+(374) 237 23034 | [email protected]
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, Եվրոպական միության, ՄԱԿ-ի հայաատանյան ներկայացուցչության, Եվրոպայի խորհրդի , Հայաստանում Շվեդիայի դեսպանատան կողմից իրականացվող ամենամյա Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության ժամանակ «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության աշխատակից, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ուսո Հաջի Նադոյանը արժանացավ «Ներառականության խթանում» մրցանակին՝ եզդի համայնքի երիտասարդների համար հավասար հնարավորություններ ստեղծելու և կանանց ու աղջիկների ուսման կարևորությունը բարձրաձայնելու գործին բացառիկ նվիրվածության համար։
Մրցանակաբաշխությանը ներկա էին պետական պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագետներ, քաղաքացիական հասարակության և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վերջինս հանդես եկավ ելույթով, իր խոսքում կարևորելով մարդու իրավունքների ոլորտում ՀՀ-ի ձեռքբերումները․
«Ո՞րն է իրավունքների պաշտպանության, իրավունքների երաշխավորման մեր բանաձևը: Մեր բանաձևն իրավունքների հավասար հնարավորություններ ստեղծելն է բոլոր քաղաքացիների համար և այդ հավասար հնարավորությունների նկատմամբ հավասար հասանելիություն ստեղծելը: Մենք հետևողականորեն գնալու ենք այդ ճանապարհով, որովհետև մեր քաղաքական տեսակետը և հայացքը, գաղափարախոսությունը հետևյալն է, որ իրավունքների պաշտպանության համատեքստում առաջին անելիքն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր քաղաքացի իր սոցիալական, գիտական, տնտեսական, քաղաքական դիրքին արժանանա իր օբյեկտիվ ընդունակությունների իրացմամբ»:
Հիշեցնենք , որ 2013 թ․-ի մրցանակաբաշության ժամանակ «Խիզախ կին» անվանակարգին է արժանացել ԱԶԿ ՀԿ գործադիր տնօրեն Նաիրա Առաքելյանը։
Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությունն անցկացվում է 2012 թվականից: Այն նպատակ ունի նշանավորել Հայաստանում մարդու իրավունքների և ազատությունների առաջխաղացման, խոսքի ազատության, հանդուրժողականության, ժողովրդավարության, թափանցիկության, իրավական բարեփոխումների և հավասար իրավունքների խթանման ոլորտում քաղաքացիական հասարակության, ԶԼՄ ներկայացուցիչների և պետական պաշտոնյաների ներդրումները:
Ներառականության խթանում մրցանակին արժանացած Ուսո Հաջի Նադոյանը հասարակական ոլորտում իր գործունեությունը սկսել է որպես կամավոր, ապա դիմելով տարբեր դրամաշնորհների փորձել է իրականացնել ծրագրեր իր համայնքում առկա խնդիրներին լուծումներ տալու համար։
Ծրագրերից հերթականը ԱԶԿ ՀԿ-ի ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ իրականացվող «Եզդի կանանց/ աղջիկների կրթության խթանում » ծրագիրն է, որի շրջանակներում հանդիպումներ են կազմակերպվում աշակերտների, ծնողների և ուսուցիչների հետ՝ խոսելով կրթության իրավունքի իրացման խնդիրներից, հանդիպումների ժամանակ կարևորվում է կրթության նշանակությունը։
Ծրագրի ընթացքում նկարահանվել են հոլովակներ, հեռուստահաղորդում։
Ուսոն Նադոյանը մրցանակը տանալուց հետո իր ելույթում նշեց ․ «Մեծարգո պարոն Վարչապետ, հարգարժան դեսպաններ, հարգելի հյուրեր․ «Perwerdeh mafê mine»․ խոսքս սկսում եմ իմ մայրենի լեզվով ասելով՝ կրթությունն իմ իրավունքն է , քանի որ վաղը մայրենի լեզվի միջազգային օրն է , իսկ մայրենի լեզուն յուրաքանչյուր ազգի գոյատևման կարևոր հիմքերից մեկն է։
Տասնվեց տարեկան էի, երբ առաջին անգամ մասնակցում էի «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող մարդու իրավունքների վերաբերյալ մրցույթին։ Եվ հենց այդ ժամանակ ես սկսեցի գնալ իմ երազանքների և նպատակների ետևից։ Իմ հիմնական նպատակն է եղել ծառայել ազգիս, ստեղծել հավասար պայմաններ եզդի աղջիկների կրթության բարձրացման համար։
Հիմա արդեն նպատակս իրականացնելու հնարավորություն ունեմ․ Արմավիրի արգացման կենտրոնի հետ պաշտպանում եմ եզդի աղջիկների կրթության իրավունքը եզդիաբնակ գյուղական համայնքներում, որի իրականացման գործընթացում մեծ դերակատարում ունեն տեղական, պետական և միջազգային կառույցները։ Կարծում եմ, եզդի երեխաների կրթությունը խթանելու համար ամենակարևոր գործոնը եզդիաբնակ համայնքներում եզդիերենը պետական մակարդակով դասավանդվող լեզու դարձնելն է։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ այսօր բոլոր նախադրյալներն արդեն իսկ ստեղծվել են։ Շնորհակալ եմ նման պարտավորեցնող մրցանակի համար։