Արդյո՞ք նպատակն արդարացնում է միջոցները․ քննարկում ենք քաղաքականության և բարոյականության հարաբերակցությունը

Փետրվարի 6-ին «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի գրասենյակում «Քաղաքացիական հասարակության կենտրոն Արմավիրում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Իշխանության կառուցվածքը և դերակատարները․քաղաքականության և բարոյականության հարաբերակցությունը» թեմայով դասընթաց, որի նպատակն էր զարգացնել երիտասարդների քաղաքագիտության բազային գիտելիքները և քննարկել քաղաքականության և բարոյականության հարաբերակցության նրանց պատկերացումները։

Հանդիպման ընթացքում մասնակիցները ծանոթացան «իշխանություն» հասկացությանը, իշխանության կառուցվածքին և դերակատարներին, ինչպես նաև քննարկեցին քաղաքականության և բարոյականության հարաբերակցությունը։

Իշխանությունն ունի բարդ կառուցվածք, նրա կառուցվածքային մասերն են իշխանության սուբյեկտը, օբյեկտը, ռեսուրսները և հանուն իշխանության վարվող քաղաքական գործընթացը: Սուբյեկտ կարելի է համարել յուրաքանչյուրին. կարող է լինել անձ, կազմակերպություն, պետություն, և նրանցից յուրաքանչյուրը յուրովի է գործում և իր դերն ունի իշխանության գործընթացում: Իշխանությունն օրինական է՝ լեգիտիմ, եթե այն ունի ազդեցություն ժողովրդի կողմից և լեգալ է, եթե ունի իրավական ձևակերպում։

Մասնակիցները քննարկեցին մաքիավելիզմի, բիհեվիորիզմ, ստրուկտուրալիզմի մոտեցումները քաղաքականության և բարոյականության վերաբերյալ։

Հանդես գալով բարոյականության և քաղաքականության տարանջատման սկզբունքի կողմնակից` Մաքիավելին գտնում էր, որ քաղաքական նպատակներին հասնելու համար հաճախ անհրաժեշտություն է առաջանում բարոյական սկզբունքներին, բարու և բարիքի մասին գոյություն ունեցող պատկերացումներին հակասող միջոցներ կիրառել, քանի որ «Նպատակն արդարացնում է միջոցները»: Լինելով միասնական, կենտրոնացված ազգային պետության ստեղծման ջատագով` նա կողմնակից էր այնպիսի իշխանության, որը, բարոյական տարբերակում չդնելով միջոցների միջև, հետևողականորեն հանդես է գալիս պետության ամրապնդման, զարգացման և անվտանգության ապահովման դիրքերից: Այսինքն` «Նպատակն արդարացնում է միջոցները» կարգախոսը արդարացված է, երբ նպատակը խորապես ազգային է, պետական է և միտված է հասարակական բարեկեցությանն ու պետության ամրապնդմանը:

Բիհեվիորիզմն իր մեջ ներառում է հետևյալ տեսակետները։ Պետք է սահմանափակվել միայն փաստերով և արժեքներով՝ գիտությունը զերծ պահելով ենթադրաբար կատարվող գնահատումներից և անձնական նախապատվություններից: Քաղաքագիտության մեջ պետք է օգտագործել այլ գիտությունների, այդ թվում նաև բնական, մեթոդները և ձեռքբերումները:

Դասընթացի արդյունքում մասնակիցները, ծանոթանալով քաղաքականության և բարոյականության հարաբերակցության վերաբերյալ տեսություններին, իրենց համար առանձնացրին այն կարևորագույն արժեքները, որոնցով շարժվելու են նրանք որպես ապագա քաղաքական և հասարակական գործիչներ։


Դասընթացն իրականացվում է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի կողմից «Քաղաքացիական հասարակության կենտրոն Արմավիրում» ծրագրի շրջանակներում «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» աջակցությամբ: