Մամլո հաղորդագրություն․ Հանրային քննարկում «Մասնակցային բյուջետավորման մեթոդաբանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում

«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը Աշտարակի համայնքապետարանի հետ համագործակցությամբ «Մասնակցային բյուջետավորման մեթոդաբանությունը Հայաստանում» նախագծի շրջանակում ս․թ․ մարտի 1-ին Աշտարակ քաղաքում իրականացրեց հանրային մեծ քննարկում՝ ներգրավելով խոշորացված համայնքի վարչական շրջանների պաշտոնյաներին, համայնքի բնակիչներին, քաղաքացիական հասարակության և մեդիա ներկայացուցիչներին։ Հանրային քննարկման նպատակն էր նպաստել համայնքում իրականացվող մասնակցային բյուջետավորման գործընթացի արդյունավետ կազմակերպմանը և խթանել բնակիչների մասնակցությունը տեղական մակարդակում որոշումների կայացմանը։

Քննարկման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկան «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Նաիրա Առաքելյանը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ֆինանսական, հաշվապահական հաշվառման և համայնքային բյուջեների վարչության համայնքային բյուջեների բաժնի պետ  Լորիս Մուրադյանը և ՀՀ Ֆինանսների նախարարության բյուջետային գործընթացի վերլուծական մեթոդաբանության բաժնի պետի պաշտոնակատար Սվետա Հարոսյանը։ Վերջիններս ընդգծեցին մասնակցային բյուջետավորման գործընթացի դերը երկրում ժողովրդավարական արժեքների տարածման և բաց կառավարման համատեքստում։

Այնուհետև ծրագրի փորձագետ Անի Թովմասյանը ներկաներին հակիրճ ներկայացրեց համայնքներում մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ 2024 թ. պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման նոր մոդելը, որն այս պահին, որպես պիլոտային ծրագիր, կիրարկվում է ՀՀ 4 համայնքում, ներառյալ Աշտարակում։ Փորձագետի խոսքից հետո Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Սամվել Սահակյանը խոսեց համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթացի մանրամասներից և ամփոփեց ծրագրի շրջանակում բնակիչների և նախաձեռնող խմբերի կողմից համայնքապետարանին ներկայացված ծրագրային առաջարկները՝ բնակիչներին հորդորելով լինել հնարավորինս ակտիվ և նպաստել ծրագրերի իրականացմանը։

Միջոցառման վերջին հատվածում սեղանների շուրջ տեղի ունեցավ ֆասիլիտացված քննարկում, որի ընթացքում մասնակիցները հայտնեցին իրենց առաջարկները համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթացի արդյունավետ կազմակերպման, ինչպես նաև ներկայացված ծրագրերի իրականացման առնչությամբ։

Մասնակիցների կողմից հնչած հիմնական առաջարկները՝ որպես միջոցառման ամփոփում, բարձրաձայնվեցին ծրագրի փորձագետի կողմից, իսկ մասնակիցներին առաջարկվեց տեղում քվեարկել իրենց նախընտրած ծրագրային առաջարկների օգտին՝ ապահովելով իրենց անմիջական մասնակցությունը համայնքում որոշումների կայացման գործընթացին։

Հավելյալ տեղեկությունների և ծրագրային մանրամասների համար կարող եք դիմել ծրագրի թիմին [email protected] էլեկտրոնային հասցեով։

«Մասնակցային բյուջետավորման մեթոդաբանությունը Հայաստանում» ծրագիրն իրականացվում է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) «Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագրի շրջանակներում։

ԱՄՆ ՄԶԳ ԳՔՀ հնգամյա ծրագիրն իրականացվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլի կողմից՝ Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ։