Էներգախնայողության վերաբերյալ տեղեկատվական հանդիպումներ Ազատավան համայնքում

Ապրիլի 17-ին և 18-ին Ազատավան համայնքի համայնքապետարանում և բուժամբուլատորիայում տեղի ունեցան տեղեկատվական հանդիպումներ «Էներգախնայող բնակիչ, էներգաարդյունավետ համայնք» ծրագրի շրջանակներում: Հանդիպումների նպատակն էր բարձրացնել բնակիչների, համայնքապետարանի և բուժամբուլատորիայի աշխատակիցների իրազեկվածության մակարդակը էներգախնայողության ոլորտում։

Հանդիպումներն անցան բավականին բուռն քննարկումներով։ Բնակիչները, հետաքրքված լինելով ոլորտով, փորձագետի հետ քննարկումների ժամանակ ստացան խորհուրդներ էներգախնայողության տեսակների, կենցաղում դրանք օգտագործելու  մասին։ Ներկայացվեցին առկա էներգախնայող միջոցները և դրանց կարևորությունը, քննարկվեցին մի շարք գործողություններ, որոնց կիրառման միջոցով բնակիչները կդառնան ավելի էներգախնայող, օգուտ կտան և՛ մեզ, և՛ իրենց, և՛ շրջակա միջավայրին։

Բնակիչների կողմից բարձրացվեցին նաև իրենց համայնքում առկա էներգախնայողության մի շարք խնդիրներ՝ համայնքապետարանի, դպրոցի, բուժամբուլատորիայի և մանկապարտեզի շենքերի էներգախնայողության, էներգիայի կորուստների վերացման հարցերը։ Չունենալով լավ վերանորոգված շենքեր, նրանց համար առաջնային խնդիր է էներգախնայողության ապահովումը, որոնց արդյունքում կրում են մեծ ֆինանսական կորուստներ։ Ուսումնասիրվեցին խնդիրները և առաջարկվեցին տարբեր լուծումներ։

 Այսուհետ Ազատավանի համայնքի բնակիչները համայնքապետարանի տեղեկատվական վահանակի վրա կարող են գտնել էներգախնայողության վերաբերյալ պաստառները։

Էներգախնայողությունը կենցաղում կիրառելի դարձնելու համար անիրագործելի ջանքեր չեն պահանջվում։ Պետք է միայն ցանկություն ունենալ փոխել մեր էներգիայի օգտագործման սովորությունները:

Եղե՛ք իրազեկ, ապրե՛ք էներգախնայող միջավայրում, խնայեք ձեր գումարն ու միջավայրը։


«Էնեգախնայող բնակիչ, էներգաարդյունավետ համայնք» ծրագիրն իրականացվում է «Ազգային սոցիալական բնակարանային ասոցացիա» (ԱՍԲԱ) հիմնադրամի «ԵՄ–ն քաղաքացիական հասարակությանը. Էներգաարդյունավետությունը Հայաստանի համայնքներում» ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակներում։