Իջևան և Վարդենիս համայնքներում կխթանվի կանանց մասնակցությունը պաշտպանության համակարգում

26.01.2024, Երևան – Այսօր ներկայացվեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) Կանայք, խաղաղություն և անվտանգություն N 1325 բանաձևի իրականացման Իջևան և Վարդենիս համայնքների 2023-2024 թվականների Տեղական գործողությունների ծրագիրն ու ժամանակացույցը։

Միջոցառումը կազմակերպել էր «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն` ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ՝ «Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտ»-ի կողմից տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում։

ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևի Գործողությունների ազգային ծրագրի հիման վրա Հայաստանում առաջին անգամ մշակվել են տեղայնացված գործողությունների ծրագիր և ժամանակացույց երկու՝ Իջևան և Վարդենիս համայնքների համար։ Ծրագրերը ներկայացնում են ճգնաժամային իրավիճակում հայտնված կանանց և աղջիկների խնդիրները՝ անդրադառնալով դրանց անվտանգային բաղադրիչին։ Ծրագրերում մատնանշվում են բռնի տեղահանված կանանց խնդիրները և նոր սահմանային իրավիճակի արդյունքում ստեղծված անվտանգային մարտահրավերներն ու դրանց ազդեցությունը կանանց և աղջիկների վրա։ Կարևորվում է կանանց մասնակցությունը պաշտպանության համակարգում, ընդգծվում է Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ներգրավման անհրաժեշտությունը՝ տեղերում ապահովելու համար ծրագրերի դրույթների արդյունավետ իրականացումը։

Ծրագրերը մշակվել են մասնակցային սկզբունքով՝ համայնքներում իրականացված հետազոտությունների արդյունքների հիման վրա։ Ծրագրերը վավերացվել և որպես ռազմավարական ուղղություններ են ամրագրվել  Իջևան և Վարդենիս համայնքների ՏԻՄ-երի կողմից՝ ավագանու որոշմամբ։

Ծրագրերի դրույթների իրականացման գործընթացը ևս մեկնարկել է․ տեղական ծրագրերի «Պաշտպանություն» ենթաբաժնի՝ որպես ամենակարևոր միջոցառում առանձնացված թաքստոցների բարեկարգումն ու կահավորումը երկու համայնքներում էլ ընթացքի մեջ է, որը ևս իրականացվում է սույն ծրագրի շրջանակում։

Միջոցառման ավարտին Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ-ի և Վարդենիս ու Իջևան  համայնքների միջև ստորագրվեց նաև շարունակական ու արդյունավետ համագործակցության մասին հուշագիր։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի վերաբերյալ տեղայնացված գործողությունների ծրագիրը և ժամանակացույցը մշակվել է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի կողմից՝  2022-2023թթ-ին իրականացված «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի հանրայնացման բարձրացում` միջոլորտային գործընկերության և համայնքային ներգրավվածության միջոցով ծրագրի շրջանակներում։ Ծրագրի հիմնականնպատակն էր նպաստել«Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի հանրայնացմանը նաև մարզային մակարդակում։