ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

Հետազոտության շրջանակներում իրականացվել է ՀՀ Արմավիրի և ՀՀ
Արարատի մարզերում գործող սոցիալական ծառայություններ մատուցող
տարածքային մարմինների այդ թվում նաև ՀՍԾՏԿ-ների, Խնամակալության և
հոգաբարձության մարմինների և կից հանձնաժողովների, տարածքային
մակարդակում գործող աջակցող ցանցերի և միջգերատեսչական սոցիալական
համագործակցությամբ նախատեսված աշխատանքների հետազոտում պարզելու
առկա բացթողումներն ու խնդիրները: Միաժամանակ երկու մարզերի
մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների
պաշտպանության բաժինների աշխատողների շրջանում իրականացվել են
հարցումներ: Հավաքագրված տեղեկատվության հիման վրա փորձագետի կողմից
մշակվել է առաջարկությունների փաթեթ՝ ուղղված վերոնշյալ կառույցների
գործունեության և համագործակցության բարելավմանը, սոցիալական աշխատանքի
բաղադրիչի ներառմանն ու կարևորմանը:


Հաշվի առնելով ուսումնասիրվող առարկայի բազմազանությունը
ուսումնասիրվել են սոցիալական պաշտպանության համակարգին առնչվող
իրավաօրենսդրական դաշտը, 2015 թվականին ընդունված ՀՀ սահմանադրությամբ
նախատեսված իրավաօրենսդրական փոփոխություններ ընդգրկող և շրջանառվող
նախագծերը, անհատ փորձագետների կամ կազմակերպությունների կողմից
իրականացված հետազոտությունները, մամուլում տեղ գտած հրապարակումներ,
գիտական հոդվածներ և գրականություն:


Հետազոտության առանցքում երեխաների իրավունքների պաշտպանության
հիմնախնդիրներն են, որոնք մշտապես ընդգրկում են սոցիալական
պաշտպանության համակարգի ամենազգայուն կողմերը: Անկախ այն հանգամանքից,
որ հետազոտության դաշտային աշխատանքների համար ընտրվել են ՀՀ Արմավիրի և
ՀՀ Արարատի մարզերը, ուսումանսիրվող առարկան առավել գլոբալ դաշտ է
ընդգրկում քան համայքնային մակարդակը։

Միաժամանակ հետազոտության շրջանակներում փորձ է արվել գտնել այն
օպտիմալ տարբերակները, որոնք հնարավորություն կընձեռեն շտկելու առկա
իրավիճակը և նպաստել, որ Խնամակալության և հոգաբարձության մարմինները
բարձրացնեն իրենց գործունեության արդյունավետության մակարդակը:
Հետազոտությունը ձևավորում է մտքերի, կարծիքների և առաջարկությունների
բանավեճային բաց հարթակ, որը կարող է գլոբալ առումով ծառայել իբրև երեխաների
իրավունքների պաշտպանության, ընտանիքներին մատուցվող սոցիալական
ծառայությունների բարելավման գործիք: