Արմավիր համայնքը՝ մասնակցային բյուջետավորման ճանապարհով

«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Համայնքային բյուջետավորում ժողովրդի կողմից, ժողովրդի համար» ծրագրի շրջանակում նոյեմբերի 28-ին և 29-ին Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ կարողությունների զարգացման 2-օրյա դասընթաց։ Դասընթացի թեման մասնակցային բյուջետավորումն էր, մասնակիցները՝ Արմավիր խոշորացված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներն ու ակտիվ քաղաքացիները։

Դասընթացի նպատակն էր զարգացնել մասնակիցների կարողությունները՝ նպաստելու համայնքում մասնակցային որոշումների կայացմանն ու քաղաքացիական ակտիվ մասնակցությանը։ Ոլորտի փորձագետների կողմից 2 օր շարունակ ներկայացվեցին հագեցած բանախոսություններ հետևյալ թեմատիկ ուղղություններով․

— Մասնակցությունը՝ որպես ժողովրդավարության տարր,

— Մասնակցայնության մակարդակները, առավելություններն ու թերությունները, 

— Մասնակցային բյուջետավարման ընդհանուր նկարագիրը, 

— Մասնակցային բյուջետավարման արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ գործընթացները և գործիքակազմը։

Բանախոսությունները զուգորդված էին ինտերակտիվ քննարկումներով, խաղ-վարժանքներով և մասնակից բազմաշահագրգիռ կողմերի միջև ծավալվող ակտիվ երկխոսությամբ։ Ակտիվ քաղաքացիներից մեկի խոսքով՝ եթե առաջ իրենք էինք փորձում իրենց ուժերով ու ռեսուրսներով ինչ-որ բան անել համայնքում, ապա այժմ կարելի է դա անել հենց համայնքի հետ համագործակցությամբ, ու մասնակցային բյուջետավորումն այս գործընթացում կարևորագույն գործիք է։ 

ՏԻՄ ներկայացուցիչներից մեկն էլ ընդգծեց ներկայացված նորարական գործիքակազմի արդյունավետությունը՝ նշելով, որ դրանցից առնվազն մի քանիսը կներդնեն իրենց աշխատանքում՝ քաղաքացիների ավելի լայն ներգրավվածություն ապահովելու համար։ 

«Համայնքային բյուջետավորում ժողովրդի կողմից, ժողովրդի համար» ծրագրի նպատակն է ամրապնդել մասնակցային ժողովրդավարությունը Արմավիր խոշորացված համայնքում և խթանել քաղաքացիների ներգրավվածությունը տեղական որոշումների կայացման գործընթացներին: Ծրագրի շրջանակում իրականացված կարողությունների զարգացման դասընթացին կհաջորդեն երեք հանրային քննարկումներ, որտեղ քաղաքացիներն ուղղակիորեն կմասնակցեն համայնքային բյուջետավորմանը՝ ներկայացնելով իրենց կարիքները, առաջարկներն ու առաջնահերթությունները։

Հավելյալ տեղեկությունների և ծրագրային այլ մանրամասների համար կարող եք դիմել ծրագրի թիմին [email protected] էլեկտրոնային հասցեով։ 


Սույն գործողությունն իրականացվում է «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից «Քաղաքացիական հասարակության հզորացում ԱլԳ երկրներում» ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության (ԵՄ) կողմից: