+(374) 237 23034 | [email protected]
Արմավիրի մարզի Նոր Արտագերս համայնքի եզդի երեխաների կյանքը նման է մյուսներին: Հերթական դասերը, հետո տնային աշխատանքներ, որոնք հիմնականում դժվարանում են պատրաստել: Հաճախ են խնդիրներ առաջանում հանձնարարությունների հետ կապված, քանի որ ծնողները դժվարանում են օգնել նրանց՝ գիտելիքի և ժամանակի խնդրի պատճառով: Այս մասին նշում են նաև ուսուցիչները, սակակն հավելում, որ աշխատում են ներառականությունն ապահովել ու տան բացը լրացնել դասապրոցեսի ժամանակ: «Եզդի կանանց և աղջիկների կրթության իրավունքի խթանում» ծրագրին շատ քիչ ծնողներ էին մասնակցում. մարտ ամսին համայնքում զբաղվածությունը մեծ է:
Աշակերտներից շատերը առաջին անգամ էին քննարկման մասնակից դառնում, սակայն բավականին բաց էին և անկեղծ: «Ես վախենում եմ երազել, գիտեմ, որ իմ պես շատ աղջիկներ են երազում մասնագիտություն ունենալ, բայց մեր մշակույթը թույլ չի տալիս,որ կրթություն ստանանք, մեզ շուտ ամուսնացնում են»: Այն հարցին, թե արդյո՞ք համոզված են,որ հենց դա է եզդիների մշակույթը երեխաների պատասխանները գրեթե նույնն են.«մեր ծնողներն են ասել»:
«Ես 15 տարեկանում ամուսնացա, ինձ համար սպասելի էր, մայրս էլ է շուտ ամուսնացել, տատս էլ ինձ փոքրուց սովորեցնում էր տնային գործեր,որ հարս գնալուց սովոր լինեմ, գիտեի,որ շուտ էի ամուսնանալու դրա համար կարգին չէի սովորում, տանն էլ ուշադրություն չէին դարձնում դասերիս: Տղաս 16 տարեկան է, ես իրեն փոքրուց սովորեցրել եմ, որ կիրթ աղջիկներին ուշադրություն դարձնի, բայց ինչ իմանամ, կգտնի նման աղջիկ,թե չէ». անկեղծանում է ծնողներից մեկը:
Ուսուցիչների համար ամենամեծ ցավն այն է, երբ դասարանում սովորող լավագույն եզդի աշակերտուհիները ստիպված դուրս են գալիս դպրոցից: «Մեզ չեն ասում,որ ամուսնացնելու նպատակով ենք հանում:Հիմնականում պատճառ են բերում,որ վախենում են փախցնելուց,կամ թուղթ են ներկայացնում, որ երկրից դուրս են գնալու, որոշ ժամանակ հետո իմանում ենք,որ երեխան ուղղակի տանն է: Հրաշալի աղջիկներ ենք ունեցել»,ասում է ուսուցիչներից մեկը:Նոր Արտագերսում տղաների գործն ավելի հեշտ է, նրանք շուտ չեն ամուսնանում, ավարտում են դպրոցը, երազանքներն ավելի հստակ են, դրանք դառնում են նպատակներ: Տասնհինգամյա Ալիկն,օրինակ, սիրում է ֆուտբոլ, երազում է լեգենդների կողքին խաղալու մասին: Պապիկը խոստացել է, որ կօգնի այդ ճանապարհին, հիմա հաճախում է ֆուտբոլի խմբակ, ասում է ,որ թիմի հետ հեշտ է լեզու գտնում, ինչը խաղն ավելի արդյունավետ է դարձնում: «Կարևորը թիմն է, իրար որ վստահում ենք, գիտենք, ով որտեղ է ուժեղ կարողանում ենք ճիշտ կողմնորոշվել»: Ամուսնանալու մասին մտածելու համար դեռ շուտ է, բայց հստակ կողմնորոշվել է. «Կինս պիտի բարձրագույն կրթություն ունենա, խելացի աղջիկներին սիրում եմ»: