Քննարկում Հանուն աշխատանքի հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն ծրագրի շրջանակներում

Սեպտեմբերի 22-ին «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունն իրականացրեց խմբային քննարկում՝ «Հանուն աշխատանքի.հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում։

Քննարկման թեմայի հիմնական շրջանակներն էին ավանդական զբաղվածությունը, արհմիությունների դերը աշխատանքային իրավունքների պաշտպանության գործում և գիգ տնտեսությունը։

Քննարկման մասնակիցներն առաջարկեցին մի քանի փոփոխություններ, որոնք կնպաստեն վերոնշյալ ոլորտների բարելավմանը։ Առաջարկները վերաբերում էին արտաժամյա աշխատանքի տարեկան 180 ժամ սահմանափակման վերանայմանը, նույն աշխատողի՝ միևնույն գործատուի մոտ և աշխատանքային իրավահարաբերություններ, և քաղիրավական պայմանագիր ունենալու հարցի հստակ կարգավորմանը, որոշակի ոլորտներում (այդ թվում՝ մշակութային) հանգստյան օրերի՝ գործունեությունից ելնելով աշխատանքային լինելու հարցը, աշխատաժամանակի տևողությունը կրճատելու իրավական հիմքեր ստեղծելը նախադպրոցական տարիքի երեխաների ծնողների համար, և այլն։ Գործատուների մոտ դժգոհությունները շատ էին հատկապես նախնական և պարտադիր բուժզննությունների կարգավորման հետ կապված։ Նախ, պարտադիր բուժզննության կազմակերպման համար ֆինանսական միջոցների նախնական տրամադրումը խնդրահարույց է, քանի որ երբեմն ապագա աշխատողը բուժզննությունն անցնելուց հետո չի ցանկանում պայմանագիր կնքել։ Առաջարկվում է իրավական կարգավորումը փոխել այնպես, որ ապագա աշխատողն ինքը վճարի, հետո աշխատանքի տեղավորվելուց ստանա փոխհատուցում, կամ աշխատանքի անցնելուց հետո անցնի բուժզննում։

Աշխատանքային իրավունքների պաշտպանության գործում արհմիությունների դերի մասին խոսելիս գործատուների ներկայացուցիչերը նշեցին, որ իրազեկվածությունը արհմիությունների գործունեության մասին ցածր է։ Հանդիպմանը ներկա գործատուները փաստեցին նաև, որ չունեն արհմիություն։  

Գիգ տնտեսության պարագայում հիմնական առաջարկներն առնչվում էին տնտեսության խնդիրների իրավահարաբերությունների կարգավորմանը։ Քանի որ հեռավար աշխատանք թույլատրվում է միայն պայմանավորված համավարակով, գործատուների շրջանում կան լուրջ մտահոգություններ, մասնավորապես՝ հեռավար աշխատանքի, տնաշխատանքի կամ հիբրիդային աշխատանքի, ֆրիլանս աշխատանքի, քովորքինգ աշխատողներ, աշխատանքի վայրի հստակ սահմանման վերաբերյալ։ Առաջարկ եղավ, որպեսզի ՀՀ աշխատանքային օրենսգրքով հնարավորություն տրվի հանելու աշխատանքի վայրի սահմանափակումը։

Հանդիպման ընթացքում հնչած կարծիքների և առաջարկների հավաքագրումը դառնալու է հիմք փաստաթղթերի մշակման՝ քաղաքականության բարելավման առաջարկություններով:

«Հանուն աշխատանքի.հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագիրն իրականացվում է 2021 թվականի փետրվարից ՏՀՏ գործատուների միության, Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ-ի և Կիրակի զարգացման հիմնադրամի համագործակցությամբ՝ ԵՄ համաֆինանսավորմամբ։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ տեսչության) հետ սերտ համագործակցությամբ և նպատակ ունի նպաստել Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանությանը՝ խթանելով տվյալների նորարարությունը և միջոլորտային համագործակցությունը։