Խտրականությունը զբաղվածության ոլորտում գենդերի, տարիքի և հաշմանդամության գործոնների հիման վրա

«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը, ներգրավված
լինելով Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանության և դրանց ոտնահարման
դեմ պայքարում, ինչպես նաև հանդիսանալով հաշմանդամություն ունեցող անձանց
հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպություն, նախաձեռնել և իրականացրել է
զբաղվածության ոլորտում խտրականության ուսումնասիրություն՝ հիմնված գենդերի,
հաշմանդամության և տարիքի գործոնների վրա «Համագործակցություն հանուն սոցիալներառական և գենդերային զբաղվածության քաղաքականության» ծրագրի շրջանակներում:
Այն ֆինանսավորվում է Արևելյան Գործընկերության/ԱԼԳ Քաղաքացիական
հասարակության ֆորումի կողմից՝ համագործակցելով ուկրաինական և վրացական
տեղական հասարակական կազմակերպությունների հետ։
Ծրագրի նպատակն է նպաստել զբաղվածության ոլորտում հավասարության
հաստատմանը և նվազեցնել խտրականությունը գենդերի, տարիքի և հաշմանդամության
գործոնների հիման վրա՝ ապահովելով քաղաքացիական հասարակության կառույցների
մասնակցությունը կառավարության հետ երկխոսության մեխանիզմների հզորացման
գործընթացներում։
Սույն ուսումնասիրության նպատակն է պարզել զբաղվածության ոլորտում դրսևորվող
խտրականությունը՝ պայմանավորված աշխատողների սեռով, տարիքով և
հաշմանդամության կարգով, պարզել դրանց շարժառիթները, որոշել զբաղվածության
ոլորտում անհավասար վերաբերմունքի չափերն ու տարածվածությունը, դրսևորման
հիմնական ձևերը, ինչպես նաև թիրախ խմբի՝ խտրականության ենթարկվելու
ընկալումները: