Տեղական ինքնակառավարման ոլորտում կանանց մասնակցության ինստիտուցիոնալացման ճանապարհային քարտեզ և կայունության պլան

Ինչպե՞ս անցում կատարել կանանց իրազեկվածության բարձրացումից դեպի համայնքային որոշումների կայացման վրա իրական ազդեցություն։ ՀՀ համայնքներում այս հարցի լուծմանը նպաստելու համար «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության փորձագիտական կազմը մշակել է 2 կարևոր փաստաթուղթ՝

1․ Տեղական ինքնակառավարման ոլորտում կանանց մասնակցության ինստիտուցիոնալացման ճանապարհային քարտեզ, և

2․ Կանանց և տեղական իշխանությունների համագործակցության կայունության պլան։

Մշակված ճանապարհային քարտեզը ծառայում է որպես գործնական ուղեցույց՝ տեղական մակարդակում կանանց մասնակցությունը ինստիտուցիոնալ կերպով ամրագրելու համար, իսկ կայունության պլանը սահմանում է մեխանիզմներ՝ կանանց և տեղական իշխանությունների՝ ճանապարհային քարտեզով առաջարկված համագործակցության շարունակականության ապահովման համար։

Հիմնվելով ՀՀ օրենսդրությամբ առաջարկվող մասնակցության հնարավորությունների վրա՝ ճանապարհային քարտեզն առաջարկում է համայնքում կանանց մասնակցությունն ինստիտուցիոնալացնել «Համայնքի ղեկավարին կից կանանց մասնակցության խորհրդակցական խմբերի» մեխանիզմով։ Քարտեզը նկարագրում է իրականացման 7 հստակ փուլ՝ նախապատրաստումից և խմբի ձևավորումից մինչև բյուջետային ցիկլերին ինտեգրում և երկարաժամկետ կայունության ապահովում։ Այն ներառում է նաև օրինակելի ձևաթղթեր, խմբի անդամների ընտրության չափանիշներ և մոնիթորինգի ցուցիչներ, որոնք կօգնեն տեղական ինքնակառավարման մարմիններին գործնականում կիրառել ներառական կառավարման այս մոդելը։

Կայունության պլանը նպատակ ունի ապահովել կանանց խմբերի և տեղական իշխանությունների միջև ձևավորված համագործակցության շարունակականությունը, որի համար առաջարկում է համագործակցության չորս մակարդակով կառուցված մոդել՝ ներկայացուցչականություն, վարչական պատասխանատվություն, գործառնական ցիկլ և իրավական ամրագրում։


Փաստաթղթերը մշակվել է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության «Կանանց տնտեսական հզորացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում։