Մեծերի՞ գործն է միայն տեղական ինքնակառավարմանը մասնակցելը

«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Քաղաքացիների մասնակցությունը տեղական բյուջետավարման գործընթացում» ծրագիրը, որը նպատակ ունի խրախուսել դպրոցական աշակերտներին` ցուցաբերելու հետաքրքրություն հանրային մասնակցության հետ կապված հարցերի նկատմամբ և այն դիտարկել որպես օգտակար գործիք տեղական նշանակության խնդիրների լուծման գործընթացում:

Ծրագրի շրջանակներում 5՝ Աշտարակ, Ջերմուկ, Սիսիան, Գորիս և Մեղրի համայնքներում իրականացվելու են «Քաղաքացիների մասնակցությունը տեղական բյուջետավորման գործընթացում» թեմայով 1-օրյա դասընթաց բարձր դասարանների աշակերտերի հետ։ Դասընթացի հիմնական թեմաներն են տեղական ինքնակառավարման սկզբունքները, տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները, համայնքային բյուջեն, քաղաքացիների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը, քաղաքացիների մասնակցության ձևերն ու գործիքները։

Առաջին դասընթացն իրականացվեց Աշտարակ համայնքում` հունիսի 10-ին։ Աշակերտները բավականին հետաքրքրված էին դասընթացի թեմայով, բայց նույնքան էլ` անտեղյակ։ Սա ապացույցն էր նրա, թե որքան բացեր կան մեզանում դպրոցահասակների քաղաքացիական կրթության, հանրային մասնակցության, տեղական նշանակության խնդիրների լուծման գործընթացներում նրանց ներգրավածության հարցերում։

 Աշակերտները խոստովանում են, որ մինչ դասընթացը մտածել էին, որ տեղական ինքնակառավարմանը մասնակցությունը «մեծերի» գործն է ու իրենք այդտեղ անելիք չունեն։ Բայց երբ խոսեցինք մասնակցության մեխանիզմներից, այլ համայնքներում կամ հենց Աշտարակ համայնքում տեղական ինքնակառավարմանը իրենց հասակակիցների  մասնակցության օրինակներից, այն ավելի հասանելի ու ընկալելի դարձավ նրանց համար։ «Այս դասընթացը խթան հանդիսացավ, որ այսուհետ ավելի ուշադիր լիենենք մեր քաղաքի խնդիրներին ու լուծման մեխանիզմների մասին մշտապես մտածենք ու երբ կունենանք հետաքրիր ու օգտակար գաղափարներ՝ չվարանենք համագործակցել ՏԻՄ-ի հետ՝ այն կյանքի կոչելու համար»։


Դասընթացն իրականացվել է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի կողմից «Քաղաքացիների մասնակցությունը համայնքային բյուջետավարման գործընթացում» նախագծի շրջանակում, որն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից՝ Արևելյան գործընկերության տարածաշրջանային ֆոնդի և «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության ցուցաբերած աջակցության շնորհիվ: