Ծանոթություն լրագրության աշխարհին․ մեկնարկեց Մեդիա մարդ լրագրության երկրորդ դպրոցը

«Լրագրությունը տեղեկություն ստանալն է ամեն տեսակի իրադարձություններից․ մանրամասնել, եզրակացնել, կարծիքներ կազմել շրջակա  միջավայրի մասին։ Այն օգնում է զարգացնել միտքը և այլն։ Նրա գլխավոր նպատակն է տեղեկություններ հաղորդել շրջակա աշխարհին, տեղյակ պահել մարդկանց։ 21-րդ  դարի ամենապահանջված և կարևոր մասնագիտություններից  է»․ այսպես  է պատկերացնում լրագրությունը Արմավիր ինֆոտան «Մեդիա մարդ» լրագրության երկրորդ  դպրոցի մասնակիցներից Վերոնիկան։

Այսօր՝  հունվարի 15-ին Արմավիրի զարգացման կենտրոնում  լրագրության դպրոցի առաջին դասընթացն էր։

Մասնակցում էին ոլորտով հետաքրքրված երիտասարդներ Արմավիրի մարզից։

Առաջին հանդիպումը նվիրված էր ծանոթություններին՝  միմյանց , ոլորտին, հետագա  անելիքներին։ Դասընթացը վարում էր «Արմավիր ինֆոտուն» ծրագրի համակարգող  Լիլիթ Գրիգորյանը, ում խոսքերով հետագա աշխատանքների ընթացքում կարևոր է մասնակիցների ստաղծագործական  ազատությունը, ծանոթ  լինել այլ հեղինակներին և ստեղծել սեփականը՝  առանց  բարդույթների։

Մասնակիցները խոսեցին լրագրության մասին իրենց  պատկերացումներից։ Հիմնականում ընդգծեցին մասնագիտության կարևորությունը հանրությանը  տեղեկատվություն տրամադրելու համար, դժվարությունները, որոնք  առաջ  են գալիս  մասնագիտական գործունեության ժամանակ։ Մասնակիցները նաև մեծ հետաքրքրություն էին տեսնում այս  մասնագիտության մեջ, քանի որ այն կարող  է  առնչվել բոլոր  ոլորտներին և մարդուն հնարավորություն է  տալիս  բավարարել իր  հետաքրքրությունները։

Դասընթացավարը ծանոթացրեց  նաև մեդիայի տեսակներին, որոնց  հետ հետագայում առնչվելու են մասնակիցները։

Հանդիպման ավարտին մասնակիցները  ստացան հանձնարարություն պատրաստելու փոքրիկ տեսանյութ, ձայնային նյութ և մի քանի  լուսանկարներ։