Միասին կառուցենք դիմակայուն համայնքներ…

«Համագործակցություն հանուն կայուն համայնքների» ծրագրի շրջանակում, Ծաղկահովիտ խոշորացված համայնքում տեղի ունեցավ կարևոր իրադարձություն՝ նոր սոցիալական ծառայությունների կենտրոնի  բացումը, որը մեծ քայլ է համայնքի սոցիալական ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ։ Սենյակը կծառայի համայնքի համաչափ զարգացմանն ու ներգրավվող հնարավորությունների խթանմանը։  Կենտրոնի կահավորումն իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ:

Օրը լի էր հնարավորություններով, քանի որ սոցիալական ծառայությունների կենտրոնի բացումից զատ կազմակերպված էր նաև աշխատանքի և հնարավորությունների տոնավաճառը, որը միավորեց Ծաղկահովիտ համայնքի բնակիչներին: ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից տեխնիկական աջակցություն ստացած կանայք ևս, ովքեր հիմնել էին իրենց սեփական բիզնեսը, հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց մասնագիտական փորձը և իրազեկել համայնքի բնակիչներին իրենց մատուցած ծառայությունների մասին:

Աշխատաշուկային զուգահեռ ընթանում էին աշխատարաններ մի շարք թեմաներով, ինչպես օրինակ՝

  • միասնական սոցիալական ծառայության ծրագրերի և հնարավորություններ, խոսնակ՝ Նորայր Անտոնյան, Ծաղկահովիտի միասնական սոցիալական ծառայության տնօրեն,
  • ֆինանսական գրագիտության,  խոսնակ՝ Միքայել Մայիլյան, Արագածոտնի մարզի CARD հիմնադրամի ներկայացուցիչ,
  • գրագետ ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ կազմելու, խոսնակ՝ Մարիա Հովհաննիսյան, Հոլիդեյ Ինն Երևան ՄՌԿ ներկայացուցիչ,
  • երիտասարդական ծրագրերի, մասնավորապես՝
    • EducationUSA ծրագրի, խոսնակ՝ Նաիրի Բզդիգյան, Ամերիկյան խորհրդների ներկայացուցիչ,
    • FLEX ծրագրի, խոսնակ՝     Սպարտակ Ղազարյան, FLEX շրջանավարտների համակարգող։
    • Էրազմուս+, Եվրոպական համերաշխության կորպուս, «Երիտասարդների հնարավորություններ», խոսնակ՝ Գրիգոր Ջանիկյան, «Երիտասարդությունը հանուն փոփոխության» ՀԿ նախագահ

Մասնակիցները մեծ ոգևորությամբ էին ներգրավված միջոցառմանը՝ ընդգծելով դրա կարևորությունը համայնքի համար։ Որոշ աշխատանք փնտրողների նույնիսկ հաջողվեց գտնել իրենց համապատասխան աշխատանքային հնարավորություններ, ինչը առավել արժեքավոր դարձրեց միջոցառումը։

Մասնակիցները կարևորում էին նմանատիպ հնարավորությունների շարունակական կազմակերպումը հենց համայնքներում, քանի որ մայրաքաղաքում անցկացվող միջոցառումները հաճախ անհասանելի են մարզաբնակների համար՝ հաշվի առնելով ճանապարհի հետ կապված դժվարությունները, ժամանակի ու ռեսուրսների սահմանափակ լինելը։

Նման միջոցառումները ոչ միայն աշխատատեղեր գտնելու հնարավորություն են տալիս, այլև համայնքի ներսում ակտիվություն են խթանում։

__________________________________________

«Սույն տեղեկատվական նյութը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները»։