Խթանելով ԲԿԳ հանձառությունների ու դրանց իրականացման ընթացքի մասին հանրային իրազեկվածությունը

Արմավիրի զարգացման կենտրոն հասարակական կազմակերպությունը,  ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում, իրականացնում է «Բաց կառավարման գործընկերության մասնակցային (ԲԿԳ) մոդել» ծրագիրը, որի նպատակն է նպաստել քաղաքացիական հասարակության մասնակցության զարգացմանն ու ապահովել քաղաքական երկխոսություն` ի նպաստ ԲԿԳ պարտավորությունների բարելավման, կառավարության թափանցիկությանը և հաշվետվողականության:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում են 11 հանրային լսում/թաուն հոլ ՀՀ բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում: Հանրային լսումների նպատակն է քննարկել ՀՀ ԲԿԳ 4-րդ գործողությունների ծրագրի (2018-2020թթ.) թիրախավորված 6 հանձնառությունների իրականացման ընթացքը, իրականացված աշխատանքների վերաբերյալ քաղաքացիների կարծիքները, հավաքագրել դրանց շուրջ նրանց դիրքորոշումներն ու հետադարձ կապը՝ ծառայությունների հետագա հնարավոր կատարելագործման ու զարգացման համար։

Թաուն հոլերն իրականացվելու են հետևյալ 6 հանձնառությունների շուրջ.

  • «Համայնքային կայքերի արդիականացում. տեղական մակարդակում հրապարակայնության, թափանցիկության և մասնակցայնության ամրապնդում»
  • «Կրթության կառավարման տեղեկատվական միասնական համակարգ»
  • «Բաց առողջապահություն. պետական պատվերի շրջանակում բուժման և ախտորոշման նպատակով առցանց հերթագրում»
  • ՀՀ պետական բյուջեից դրամաշնորհների հատկացման թափանցիկության և հաշ­վետվողականության ապահովում
  • Ջրային ռեսուրսների միասնական տեղեկատվական համակարգի հասանելիություն
  • Հողային կադաստրի հանրային հասանելիության արդիականացում

Հանդիպումները ենթադրում են բաց և մասնակցային քննարկման ձևաչափ, որի ընթացքում յուրաքանչյուր մասնակից հնարավորություն է ունենում ներկայացված ոլորտային բարեփոխումների իրականացման վերաբերյալ առաջարկներ ներկայացնել, գաղափարներ փոխանակել:

Նշենք, որ արդեն իրականացվել են վեց հանրային լսումներ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արմավիրի, Արագածոտնի և Արարատի մարզերում՝ Առողջապահության, Կրթության, Տեղական ինքնակառավարման և Ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներին առնչվող հանձնառությունների շուրջ։

Հանդիպումներն անցնում էին բուռն քննարկումների մթնոլորտում, քանի որ ոլորտային կարևոր ու առանցքային փոփոխությունների մասին է խոսքը, իսկ ինչպես ցանկացած փոփոխություն, այնպես էլ սրանք որոշ չափող ընդդիմության է հանդիպում հանրության կողմից՝ նորություն լինելու և իրականացված փոփոխություններն ավարտին հասցնելու ճանապարհին դեռ առկա բացթողումների ու անելիքների պատճառով։

Առողջապահության ոլորտում ներդրված Բաց առողջապահություն. պետական պատվերի շրջանակում բուժման և ախտորոշման նպատակով առցանց հերթագրման համակարգը Հայաստանում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց (օրինակ, խոցելի սոցիալական խմբերը և որոշ հիվանդություններ ունեցողները) հնարավորություն է տալիս առցանց հերթագրվելու ու ընտրելու անհրաժեշտ ծառայությունը մատուցող բժշկական կազմակերպությանը։ Այս համակարգի ներդրումը հնարավորություն է տվել քաղաքացիներին խուսափել հերթագրման հետ կապված բոլոր քաշքշուկներից, ֆիզիկապես մի տեղից մյուսը գնալու, ժամանակ վատնելու ու սպասելու անհրաժեշտությունից, կոռուպցիոն ռիսկերից՝ հերթը արհեստականորեն խախտելու մեխանիզմով։ Այս համակարգը (www.armed.am) ներառում է նաև հետադարձ կապի հնարավորություն՝ օգտագործողների կողմից առկա խնդիրները բարձրաձայնելու համար, որպեսզի որոշումներ կայացնողները ստացած արձագանքների հիման վրա կարողանան նպատակային լուծումներ կիրառել:

Կրթության կառավարման տեղեկատվական միասնական համակարգի ներդրումը թույլ է տալիս դպրոցական և նախադպրոցական տարիքի երեխաների հերթագրումը կրթական հաստատություններ իրականացնել առցանց եղանակով, որն իր առջև խնդիր է դրել կրթական հաստատությունների գերբեռնվածության ու թերբեռնվածության խնդիրը կարգավորել։ Համակարգի ներդրումը՝ մասնավորապես անցյալ տարվա դպրոց հաճախող 1-ին դասարանցիների առցանց հերթագրումը, բավականին դժգոհությունների առիթ է հանդիսացել։ Պատճառը բնակելի տարածքին մոտ դպրոցներում երեխային գրանցել չկարողանալու հանգամանքն է (տեղերը սպառված են եղել), որի արդյունքում ծնողները ստիպված են եղել երեխաներին ավելի հեռու դպրոցներ տանել։ Նրանք առաջարկում էին առաջնահերթության չափորոշիչներում ներառել նաև աշխարհագրական մոտիկությունը, որը սակայն դեռևս չի ընդգրկվելու։

Համակարգի ներդրումը հնարավորություն է տվել նաև նախադպրոցական տարիքի երեխաների ծնողներին առցանց հերթագրվելու և խուսափելու հերթում երկար սպասելու և հաստատություն բազմաթիվ փաստաթղթեր ներկայացնելու խնդրից։ Այս պրակտիկան կարող է նվազեցնել ընդունելության ոչ ֆորմալ և կոռուպցիոն մեխանիզմների օգտագործման հնարավորությունը, քանի որ համակարգն ավտոմատ կերպով կգրանցի երեխաներին՝ ըստ դիմելու հերթականության: Ընդունելության հավասար հնարավորությունների ապահովման հետ մեկտեղ՝ համակարգը թույլ կտա բացառել միևնույն երեխայի կրկնակի գրանցումը մի քանի հաստատություններում:

Համայնքային կայքերի արդիականացման հանձնառությունը ենթադրում է, որ 3000-ից ավելի բնակչություն ունեցող համայնքները, ըստ օրենքի, պետք է ունենան պաշտոնական կայք, որտեղ, համաձայն սահմանված ցանկի, առկա պետք է լինեն մի շարք ներբեռնվող փաստաթղթեր: Այս ցանկը ներառում է համայնքի ղեկավարի և ավագանու կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերը, ինչպես նաև այլ փաստաթղթեր, ինչպիսիք են համայնքային զարգացման ծրագիրը և ծրագրի կատարման հաշվետվությունները, համայնքային բյուջեն և բյուջեի կատարողականի  հաշվետվությունները:

Համակարգը նաև հնարավորություն է տալիս առցանց հարցումներ ներկայացնել և տեղեկություններ գտնել հողատարածքի և շինության սեփականության մասին։ Բացի այդ, համայնքի բնակիչները կարող են անհատական դիմումի միջոցով հաշվարկել իրենց հարկերը և տուրքերը։ Բոլոր այցելուները կարող են կարծիք ներկայացնել կայքում տեղադրված ցանկացած տեղեկության վերաբերյալ:

Չնայած որ հանձնառությունը նպատակ ունի ընդլայնելու համայնքների կողմից տրամադրվող և հանրությանը հասանելի տեղեկությունների շրջանակը, այնուամենայնիվ, ինչպես ոլորտային մյուս հանձնառությունների, այս դեպքում ևս տեղեկացվածության մեծ բաց կա։ Եթե անգամ մարդիկ տեղյակ են, որ իրենց համայնքը կայք ունի, ապա տեղեկացվածությունը, թե ինչպիսի ծառայություններ կարող են կայքի միջոցով ստանալ, որ շատ ծառայությունների համար կարող են համայնքապետարան չգնալ, այլ առցանց դիմել, ստանալ, այնումենայնիվ, կամ չիմացության, կամ նախընտրության արդյունքում ավելի քիչ են կայքից օգտվում։

Ջրային ռեսուրսների միասնական տեղեկատվական համակարգի (www.wrma.am) ստեղծումն ու գործարկումը շատ կարևոր փոփոխություն է համարվում, որը թույլ կտա բարձրացնել ջրի, ստորերկրյա ջրերի օգտագործման արդյունավետությունը, ստուգել ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման օրինականությունը ու այսպիսով նպաստել ջրային ռեսուրսների կառավարման թափանցիկությանը:

Համակարգը գրեթե պատրաստ է, բայց ներքին օգտագործման համար է այս պահին հասանելի, քաղաքացիները համակարգից օգտվել դեռևս չեն կարող, բայց հետաքրքրությունն ու ոգևորությունը մեծ էր, երբ իմացան համակարգի գոյության մասին։

Հետագայում պլանավորում է նաև օգտվողներին հնարավորություն տալ ջրօգտագործման թույլտվության առցանց դիմում ներկայացնել հարթակում՝ քարտեզի վրա համապատասխան վայրը գտնելու միջոցով:

——————————————————————————————————————————————

Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: