Եզդերենի խմբակի հարցը որպես առաջնահերթություն

‹‹Եզդի կանանց/աղջիկների կրթության իրավունքի խթանում›› ծրագրի շրջանակներում իրականացվող վերջին հանդիպումներից մեկը տեղի ունեցավ Արևիկ համայնքում։ Վաղ ամուսնության ու փախցնելու խնդիր այստեղ չկար։ Դպրոցն ավարտում են գրեթե բոլորը, սակայն չեն դիմում համալսարան հիմնականում կդրա կարևորությունը չգիտակցելու և չարժևորելու պատճառով։

Երեխաները հիմնականում ընտրում են այնպիսի մասնագիտություններ, որոնք կօգնեն իրենց գումար աշխատել  (բիզնեսմեն, դիմահարդար, վարսհարդար, և այլն)։ Խնդիրներից մեկը, որ ուսուցիչները նշեցին այն էր, որ աշակերտների ատեստատի մեջ ոչ մի տեղ չի երևում, որ վերջիններս մասնակցել են եզդերենի խմբակի։ Ցանկալի է, որ որևէ տեղ խմբակի մասնակցությունը նշվի և գնահատական դրվի։  Իհարկե ավելի լավ կլիներ, եթե եզդերենը դարձվեր առանձին առարկա, սակայն սա այնքան էլ իրատեսական չէ, որովհետև եզդի և հայ երեխաները դասերին միասին են հաճախում, և այս դեպքում եզդերենի դասերին հաճախելու համար կզրկվեն նաև օտար լեզվի դասերին հաճախելուց:

Ուսուցիչները նշում էին, որ եզդի երեխաները շատ ուժեղ են մաթեմատիկա առարկայից, ոմանք հայոց լեզվից։ Համեմատելով իրենց դպրոցական ժամանակվա հետ՝ նրանք նշեցին, որ այժմ իրավիճակը շատ է փոխվել։ Աղջիկները այն ժամանակ հազվադեպ էին ավարտում դպրոցը, մինչդեռ այժմ աշակերտուհիներից որևէ մեկի ամուսնանալու և դպրոցը թողնելու վերջին դեպքը եղել է մի քանի տարի առաջ։Ինչ վերաբերում է հայերի և եզդիների միջև հարաբերություններին, ապա 

այստեղ ոչ մի խնդիր չկա։ Սակայն երբեմն խնդիր կա կապված ծնողների թույլ հետևողականության հետ։ Շատ կարևոր է պահպանել ծնող-ուսուցիչ-աշակերտ կապը, ոչը երբեմն չի ստացվում։  Բայց կան նաև ծնողներ, որոնք շատ պատրաստակամ են ցանկացած հարցում, երբ պոսքը վերաբերում է իրենց երեխային։ Որոշ ծնողներ, իրենք իսկ զրկված լինելով կրթության հնարավորությունից, ամեն ինչ անում են, որ իրենց երեխան պատշաճ կրթություն ստանա։