Գրադարանային խնդիրն Արմավիրի մարզում

«Սկզբնական շրջանում մի փոքր խնդիր առաջացավ գիրք վերցնելու առումով, քանի որ ես ապրում եմ գյուղում ու մարզային գրադարանում գրքեր չեն տալիս այն մարդկանց, ովքեր ապրում են գյուղում: Պետք է փոխադարձ վստահություն»,- ասում է Զվարթը: Նա Արմավիրի մարզի Լուկաշին գյուղից է: Հաճախ է օգտվում գրադարաններից:

Արմավիրի մարզային գրադարանը հիմնադրվել է 1938 թվականին 200 միավոր գրականությամբ: Հետագայում գրադարանի ֆոնդը լրացվել է, համալրվել փոստից ստացված ամենամսյա փոքրիկ գրքային կապոցների միջոցով։ Գրադարանի գրքային ներկայիս հավաքածուն կազմում է 111 հազար 412 միավոր։ Արմավիրի մարզի ամենամեծ գրականության պահոց ունեցող գրադարանն է։ Գրադարանն զբաղվում է նաև համայնքային գրադարանների տեղեկատվական, մատենագիտական և մասնագիտական խորհրդատվությունների տրամադրման աշխատանքներով։

Արմավիրի մարզային գրադարանի աշխատակից տիկին Հռիփսիմեն ասում է՝ «Ցավոք սրտի, հիմա մենք տարեկան ստանում ենք ընդամենը 600 գիրք, մինչդեռ Խորհրդային Միության տարիներին ամսական ստանում էինք 400-ից 500 և ավելի միավոր գիրք»։

Արմավիրում գրադարանային ֆոնդը մեծ է: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Արմավիրում կա 1 մլն 59.4 հազար գիրք, հիմնականում՝ գեղարվեստական գրականություն: Նախորդ տարվա համեմատ՝ գրքերի ֆոնդը նվազել է. 2020թ. Արմավիրի գրադարաններում եղել է 1 մլն 62.6 հազար գիրք:

Արմավիրի մարզային գրադարանի ամենաակտիվ ընթերցողներից Նարեկն ասում է՝ աշակերտները հիմնականում կարդում են գեղարվեստական ժանրի գրքեր ժողովածուներ, պոեզիա և այլն. «Սիրում եմ ընթերցանություն, գրադարան հաճախ եմ գալիս: Ամենատարբեր հեղինակների եմ կարդում՝ եւ հայ, եւ օտարերկրացի: Ուրախ եմ, որ աշակերտների եմ հանդիպում: Լավ կլիներ, եթե գրքերն ավելի շատ լիեին, գրադարանային ֆոնդը ավելի հարուստ լիներ: Բայց ինձ հարկավոր բոլոր հայտնի գրքերը կան»:

Արմավիրի մարզային գրադարանի գրադարանավար Տիկին Ռիփսիմեի խոսքով՝ ամռանը գրադարանից օրական մոտավորապես 100-110 հոգի է օգտվում, մինչդեռ ձմռանը ընթերցողների թիվը տատանվում է 60-70-ի սահմաններում:

Իսկ ընդհանրապես ողջ մարզում 2021թ.-ի ընթացքում գրադարանից օգտվել է 34 հազար 156 մարդ, հիմնականում դպրոցահասակ երեխաներն են: 2020թ. համեմատ այս ցուցանիշն աճել է. 2020-ին գրադարանից օգտվել էր 27 հազար 233 քաղաքացի: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ գրադարաններ հիմնական այցելողները 15 տարեկան եւ ցածր ընթերցողներն են:

Վիճակագրական կոմիտեից նաև տեղեկանում ենք, որ Արմավիրում կա 76 գրադարան, որից մեկը՝ մարզայինն է: Մարզի 97 գյուղերից գրադարան ունեն 65-ը. դրանք գործում են համայնքային ենթակայության տակ: Արմավիրում կան նաեւ մանկական գրադարաններ. դրանք 3-ն են:(Տվյաները վերաբերում են մինչև համայքների խոշորացումը)

Միայն թե, նկատենք, ոչ բոլոր համայնքներում են ուրախ ունենալ գրադարաններ: Տիկին Ռիփսիմեն ասում է, որ համայնքապետերից ոմանց չի հետաքրքրում գրադարաններում տիրող իրավիճակը։ Ավելին, ինչպես նա նշեց, համայնքապետերը, խոշորացումից հետո արդեն, հիմնականում,  հրաժարվում են գյուղերում գրադարան ունենալու մտքից՝ համարելով, որ գրադարանի կարիք չունեն:

Նյութը պատրաստեցին՝ 

Սարգիս Ղազարյանը, Ռուզաննա Իբոյանը, Սարգիս Կարապետյանը, Անի Կարապետյանը,

Մենթոր՝ Արման Գալոյան

Աշխատանքն իրականացրել են Ինֆոլուր խմբի մասնակիցները:


«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը գործարկում է Արմավիր ինֆոտունը:

Այն իրականացվում է «Քաղաքացիական հասարակության դերի բարձրացում Արմավիրի մարզում» նախագծով, որը Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության, Սիդայի աջակցությամբ իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում է: