+(374) 237 23034 | [email protected]
Ավելի ուժեղ, ինքնաբավ ու մասնակցային Արենի
Այս տարվա մարտ ամսից մեկնարկել է «Միասին հանուն Արենիի զարգացման» ծրագիրը, որի նպատակն է մեծացնել Վայոց ձորի մարզի Արենի խոշորացված համայնքի կարողությունները 3 տարի շարունակ՝ հզորացնելով համայնքին քաղաքականապես և տնտեսապես:
Նպատակին հասնելու համար ծրագիրն իր առջև երկու հիմնական խնդիր է դրել․
1) Հզորացնել Արենի խոշորացված համայնքի կարողություններն ու հանձնառությունները՝ ավելի ուժեղ ու ինքնաբավ դառնալու համար՝ որպես համայնք։
2) Ընդլայնել քաղաքացիների ներգրավվածությունը և վերահսկողությունը Արենի խոշորացված համայնքում համայնքային որոշումների կայացման գործընթացում։
Այս խնդիրների լուծման ճանապարհին հիմնական գործողությունները, որ պետք է իրականացվեն, նախևառաջ համայնքը ուսումնասիրելուն և ճանաչելուն են ուղղված՝ նախքան զարգացման ծրագրերի ու գործողությունների իրականացումը։
Ուստի, համայնքում իրականացվելու է հետազոտություն (կարիքների գնահատում), ապա մասնակցային քարտեզագրում՝ ուսումնասիրելու համայնքի ռեսուրսները, կանոնները, դերերը, հարաբերությունները, արդյունքները։ Ապա, արդյունքների հիման վրա կիրականցվի տեղական դերակատարների կարողությունների զարգացում՝ մասնավորապես մասնակցային մեխանիզմների վերաբերյալ, և կստեղծվեն աշխատանքային խմբեր, որոնց հետ միասին իրականցվելու են համայնքային զարգացման ծրագրեր։
Այս ծրագրերի աշխատանքներին, ինչպես նաև տեղական իշխանության գործունեությանը հետևելը ծրագրային կարևոր բաղադրիչներից է, ուստի կստեղծվեն նաև համայնքային մոնիտորների խմբեր, կզարգացվեն նրանց կարողությունները, որպեսզի կարողանան տեղական իշխանության կողմից իրականացվող ծրագրերի մոնիտորինգ իրականացնել։ Կխրախուսվի բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը, որի վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ կտրամադրվեն, կծանոթանան տեղական մակարդակում որոշումների կայացմանը մասնակցելու մեխանիզմներին։
Ծրագրում ակտիվորեն կընդգրկվեն երիտասարդները՝ հնարավորություն տալով նրանց օգտագործել իրենց ողջ ներուժը, հետևելով «ոչինչ նրանց համար առանց նրանց ներգրավման» սկզբունքին: Այն կխրախուսի երիտասարդների առաջնորդությունը՝ կենտրոնանալով կարողությունների զարգացման և վարքագծի փոփոխման վրա, որոնցով կպայմանավորվի նրանց մոտ սեփական դերի կարևորությունն ու ապագայի նկատմամբ դրական հավատը:
Ծրագրի արդյունքում կունենանք ավելի ուժեղ, ինքնաբավ ու մասնակցային համայնք՝ հանձինս Արենիի, որտեղ տեղական ինքնակառավարման մարմինների թափանցիկությունն ու արձագանքումը կլինի էլ ավելի բարձր մակարդակի վրա։