Համաճարակի և պատերազմի հետևանքներից տուժած 55 անձ մասնակցեց մասնագիտական դասընթացների ու աշկերտության

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

            «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և «Մարդը կարիքի մեջ»  հասարակական կազմակերպության կողմից իրականացվող  «ԵՄ Քովիդ-19  հետևանքների չեզոքացման աջակցության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար» ծրագրի շրջանակներում իրականացրեց «Միջոլորտային համագործակցություն ներառական տնտեսական հզորացման համար» ծրագիրը։

            Ծրագրի շրջանակներում Քովիդ-19 համաճարակից առավել տուժած խոցելի խմբերի (հաշմանդամություն ունեցող անձինք, հաշմանդամություն ունեցող երեխայի ծնողներ, Ղարաբաղից տեղահանվածներ, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ և այլն) 40 ներկայացուցիչներ մասնակցեցին Արմավիրի պետական ինդուստրիալ մանկավարժական քոլեջի լիցենզավորված կարճաժամկետ  մասնագիտական ​​կրթական դասընթացներին՝ ձեռք բերելով խոհարարի, համակարգչային օպերատրի, հաշվետարի և դերձակի մասնագիտություններ։

             Ծրագրի 40 շահառուներից արդեն 13-ն ընդունվել է աշխատանքի, որոնց մի մասը գործատուի մոտ, մյուսները ծավալում են իրենց ուրույն բիզնես գործունեությունը, իսկ 3 շահառու շարունակում է կրթությունը միջին մասնագիտական կրթական հաստատություններում։

            Ծրագրի արդյունքում մարդկային և ֆինանսական աջակցություն տրամադրվեց համավարակից առավել տուժած 15 փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ)՝ վերականգնելու համաճարակի հետևանքները՝ նաև հնարավորություն տալով թիրախային 15 շահառուների ձեռք բերելու գործնական հմտություններ` տվյալ բիզնեսներում կազմակերպված աշկերտության միջոցով:

            Նրանցից 3-ն աշխատանքի են անցել այն բիզնես կազմակերպություններում, որտեղ անցնում էին պրակտիկա, իսկ բոլոր շահառուները, ովքեր փնտրում են աշխատանք, գրանցված են Արմավիրի զբաղվածության տարածքային կենտրոնում։           

           Ապրիլի 14-ին ք․ Արմավիրում տեղի ունեցավ ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որին ներկա էին «Մարդը կարքիքի մեջ» կազմակերպության աշխատակիցները, Արմավիրի մարզպետարանի և համայնքապետարանի ներկայացուցիչները, Արմավիրի պետական ինդուստրիալ մանկավարժական քոլեջի անձնակազմը, կարճաժամկետ դասընթացի ուսանողները, պրակտիկանտներն ու բիզնես ներկայացուցիչները։

            Միջոցառման ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալու մասնագիտական կրթական դասընթացների ուսանողների աշխատանքների ցուցադրությանը և փոքր ու միջին ձեռնարկություններում պրակտիկա անցածների հաջողություններին։

            Ծրագրի համակարգող Անի Թովմասյանը բարձր է գնահատում ծրագրի շրջանակում ծավալված բազմաշահագրգիռ համագործակցությունը, որը հնարավորություն տվեց միաժամանակ ու հասցեական աջակցություն ցուցաբերել Քովիդ-19-ից տուժած խոցելի մի քանի խմբերի՝ կարևորելով տրված աջակցության կայունությունն ու շարունակականությունը։

           ________________________________________________________________________________________________________________

Ծրագիրն իրականացվում է «ԵՄ COVID-19  ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ» դրամաշնորհի շրջանակներում՝ People in Need Հայաստանի կողմից՝ Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ։