Հակամարտության գոտում ապրող կանանց դերն ու կարիքները

Քննարկում և խորհրդատվություն Լեռնային Ղարաբաղի 4 համայնքում

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն՝ Կովկասի ինստիտուտի հետ համատեղ, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի և ԻՆԹՐԱ հոգեկան առողջության կենտրոնի հետ համագործակցությամբ «Լեռնային Ղարաբաղում հասարակության ներգրավվածության կարողությունների բարձրացում» ծրագրի շրջանակներում հունիս ամսին կանանց կարիքների գնահատում էր իրականացրել Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) 4՝ Ասկերան, Մարտակերտ, Տող և Գիշի համայնքներում։

Իրականացված հետազոտության հիման վրա մշակվել է ԼՂ հակամարտության գոտում ապրող կանանց դերի և կարիքների գնահատման զեկույց, որտեղ ներառված են կանանց սոցիալ-տնտեսական, հոգեկան և ֆիզիկական առողջության վերականգնման և աջակցության, կանանց ներուժի զարգացման և խաղաղարար բանակցային գործընթացներում մասնակցության խթանմանն ուղղված առաջարկություններ։

Օգոստոսի 27-ին Ասկերանում, 28-ին Տող և Գիշի համայնքներում, իսկ 29-ին Մարտակերտում տեղի ունեցան քննարկումներ հակամարտությունների գոտում ապրող կանանց դերի ու կարիքների շուրջ, որոնց ընթացքում մասնկիցներն ավելի մանրամասնեցին զեկույցում արդեն իսկ տեղ գտած առաջարկները, համալրեցին դրանք նորերով ու անհրաժեշտ խորհրդատվություն ստացան յուրաքանյուր առաջարկի հետ կապված։Օրինակ, երբ քննարկվում էր ընտանեկան բռնությունների դեպքերի պարագայում ոստիկանությանը դիմելու մշակույթի ձևավորման առաջարկությունը, մասնակիցները հանդես եկան նոր առաջարկով, որ պետք է ստեղծվի մի անկախ կենտրոն, որտեղ բռնության ենթարկված կանայք կստանան ինչպես հոգեբանական, այնպես էլ իրավաբանական օգնություն ու կենտրոնն ինքը կաշխատի ոստիկանության հետ, քանի որ չեն պատկերացնում, թե քանի կին նման դեպքերում կդիմի անմիջապես ոստիկանություն՝ հաշվի առնելով նաև ԼՂ-ի փոքրաթիվ բնակչությունն ու մարդկանց միմյանց ճանաչելու գործոնները։

Քննարկված բոլոր առաջարկություններն ամբողջացվեցին, որ ներկայացվեն առաջիկայում կայանալիք Միջկառավարական հանձնաժողովի քննարկմանը, որպեսզի առավելագույնս արտացոլվեն Գործողությունների ազգային ծրագրում, որը պատրաստվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի կյանքի կոչման համար։


Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ: