«Հանուն կրթության․ եզդի կանանց և աղջիկների կրթական իրավունքի խթանում»

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն իրականացնում է «Հանուն կրթության. եզդի կանանց ու աղջիկների կրթական իրավունքի խթանում» ծրագիրը, որի հիմնարար նպատակն է կանխել խտրականությունը Հայաստանի եզդի փոքրամասնության խոցելի խումբ կազմող աղջիկների և կանանց նկատմամբ՝ խթանելով նրանց՝ կրթության իրավունքի իրացումը, ամրապնդելով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը:

Ծրագրի խնդիրներն են. 

-բարձրացնել եզդի աղջիկների և նրանց ծնողների իրազեկությունը կրթության և ուսման կարևորության վերաբերյալ, ինչպես նաև խթանել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները,

-իրականացնել կարողությունների զարգացում և պարզեցնել տեղական իշխանությունների, սոցիալական աշխատողների, դպրոցների ղեկավարության և ուսուցիչների համագործակցությունը՝ ապահովելու եզդի աղջիկների կրթության հասանելիությունը, կանխելու նրանց հանդեպ խտրականության և իրավունքների խախտման հետագա դեպքերը,

-զարգացնել ուսուցիչների կարողությունները բոլորի համար ներառական և որակյալ կրթություն ապահովելու համար:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում են կլոր սեղան-քննարկումներ, համայնքային հանիպումներ, ուսուցիչների վերապատրաստումներ և խնդրի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման մեծածավալ արշավ՝ տպագրական նյութերի և սոցիալական հարթակում մեդիա-նյութերի տեղադրման ու տարածման միջոցով: Ծրագրային գործողություններին ներգրավված են լինելու ինչպես եզդի ազգի ներկայացուցիչներ՝ աշակերտներ, ծնողներ, այնպես էլ համայնքների, դպրոցների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, տեղական իշխանություններ և այլ շահագրգիռ կողմեր:

Ծրագրի շահառուներն են Արմավիրի մարզի 5 գյուղական համայնքների՝ Ակնալճի, Արտաշարի, Զարթոնքի, Նալբանդյանի և Նոր Արտագերսի եզդի ազգի ներկայացուցիչները՝ 13-16 տարեկան աղջիկներ, ծնողներ, ինչպես նաև դպրոցների ուսուցիչներ: 

«Հանուն կրթության. եզդի կանանց ու աղջիկների կրթական իրավունքի խթանում» ծրագիրն իրականացվում է «Արդարադատության մատչելիության խթանում Արեւելյան գործընկերության երկրներում խտրականության, ատելության հանցագործությունների եւ ատելության խոսքի զոհերի համար` արտադատական կարգով փոխհատուցման մեխանիզմների միջոցով» տարածաշրջանային ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Գործընկերություն հանուն լավ կառավարման II-ի շրջանակներում և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից: