Դիտարկումներ և առաջարկներ Հանուն աշխատանքի հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն ծրագրի շրջանակներում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել և հանրային քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային  օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ըստ որի նախատեսվում է սահմանել հեռավար և համակցված հեռավար եղանակներով աշխատանքների կազմակերպման ընթացակարգեր։

«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը ՏՀՏ գործատուների միության և Կիրակի զարգացման հիմնադրամի համագործակցությամբ Եվրոպական Միության համաֆինանսավորմամբ իրականացվող «Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագրի շրջանակում դիտարկումներ և առաջարկ է ներկայացրել վերոնշյալ նախագծի վերաբերյալ։

Իրավասու մարմիններին նախագծի վերաբերյալ համապատասխան առաջարկներ և դիտարկումներ ներկայացնելու նպատակով համագործակցություն է սկսվել ոլորտային գործատուների միությունների, առանձին գործատուների, մարդկային ռեսուրսների մասնագետների և շահագրգիռ այլ կողմերի հետ։ Կազմակերպվել են հանդիպում-քննարկումներ, անհատական զրույցներ, որոնց ընթացքում հավաքագրված տեղեկատվության հիման վրա մշակվել են աշխատանքային իրավահարաբերությունների բարելավմանն ուղղված քաղաքականության բարելավման առաջարկներ։

Հանդիպում-քննարկումից հետո շարունակվել են անհատական զրույցներն ու էլեկտրոնային նամակագրության միջոցով կապի պահպանումը մասնակիցների հետ՝ հստակեցնելու ներկայացված առաջարկները։

Ստորև ներկայացված են առաջարկներից մի քանիսը, իսկ առաջարկությունների ամբողջական պատկերը կարող եք տեսնել այստեղ․ 

• Վերանայել ԱՕ Հոդված 95-ով սահմանված որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրերի պայմանները՝ հնարավորություն տալով սահմանափակել աշխատանքային հիմնական իրավունքներից, օրինակ՝ ամենամյա արձակուրդից օգտվելու իրավունքը։

• Վերանայել ԱՕ Հոդված 163-ը (ամենամյա արձակուրդը մասերով տալը)՝ ազատականացնելով ամենամյա արձակուրդի տրամադրման ժամկետները, որոնք գործող օրենսդրությամբ սահմանված է առնվազն 10 կամ 12 աշխատանքային օր:

• Եթե աշխատողը չի ցանկանում վերցնել իր կուտակած ամենամյա արձակուրդը, գործատուն իրավունք ունենա իմպերատիվ ուղարկել աշխատողին արձակուրդ հրամանով` հիմք ընդունելով աշխատողների ամենամյա արձակուրդների պլանավորման տարեկան փաստաթուղթը:

• Առաջարկվում է անդրադարձ կատարել միջազգային պրակտիկայում լայնորեն տարածում ունեցող սահմանափակող կովենանտներին, որոնք այսօրվա դրությամբ օգտագործվում են տեղական գործատուների կողմից։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է non-compete, non-solicitation, confidentiality դրույթներին (և այդ հանգամանքներով պայմանավորված աշխատողին աշխատանքից ազատման հնարավորությանը), որոնք որոշակի իրավիճակներում պաշտպանում են գործատուի շահերը անբարեխիղճ գործողություններից։ Հարկ է նկատի ունենալ, որ դատական պրակտիկայում ունենք դեպքեր, երբ այս տիպի կովենանտները ճանաչվել են վավեր, սակայն այնուհանդերձ օրենսդրական պրակտիկա առկա չէ։

• Առաջարկվում է քննարկել միջազգային պրակտիկայում ընդունված «garden leave» ինստիտուտի ներդրման հնարավորությունը։ Սրա էությունը կայանում է նրանում, որ գործատուն իրավունք է ստանում չթույլատրել աշխատողին ներկայանալ աշխատանքի (եթե օրինակ առկա են հիմնավոր կասկածներ աշխատողի բարեվարքության վերաբերյալ)՝ վերջինիս վճարելով աշխատավարձը կամ դրա մի մասը։ Այսպիսի հնարավորության բացակայությունը ևս որոշակի խնդիրներ է առաջացնել գործատուների համար։ Ի լումն, այս հնարավորությունը նաև շատ կարևոր է անչափահասների հետ աշխատող հաստատությունների համար, երբ օրինակ՝ հաստատությունը ներքին քննություն է անցկացնում որևէ պատահարի շուրջ և մինչ ներքին քննության ավարտը հարկավոր է սահմանափակել մասնակիցների շփումը և/կամ մուտքը հաստատություն։

• Օրենսդրությամբ սահմանել և որոշակի կարգավորումներ նախատեսել ժամանակակից «ԳԻԳ» տնտեսության պահանջներով լայն տարածում գտած աշխատանքային հարաբերությունները: Սա ազատ շուկայի համակարգ է, որն ինչպես միջազգային աշխատաշուկաներում, այնպես էլ Հայաստանում դարձել է առավել ակտուալ վերջին տարիներին: 

Պետք է փաստել, որ հանդիպում-քննարկման ժամանակ մասնակից գործատուների կողմից բարձրացված ամենախնդրահարույց հարցադրումները վերաբերում էին համավարակից հետո շարունակվող հեռավար կամ համակցված հեռավար, տնից աշխատանքի իրավական կարգավորումների պահանջին: Սակայն սույն փաստաթղթի նախագծից հանվել են մասնակիցների առաջարկները, քանի որ դրանց գերակշիռ մասն արդեն ներառված է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ս/թ դեկտեմբերին e-draft հարթակում շրջանառված «ՀՀ ԱՕ-ում լրացումներ և փոփոխությունների կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծում» (այսուհետ`Նախագիծ): Ստորև ներկայացվում են այն առաջարկները, որոնք էլետրոնային նամակարգրության արդյունքում մասնակիցներից ստացվել են վերոնշյալ նախագծի վերաբերյալ:

• Առաջարկվում է Նախագծի Հոդված 2. («Հոդված 106.1. Աշխատանքային պարտականությունների կատարումը հեռավար կամ համակցված հեռավար եղանակով) խմբագրված տեքստում վերանայել «պարտականությունների մի մասը» արտահայտությունը և հստակեցնել: Քանի որ ստացվում է, որ հեռավար եղանակով կատարվող աշխատանքային պարտականությունները պետք է հստակ տարանջատվեն աշխատավայրում կատարվող աշխատանքային պարտականություններից, մինչդեռ իրական նպատակն այն է, որ աշխատողը հնարավորություն ունենա միևնույն աշխատանքային պարտականությունը (օրինակ՝ հաշվապահի դեպքում՝ տարեկան հաշվետվության կազմումը) իրականացնել հեռավար եղանակով աշխատելու ընթացքում, կամ գրասենյակում գտնվելիս, կամ մասամբ հեռավար և մասամբ աշխատավայրից:

• Առաջարկվում է Նախագծի Հոդված 2. («Հոդված 106.1. Աշխատանքային պարտականությունների կատարումը հեռավար կամ համակցված հեռավար եղանակով) խմբագրված տեքստի կետ 3), ենթակետ 9-ում «պետք է ապահովեն» արտահայտությունից հետո ավելացնել. «աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարումը, ինչպես նաև..» և շարունակել տեքստը ինչպես գրված է Նախագծում:


«Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագիրն իրականացվում է 2021 թվականի փետրվարից ՏՀՏ գործատուների միության, Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ-ի և Կիրակի զարգացման հիմնադրամի համագործակցությամբ՝ ԵՄ համաֆինանսավորմամբ։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ տեսչության) հետ սերտ համագործակցությամբ և նպատակ ունի նպաստել Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանությանը՝ խթանելով տվյալների նորարարությունը և միջոլորտային համագործակցությունը։