AGROգրագետ ամփոփում ենք մարդամեջյան ծրագիրը

«Ագրոգրագետ» ծրագիրն իրականացվում է Արմավիրի մարզի մի խումբ երիտասարդների կողմից, ովքեր 2020 թվականին մասնակցել էին ամենամյա «Մարդամեջ» սոցիալ – նորարարության ճամբարին, մշակել նորարարական գյուղատնտեսության զարգացման ծրագիր և շահել փոքրիկ դրամաշնորհ՝  դրա իրականացման համար:

Ծրագրի շրջանակներում Արմավիրի մարզից շուրջ 25 հոգի՝ գյուղատնտեսներ, ոլորտով հետաքրքրված երիտասարդներ, Արմավիր ինֆոտան ակտիվ կամավորներ, մասնակցեցին նորարարական գյուղատնտեսության վերաբերյալ թվով վեց դասընթացների՝ ծանոթանալով այս ոլորտի հնարավորություններին, աշխարհի և տեղական փորձին, հեռանկարներին:

Ծրագրի իրականացման ընթացքում գործարկվել է AGROգրագետ ֆեյսբուքյան էջը, որը նաև ծառայում է որպես տեղեկատվության տարածման հարթակ՝ ծրագրի և ոլորտի մասին:

Դասընթացներն անցկացվել են վեց թեմաներով:

«Հայգյուղ» սոցիալական ձեռնարկատիրության հիմնադիր, «Կանաչ Արահետ» ՀԿ-ի մարկետինգի խորհրդատու Ստելլա Սարուխանյանը մասնակիցների հետ հանդիպմանը խոսեց «Գյուղատնտեսական տուրիզմ և գյուղատնտեսության ապագան ՀՀ-ում» թեմայով: Նա ներկայացրեց Հայաստանում նորարարական գյուղատնտեսության հաջողված լավագույն փորձերը, բիզնեսների հաջողության գաղտնիքները, նոր գաղափարներ տվեց մասնակիցներին,որոնք կարող են ավանդական գյուղատնտեսությանը զուգահեռ կամ փոխարինելով իրականացնել: 

Եթե Արմավիրի մարզում քննարկվում է որևէ գյուղատնտեսական թեմա, ապա անհնար է չհյուրընկալել Հայաստանի միակ ագրո- էկո դպրոցի տնօրեն, ագրոնոմ և գյուղատնտեսության փորձագետ Գևորգ Մուքոյանին, ով ոչ միայն որպես դասընթացավար խոսեց գյուղատնտեսական բիզնեսի թեմայով, այլ նաև հյուրընկալեց «Ագրոգրագետ» ծրագրի մասնակիցներին Գետաշենի միջնակարգ դպրոց՝ ծանոթանալու այնտեղ իրականացվող գյուղատնտեսական կրթության մեթոդներին, աշակերտների մշակած այգուն և ջերմատանը:

Մասնակիցներն այնտեղ տեսան նորարար տեխնոլոգիայիով պատրաստված հորերը, որտեղ ստեղծված օրգանական հումուսը օգտագործվում է դպրոցի տարածքի բույսերը պարարտացնելու համար:

Պարոն Մուքոյանը կարծում է, որ որպես բիզնես գյուղատնտեսությունը Հայաստանում ամենաեկամտաբերներից է, միայն անհրաժեշտ է առաջինը պետական ճիշտ ռազմավարություն՝ ոլորտի զարգացման համար, և գյուղատնտեսների կողմից գրագետ մոտեցում։ 

Բարձրարժեք մշակաբույսերի, հողի որակի բարելավման, գյուղատնտեսական գործիքների կիրառման և այլ տեսանկյուններից Գետաշենի ագրոդպրոցը ունի նորարարական մոտեցումներ:

Գյուղատնտեսական խորհրդատվության Արմավիրի բաժնի ղեկավար Արզուման Տոնոյանը «Հողի որակի բարելավման ժամանակակից մեթոդները» թեմայով հանդիպման ժամանակ ներկայացրեց նաև բաժնի գործունեությունը, իրականացրած աշխատանքները, ծառայությունները:  

Պարոն Տոնոյանը նշում է, որ մինչ որոշելը, թե հողատարածքում ինչ պետք է մշակել, կարևոր է հողի որակի փորձաքննություն իրականացնել: Սա հնարավորություն է տալիս ճիշտ հասկանալ, թե տվյալ հողը որ տեսակի բույսերի աճի համար է օգտակար, և ապարդյուն ժամանակ ու ռեսուրսներ չծախսել: 

Հանդիպմանը հյուրընկալվեց նաև բաժնի աշխատակից Արթուր Գասպարյանը, ով խոսեց հիդրոպոնիկ եղանակով ստեղծվող ջերմատների մասին, որոնցում աճեցված բույսերի և՛ բերքատվությունն է առավել բարձր լինում, և՛ արժեքը:

Գյուղատնտեսների շրջանում մեծ հետաքրքրություն ու սեր վայելող «Բերքառատ Հայաստան» ֆեյսբուքյան խմբի հիմնադիր Հայկ Մելքոնյանը վերջին տարիներին է սկսել զբաղվել գյուղատնտեսությամբ:

Այժմ այդ խմբում 11 195 օգտատերեր ակտիվորեն քննարկում են գյուղատնտեսական խնդիրները, կիսվում սեփական փորով, հարցեր ուղղում՝ գյուղատնտեսության վերաբերյալ: Խմբի գործարկումը և գյուղատնտեսությամբ զբաղվելը Հայկին հնարավորություն են տվել ծանոթանալու ու տիրապետելու  Հայաստանում և աշխարհում առկա փորձին, որը նա կիսեց «Ագրոգրագետ» ծրագրի մասնակիցների հետ «Բարձրարժեք  մշակաբույսերի հայաստանյան շուկան» հանդիպման ժամանակ:

Այս հանդիպումներից ստացած գիտելիքները մասնակիցները ամփոփեցին գյուղատնտես, ագրոնոմ Վալոդյա Մնացականյանի հետ, ով խմբային աշխատանքի մեթոդով մասնակիցներին սովորեցրեց գյուղատնտեսության զարգացման ծրագիր մշակել և գյուղատնտեսությունն էլ ընկալել որպես բիզնես:

Խմբերից  յուրաքանչյուրը քննարկեց և ներկայացրեց հողատարածքում իրականացվող աշխատանքները, մոտավոր ներդրումները, իրացման պլանն ու ակնկալվող արդյունքները:

Թե պետական և թե միջազգային  շատ կառույցներն ունեն գյուղատնտեսության զարգացման ֆոնդեր, որոնք ճիշտ գրված ծրագիր-առաջարկի դեպքում աջակցում են գյուղատնտեսներին: Այս կառույցները, դիմումների ընթացակարգերը ներկայացրեց «Նոր Սեմյոնովկա» սոցիալական ձեռներեցության հիմնադիր, տնտեսական գիտությունների թեկնածու Կարապետ Թոմիկյանը, ով նաև ամփոփեց «Ագրոգրագետ» նորարարական գյուղատնտեսության զարգացման ծրագրի դասընթացների փուլը:

Ծրագիրը երիտասարդներից շատերին ոչ միայն ծանոթացրեց գյուղատնտեսության ոլորտի լավագույն փորձին, մեթոդներին, այլ նաև «Արմավիր ինֆոտանը» և «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությանը:

Ծրագրի որոշ մասնակիցներ դարձան ՀԿ-ի կամավոր՝  ներգրավվելով այլ ծրագրերում:

Արդեն իսկ գյուղատնտեսությամբ զբաղվողների համար հանդիպումները դարձան նաև ոլորտի լավագույն ներկայացուցիչներից մի քանիսի հետ ծանոթանալու առիթ և շարունակական խորհրդատվություն ստանալու հնարավորություն:  

«Ագրոգրագետ» ծրագրի երկրորդ  փուլը համայնքային նորարարական գյուղատնտեսության խորհրդատվական կենտրոնի ստեղծումն էր: Որպես առաջին գյուղ ընտրվեց Արմավիրի մարզի Շենիկ համայնքը, որը ունի մոտ 3742.2 հետկար գյուղատնտեսական նշանակության հողատարածք, բնակիչները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ:

Շենիկի համայնքապետարանը սիրով հյուրընկալեց ծրագիրը, և մշակույթի տան սենյակներից մեկը հատկացրեց ստեղծվող նորարարական գյուղատնտեսության խորհրդատվական կենտրոնի համար:

Կենտրոնի համար ծրագրով ձեռք է բերվել գրենական պարագաների փաթեթ,  մասնագիտական գրականություն, որը արդեն հասանելի է Շենիկի բնակիչներին:

Համայնքի բնակիչ գյուղատնտես, վնասատուների դեմ պայքարի գծով մասնագետ Մխիթար Մանուկյանը, ով նույնպես մասնակցել է ծրագրի դասընթացներին, կամավոր հիմունքներով գործարկելու է կենտրոնը՝ բնակիչներին տրամադրելով առկա գրականությունը, խորհրդատվություն և ուղղորդում:

Մայիսի 14-ին «Ագրոգրագետ» ծրագրի փակումը, մասնակցության հավաստագրերի հանձնումը և Շենիկի նորարարական գյուղատնտեսության խորհրդատվական կենտրոնի բացումը տեղի ունեցավ համայնքի մշակույթի տանը:

Հաջորդիվ Արմավիր ինֆոտունը աշխատելու է  Շենիկի բնակիչ երիտասարադների հետ՝ համայնքում կենտրոնի գործունեության մասին իրազեկում իրականացնելու, նորարարական գյուղատնտեսության գաղափարը տարածելու նպատակով:

——————————————————————

«Մարդամեջ» ՍՆՀ-ի նպատակն է նպաստել ՀՀ-ում տեղի ունեցող բարեփոխումների (սոցիալական, տեղական իշխանությունների հզորացման, թափանցիկության և հաշվետվողականության) գործընթացի մասին տեղեկատվության և հանրային մասնակցության բարձրացմանը, այնպիսի խնդիրների վերհանմանը, որոնց լուծումը հնարավոր կլինի տալ օնլայն կամ օֆլայն միջոցներով:

Սոցիալ նորարարության հավաքը մեկտեղ է բերում մարդկանց, գաղափարներ և թվային տեխնոլոգիաներ՝ առցանց սոցիալական նորարարություններ ստեղծելու համար:

«Մարդամեջ» ՍՆՀ իրականացվում է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:

Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար (ՄՔՏՄ) ծրագիրը հնգամյա գործըթաց է, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից:

Ծրագրի նպատակն է բարձրացնել Հայաստանի կառավարության քաղաքականությունների և նախատեսված բարեփոխումների մասին տեղեկատվության անկախ և հուսալի աղբյուրների մատչելիությունը քաղաքացիների համար՝ շեշտադրելով ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ ՀՀ-ում իրականացվող սոցիալական, տեղական իշխանությունների հզորացման, թափանցիկության և հաշվետվողականության ոլորտների բարեփոխումները։