Մարտի 8․ Կանանց միջազգային օր

Սիրելի՛ կանայք, մայրեր և աղջիկներ,
Սրտանց շնորհավորում ենք Ձեզ Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ: Պաշտպանեք ձեր իրավունքները, հաճախ ժպտացեք, սիրեք և եղեք սիրված։ Շարունակեք Ձեր խոսքով և գործով բարություն ու ազնվություն սերմանել ամենուր։



Մարտի 8-ը՝ որպես Կանանց միջազգային օր, նշվում է 1911-ից: ՄԱԿ-ի կողմից այդ օրը հայտարարված է որպես Կանանց իրավունքների պայքարի և միջազգային խաղաղության օր: Տոնի ակունքները հասնում են 1850-ական թվականներ, երբ կանայք քիչ էին վարձատրվում, աշխատում էին երկար և չունեին ընտրելու իրավունք։ 1857թ. Մարտին Նյու Յորքում աշխատավոր կանայք դուրս էին եկել ցույցի՝ պահանջելով տղամարդկանց հավասար աշխատանքային իրավունքներ, աշխատանքային օրվա կրճատում և աշխատանքային պայմանների բարելավում:

1908թ. մարտի 8-ին Նյու Յորքում Կանանց սոցիալ-դեմոկրատական կազմակերպության կոչով կրկին ցույց տեղի ունեցավ, որին 15 հազար կին մասնակցեց ոչ միայն աշխատանքային իրավունքի, այլև ընտրական իրավունքի պահանջով:

1909 թվականին Կանանց օրն առաջին անգամ նշվեց ԱՄՆ-ում։ 1909թ. ԱՄՆ-ի սոցիալիստական կուսակցությունը փետրվարի վերջին կիրակի օրը հայտարարեց կանանց ազգային տոն: 1910 թվականին Կոպենհագենում Սոցիալիստ կանանց միջազգային կոնֆերանսի ժամանակ գերմանական Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ակտիվիստ Կլարա Ցետկինն առաջարկեց կանանց օրը նշել միջազգային մասշտաբով։ Այդպիսով օրը սկսեցին նշել նաև Ավստրիայում, Դանիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում՝ կազմակերպելով հանրահավաքներ։ 1917 թվականին Խորհրդային Ռուսաստանում կանայք ստացան քվեարկելու իրավունք։ 

1920 թվականին ԱՄՆ-ում սպիտակամորթ կանայք ստացան քվեարկելու իրավունք։ Ավելի ուշ որոշվեց Կանանց միջազգային օր սահմանել մարտի 8-ը, իսկ ՄԱԿ-ը այն առաջին անգամ նշեց 1975 թվականին։

Այսպիսով՝ մարտի 8-ը ի սկզբանե եղել է աշխատավոր կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված օր, որով փորձել են ուշադրություն սևեռել գենդերային անհավասարության և խտրականության վրա։ 

Տարբեր երկրներ ու կազմակերպություններ տարբեր միջոցառումներով են նշում Կանանց միջազգային օրը։ Օրինակ՝ ՄԱԿ-ը ամեն տարի այս տոնի շրջանակներում ուշադրություն է հրավիրում որևէ թեմայի կամ խնդրի վրա և մեկնարկում է արշավ։ 

Կանանց միջազգային օրվա գույներն են մանուշակագույնը, կանաչն ու սպիտակը։ Մանուշակագույնը խորհրդանշում է արդարություն և արժանապատվություն։ Կանաչը խորհրդանշում է հույս։ Սպիտակը խորհրդանշում է մաքրություն։