Հանրային քննարկում «Մասնակցային բյուջետավորման մեթոդաբանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում

«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը Աշտարակի համայնքապետարանի հետ համագործակցությամբ ս․թ․ մարտի 1-ին «Մասնակցային բյուջետավորման մեթոդաբանությունը Հայաստանում» նախագծի շրջանակում Աշտարակ քաղաքում իրականացրեց հանրային մեծ քննարկում՝ ներգրավելով խոշորացված համայնքի վարչական շրջանների պաշտոնյաներին, համայնքի բնակիչներին, քաղաքացիական հասարակության և մեդիա ներկայացուցիչներին։

Քննարկման ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին համայնքներում մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ 2024 թ. պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման նոր մոդելը, Աշտարակ համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթացի մանրամասներն ու ՄԲ ծրագրի շրջանակում բնակիչների և նախաձեռնող խմբերի կողմից համայնքապետարանին ներկայացված ծրագրային առաջարկները։

Մասնակիցներն էլ իրենց հերթին ներկայացրին իրենց առաջարկները համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթացի արդյունավետ կազմակերպման, ինչպես նաև ներկայացված ծրագրերի իրականացման առնչությամբ, և քվեարկեցին իրենց նախընտրած ծրագրային առաջարկների օգտին։

Քննարկմանը ներկա էին նաև ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու Ֆինանսների նախարարության ներկայացուցիչները, ովքեր իրենց ողջույնի խոսքում մասնակիցներին ներկայացրին մասնակցային բյուջետավորման ծրագրի ընդհանուր գաղափարը և ընդգծեցին վերջինիս դերը երկրում ժողովրդավարական արժեքների տարածման և բաց կառավարման համատեքստում։

Միջոցառման վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ։

————————————————————————————————-

Սույն հրապարակումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցության շնորհիվ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) թիվ 72011123CA00001 համագործակցության պայմանագրի համաձայն՝ Քաունթերփարթ Ինթերնեշնլի «Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագրի իրականացման շրջանակներում։

Սույն հրապարակման բովանդակության և նրանում արտահայտված կարծիքների, տեսակետների համար պատասխանատու են միմիայն հեղինակ(ները) և «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ արտահայտեն Քաունթերփարթ Ինթերնեշնլի, ԱՄՆ ՄԶԳ-ի, ԱՄՆ կառավարության տեսակետները։