Զբաղվածության խնդիրը Արմավիրի երիտասարդների շրջանում

Հայաստանի Հանրապետությունում երիտասարդների կարևորագույն հիմնախնդիրներից է զբաղվածության և աշխատաշուկայում ինքնաիրացման խնդիրը, ինչը ցայսօր մնում է ոչ միայն անհատների, այլ նաև պետական և հասարակական կառույցների ուշադրության կետրոնում։ Ըստ «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության «Հայաստանում աշխատաշուկայի երիտասարդակենտրոն և գենդերազգայուն հետազոտության» (2018), երիտասարդների 57%-ը գործազուրկ է, որոնց գրեթե մեկ քառորդը մերժվել է գործատուի կողմից աշխատանքային փորձի բացակայության պատճառով։

Թեպետ գրագիտության ինդեքսը ՀՀ-ում 18-24 տարեկանների շրջանում մոտ է 100%-ին, վերոնշյալ հետազոտությունը փաստում է, որ հարցվածների ընդամենը մեկ քառորդն է վերջին երեք տարվա ընթացքում մասնակցել ոչ ֆորմալ կրթության կամ վերապատրաստման դասընթացների, ինչը խոսում է երիտասարդների ցածր իրազեկվածության մակարդակի և/կամ մոտիվացիայի պակասի մասին։

Արմավիրում, նույնպես, երիտասարդների զբաղվածության հարցը մնում է արդիական։ Ըստ «Միտք» ՀԿ-ի «Արմավիրի մարզի երիտասարդների խնդիրների և հասարակական քաղաքական ակտիվության մակարդակը» հետազոտության, զբաղվածության ցածր մակարդակը մտահոգում է երիտասարդների 59․6%-ին, որի հիմքում երիտասարդների իրազեկվածության և հասարակական ակտիվության ոչ բարձր մակարդակն է։ Ըստ նույն հետազոտության արդյունքների, հարցվածների ընդամենը 23%-ն են երբևէ անդամակցել կամ ներգրավված եղել քաղաքացիական հասարակության կազմակերպություններում։

Հարցի խորքային ուսումնասիրման համար զրուցել ենք դպրոցների, քոլեջների ուսուցիչների, այլ ՊՈԱԿ-ների ներկայացուցիչների, ինչպես նաև երիտասարդների հետ։

Արմավիրի Վարդան Բախշյանի անվան երկրորդ դպրոցի ուսուցիչ Աիդա Սարգսյանը վստահ է, որ երիտասարդ սերնդի, ի մասնավորի՝ աշակերտների հետաքրքրության շրջանակը շատ լայն է։ Նրանք հետքրքրվում են տեխնիկայով, տեղեկատվական տեխնոլոգիաներով, ռոբոտաշինությամբ, նորարարություններով, արվեստով, ինչպես նաև հաճախում են արտադասարանական բազմաթիվ խմբակների։

Մինչդեռ, Արմավիրի արվեստի պետական քոլեջի կարիերայի կենտրոնի դասախոս Գոհար Եսայանի կարծիքով՝ «երիտասարդները հետաքրքրված չեն, սակայն եթե նրանց տեղյակ են պահում, հաճախ մասնակցում են սեմինարներին»։ Նա վստահ է, որ շատերն ունեն ոչ ֆորմալ կրթական ծրագրերի մասնակցելու կարիքը թե՛ մասնագիտական, և թե՛ անձնային զարգացվածության համար։ Այնուամենայնիվ, մեծ դեր է խաղում նաև երիտասարդների մոտիվացիան՝ որոշները ակտիվություն են ցուցաբերում մինչև ծրագրի ավարտը, իսկ մյուս մասը՝ ոչ։

Երիտասարդները նույնպես ունեն տարբեր կարծիքներ այս հարցի վերաբերյալ։

Մինչ շատերը կամավորությունն ու հասարակական ակտիվությունը կենսակերպ են համարում, որոշներն այն ընկալում են որպես պարտադրանք, քանի որ տեղական և արտասահմանյան բազմաթիվ համալսարաններ հետաքրքրվում և մեծապես հաշվի են առնում դիմորդի հասարակական ակտիվությունը։

Արմավիրի ակտիվ երիտասարդ Քրիստինե Կարապետյանը, ով ավելի քան 7 տարի հասարակական գործունեություն է ծավալում, նշում է, որ բազմաթիվ ոչ ֆորմալ կրթական ծրագրերի մասնակցելը նրան տվել են հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ, որը նա կարող է ծառայեցնել նաև համայնքի զարգացմանը։

Այնուամենայնիվ, երիտասարդների, հատկապես՝ անչափահաս երիտասարդների ակտիվ մասնակցությանը երբեմն խոչընդոտում են նաև ծնողները։ Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողուհի Սուսաննա Մալխասյանը նշում է, որ երբեք չի մասնակցել ոչ ֆորմալ կրթական ծրագրի և չի զբաղվել կամավորությամբ ծնողների թերահավատության պատճառով։ Սուսաննայի կարծիքով խնդրի լուծումը ուսումնական հաստատությունների կողմից նման ծրագրերի ուղղորդումն է, որպեսզի ծնողները վստահեն և թույն տան մասնակցել նմանատիպ նախաձեռնությունների։

Իսկ ինչի՞ց կարող ես սկսել հենց Արմավիրում, որտե՞ղ կամավորություն անել կամ գտնել հետաքրքրություններիդ համապատասխան ոչ ֆորմալ կրթության ծրագրեր։

Արմավիրում կամավորական աշխատանքի հնարավորություններ են տալիս հասարակական կազմակերպությունները: 

2005 թվականից Արմավիրի մարզում կամավորական աշխատանքը խթանում և զարգացնում է «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը: Հարյուրավոր երիտասարդներ տարիներ շարունակ հնարավորություն ունեն մասնակցելու կազմակերպչական, համայնքային զարգացման ծրագրերին, խրախուսվում է նաև սեփական նախաձեռնությունները, որոնց իրականացման համար կազմակերպությունը աջակցում և իրականացնում է խորհրդատվություն: 

Երիտասարդ կառույցներից «ՄԻՏՔ» ՀԿ-ն նույնպես զարգացնում է կամավորական աշխատանքը: Այստեղ  երիտասարդները ծանթանում են հասարակական ոլորտին, ակտիվ քաղաքացիության մասին տեսական գիտելիքներ են ստանում, որոնք կիրառում են նաև պրակտիկայում՝ իրականացնելով նախաձեռնություններ: 

Հայաստանում կամավորական պրակտիկաների մասին զրուցեցինք նաև Volunteam նախաձեռնության համահիմնադիր-նախագահ Նենսի Մկրտչյանի հետ, ով ոգևորությամբ փաստեց, որ վերջին տարիների ընթացքում մարզերի երիտասարդների ներգրավվածությունը ոչ ֆորմալ կրթական նախաձեռնություններում և կամավորական աշխատանքներում մեծապես աճել է։

Անժխտելի է, որ յուրաքանչյուր անձի ինքնազարգացման և կայացման մեջ մեծ դեր ունի հասարակական ակտիվությունը և կամավորությունը, որը որոշ չափով անդրադառնում է նաև երկրում առկա գործազրկության խնդրի կարգավորմանը՝ հնարավորություն տալով ունենալ բազմակողմանի կրթված, նախաձեռնող և ակտիվ երիտասարդություն։

Նյութը պատրաստեցին՝

Էլեն Բաղդասարյան, Միլենա Առուստամյան, Ջուլիա Գասպարյան

Մենթոր՝ Անուշ Տիտանյան

Շնորհակալություն Boon TV-ին ձայնագրման ստուդիայում հյուրընկալության համար: 

Աշխատանքն իրականացրել են Ինֆոլուր խմբի մասնակիցները:


«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը գործարկում է Արմավիր ինֆոտունը:

Այն իրականացվում է «Քաղաքացիական հասարակության դերի բարձրացում Արմավիրի մարզում» նախագծով, որը Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության, Սիդայի աջակցությամբ իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում է: