցներին (BSO) ՝ վերջիններիս դերը ոլորտի զարցացման համար մեծացնելու նպատակով:

Ինչպես նշեցինք, Արմավիրի մարզում էնոտուրիզմի զարգացման համար կարևոր նշանակություն ունի տեղական բիզնեսների և աջակցման կառույցների ակտիվ աշխատանքը, ինքնակազմակերպումը: Այս նպատակով մեկնարկել են գինու տուրիզմի կլաստերի ստեղծման աշխատանքները, որոնցում արդեն իսկ ներգրավված են գինեգործարաններ, տուր օպերատորներ, խաղողագործներ, և այլ բիզնեսներ, որոնք հավակնում են դառնալ գինու տուրիզմի արժեշղթայի հատված:  

Ստեղծված կլաստերը իրականացնելու է ռազմավարական հայեցակարգի խթանում՝ էնոտուրիզմին առնչվող ծառայությունների/արտադրանքի համագործակցային ձևավորման, բիզնեսների հզորացման, գործընկերների ինստիտուցիոնալ և մարդկային կարողությունների զարգացման միջոցով։

Աշխատանքներում ակտիվ ներգրավված են նաև տեղական և պետական կառավարման մարմինները:

Կլաստերի արդյունավետ աշխատանքի, Արմավիրում գինու տուրիստական ուղղությունների  զարգացման և հանրահռչակման նպատակով ծրագրի շրջանակներում ստեղծվելու է նաև օնլայն պլատֆորմ:

Այս աշխատանքների համար օգոստոսի 13-ին Արմավիր քաղաքում կազմակերպվել էր «WINATHON» անվանումով հեքեթոն, որը համախմբել էր կլաստերի անդամներին, տեղական և պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներին, իհարկե նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ներկայացուցիչ երիտասարդներին:

Վերջիններս օրվա  առաջին կեսին հյուրերի օգնությամբ ծանոթացան ծրագրին, քննարկման միջոցով հասկացան, թե ոլորտի ներկայացուցիչներն ինչ ակնկալիքներ ունեն իրենցից և հատկապես ինչ հնարավորություններ պետք է  ունենա  ստեղծվելիք պլատֆորմը:

Օրվա երկրորդ կեսին կարճատև աշխատանքից հետո երիտասարդների երեք խումբ ներկայացրեց իրենց առաջարկը ժյուրիին, ով քննարկեց և նախապատվությունը տվեց այն թիմին, որն առավել լավ էր հասկացել առաջադրանքը, առավել հետաքրքրիր և նորարարական լուծումներ էր առաջարկել և որ կարևորն է՝ օրվա ընթացքում իրականացրել էին արդյունավետ թիմային աշխատանք:

Գինու տուրիզմի նորարական ռազմավարությունները՝ որպես երաշխիք երկրների միջև կապեր ստեղծելու և Հայաստանում տարածաշրջանային զարգացում ապահովելու համար» նախագիծը իրականացնում են երկու գործընկեր կազմակերպություններ՝  Հայաստանում «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կամակերպությունը և Իսպանիայում Վալլադոլիդի առևտրի, արդյունաբերության, ծառայությունների պալատը:

Նախագիծը հանդիսանում է «ԵՄ-ն բիզնեսի համար՝ կապեր ընկերությունների միջև» (EU4Business: Connecting Companies) ծրագրի մի մասը, որը կառավարվում է EUROCHAMBRES-ի կողմից և ֆինանսավորվում Եվրոպական Միության կողմից՝ ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության շրջանակում: