Նոր ծրագիր գինու տուրիզմի զարգացման նպատակով

«Գինու զբոսաշրջությունը՝ գինեգործների և խաղողագործների եկամուտների դիվերսիֆիկացիայի և համայնքային զարգացմանը նպաստելու միջոց»

Հայաստանում «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը և Իսպանիայում Սանտյագո դե Կոմպոստելայի առևտրի, արդյունաբերության և ծառայությունների պալատը մեկնարկել են համատեղ իրականացվող նախագիծ՝ միտված ՀՀ Արմավիրի մարզում գինու տուրիզմի միջոցով տարածաշրջանային զարգացման ապահովմանը։  Նախագիծը ենթադրում է ուսումնական այցերի իրականացում, որոնք նպատակ ունեն․

Զարգացնել Եվրոպական միության և Արևելյան գործընկերության երկրների տեղական բիզնեսին աջակցող կազմակերպությունների ու ՓՄՁ-ների կարողությունները՝ խթանելով ԵՄ-ում առևտրային հարաբերությունների բարելավումն ու նոր շուկաներ բացահայտումը,

Բացահայտել բարձրորակ գինու արտադրության և նորարարական բաշխման և շուկայավարման ռազմավարություններ,

Իրականացնել հաջողված փորձի և գիտելիքների փոխանակում, գինու տուրիզմին հարակից ծառայությունների զարգացում, այդպիսով ստեղծելով նոր ստեղծագործական և կայուն աշխատատեղեր կամ բիզնեսներ, և ի վերջո՝

Երկարատև համագործակցության հասնել Հայաստանի և Իսպանիայի ՓՄՁ-ների և բիզնեսին աջակցող կազմակերպությունների միջև:

Նախագծի անմիջական շահառուներն են  Հայաստանի և Իսպանիայի բիզնեսին աջակցող 4 կազմակերպություններ և 12 ՓՄՁ-ներ, որոնք, ուսումնական այցերից բացի, կմասնակցեն նաև մասնագիտական աշխատաժողովների ու դասընթացների, կծանոթանան ուղեցույցների, կկիսվեն ոլորտում իրենց լավագույն փորձով և ձեռք կբերեն նոր հմտություններ ու կարողություններ։ Շահառուները կբացահայտեն, թե ինչպես կարելի է ստեղծել զբոսաշրջային նոր արտադրանք ու ավելացնել վաճառքները, և թե ինչպես կարելի է  օգտագործել զբոսաշրջիկների այցելությունները գինեգործարան՝ որպես արտահանումը խթանելու գործիք:

Նախագծի մեկնարկն արդեն տրվել է։ Առաջիկայում սպասվում է բացման միջոցառում, որտեղ շահառուները հնարավորություն կունենան առավել մանրակրկիտ ծանոթանալ նախագծին ու միմյանց և պատրաստվել գալիք գործողություններին։

Նախագիծը հանդիսանում է «ԵՄ-ն բիզնեսի համար՝ կապեր ընկերությունների միջև» (EU4Business: Connecting Companies) ծրագրի մի մասը, որը կառավարվում է EUROCHAMBRES-ի կողմից և ֆինանսավորվում Եվրոպական Միության կողմից՝ ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության շրջանակում: