+(374) 237 23034 | [email protected]
Սկզբում նրանք հետաքրքրում են մարդկանց, հետո ոգեվորում, որից հետո դառնում են օրինակ և մոտիվացիա․ նրանք հաջողակներն են։
Հաջողակներին ներկայացնելու հետաքրքիր ծրագիր ունի Նարեկ Հակոբյանը, ով ռեժիսուրայի բաժնի ուսանող է, ապագա հաջողակ։ Իսկ մինչ այդ նա մտահղացել և իրականացնում է «Հետևելով հաջողությանը» նախագիծը։ Նարեկը նաև «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության ակտիվ կամավոր է, ով կամավորական աշխատանք է իրականացնում «Արմավիր ինֆոտուն» ծրագրում։ Հենց ՀԿ-ում էլ կայանալու են նախագծի հանդիպումները։ Դրա համար արժե մտապահել քաղաք Արմավիր, Շահումյան 68Ա հասցեն, գուցե հաջորդ հերոսը հետաքրքրի ձեզ։ Իսկ առաջինը արմավիրցի Գոռ Մարտիրոսյանն էր։
Հիմա նորաձև է դարձել խնջույքների կազմակերպումը վստահել որևէ մեկին։ Ավանդաբար հայկական խրախճանքներում կարևոր դեր են ունեցել թամադաները, ովքեր կազմակերպել են ողջ օրվա իրադարձութունները։ Թամադայի դերը կատարել է կամ ընտանիքի քավորը, կամ ներկա հարազատներից պատկառելի տարիքով մարդ, ով ունեցել է կենացներ ասելու հմտություն (դե դա ամեն մարդ չի կարող), տիրապետել է հռետորական արվեստին։
Ժամանակներն անցնում են, հիմա թամադաները դարձել են հանդիսավարներ, շոումեններ և փոխվել են պահանջները։ Երկարաշունչ կենացներն այլևս երիտասարդներին հետաքրքիր չեն։ Իհարկե դրանք չեն կորցնում իրենց կարևորությունը, սակայն խնջույքի օրը զիջում են իրենց տեղը հետաքրքիր խաղերին, մրցույթներին, երաժշտական կատարումներին և այլ երևույթներին։
Այս ամենը կազմակերպելու և կառավարելու համար հանդիսավարը պետք է ունենա գեղեցիկ և սահուն խոսելու հմտություն, մտքի ճկունություն, կրեատիվություն, հաղորդակցման բացառիկ հմտություն, ինչպես նաև սթրեսակայունութուն․ մի խոսքով, շատ դրական հատկանիշներ, որպեսզի անմոռանալի դարձնի իրեն վստահված յուրաքանչյուր ուրախ իրադարձություն։
Այս հատկանիշները, ինչպես նաև մեծ սերը աշխատանքի նկատմամբ Գոռին ուղորդեցին դեպի հանդիսավար-շոումենի կարիերա։ Ժամանակի ընթացքում, փորձ ձեռք բերելով, նա զարգացրեց բոլոր այն հատկանիշները, որոնք փնտրում են հանդիսավարի մոտ։
Սկիզբը։ Գոռը մտածել էր շոումեն դառնալու մասին, իսկ հետաքրքիր պատահականությունը նրան ուղղորդեց։ Զինծառայողի զորացրումը նշում էին 300 հարազատներով, իսկ թամադա չկար։ Դե Գոռն էլ իր վրա է վերցնում այդ պարտականությունն ու, իր խոսքերով, առաջին փորձից սովորում «արաղերենը»։ Այո, այս մասնագիտության մեջ դժվարություններից մեկը հենց գինովցած մարդկանց հետ շփումն է, նրանց չնեղացնելով՝ սեփական ծրագրի իրականացումը․ չէ որ նրանք հաճախ ծրագրից դուրս պահանջներ են ներկայացնում։
Մինչ հանդիսության օրը նա իհարկե հանդիպում է կազմակեպիչների հետ և քննարկում ողջ ծրագիրը։ Ո՞րոնք են ժամանակակից թամադայից ակնկաիքները․Գոռն ասում է․ «Չավանդական լինել։ Իսկ չավանադականը ենթադրում է բացառել․ հանգավորված կենացները, անիմաստ հումորները, անտաղանդ ձայնով երգերը (հիմնականում հյուրերի կողմից), բանաստեղծություններն ու փայլուն կոստյումը»։
«Հետևելով հաջողությանը» նախագիծը հունվարի 8-ին հնարավոություն տվեց նրա անձով և գործունեությամբ հետաքրքրված մարդկանց հանդիպել, քննարկել, բացահայտել այն գաղտնիքները, որոնք երիտասարդին տանում են դեպի նպատակների իրականացում։
Նախագիծը շարունակական է լինելու, հանդիպումներ են սպասվում նաև այլ ոլորտների ներկայացուցիչների հետ՝ հիմնականում Արմավիրի մարզից և Արմավիրի մարզի լսարանի համար։ Այժմ գոծարկվել է նաև նախագծի ֆեյսբուքյան էջը, որտեղ հետաքրքրվողները կարող են ստանալ տեղեկատվություն սպասվող հանդիպումների մասին։