+(374) 237 23034 | [email protected]
«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը Արմավիր ինֆոտան ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում մեկնարկել է «Բաց գիտելիքների հարթակ» օնլայն հանդիպումների շարքը:
Հանդիպումների ժամանակ ներկայացվում են ամենատարբեր ոլորտներից հետաքրքիր թեմաներ:
Առաջին հանդիպումը նախատեսված էր Արմավիրի պետական ինդուստրիալ — մանկավարժական քոլեջի ուսանողների համար, նրանց միացան նաև այլ անձիք, ովքեր հետաքրքրված էին անձի զարգացման և աշխատանքային էթիկայի հարցերով:
Մայիսի 4-ին և 5-ին տեղի ունեցած դասընթացները վարում էր Արմավիր ինֆոտուն ծրագրի համակարգող Լիլիթ Գրիգորյանը:
Որպես անձի զարգացման առաջնային պայման՝ նշվեց երազանքների և նպատակների առկայությունը: Յուրաքանչյուր ոք ձգտում է հասնել երջանկության, իսկ այս զգացողությունն առաջանում է, երբ կատարվում են մարդկանց նպատակները:
«Յուրաքանչյուր նպատակի թիկունքում կա ինչ-որ, գուցե թաքուն, երազանք». նշում է դասընթացավարը:
Մասնակիցները իրենց հերթին խոսեցին երազանքներից, նպատակներից, որոնք դրել են իրենց առջև՝ խոսելով նաև երազանքներին հասնելուց հետո իրենց զգացողությունների մասին:
Այս մասով կարևորվեց այն կարողություններն ու հմտությունները, որոնք ձեռք է բերում անձը աշխատանքի ընթացքում՝ ընդգծելով, որ ցանկացած գործատու վճարում է ոչ թե անձին, այլ նրա կարողությունների համար:
Անձնային աճի ընթացքում միշտ էլ լինում են խնդիրներ, որոնք հաճախ հիասթափեցնում են անհատին: «Խնդիրը հնարավորություն է. խորհուրդ է տալիս Լիլիթը,- Բջջային հեռախոս ստեղծողն ու գումար ներդնողը եթե մտածեր٬ որ մարդիկ չգիտեն՝ դա ինչ է٬ չգիտեն՝ ինչպես օգտագործել ու ընդհանրապես٬ թանկ հաճույք է, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլիներ»:
Մեր կյանքում հանդիպած յուրաքանչյուր խնդիր ստիպում է ավելի շատ մտածել, աշխատել:
Դասընթացի հաջորդ հատվածը վերաբերում էր հաղորդակցության հմտություններին.երևույթ, որն աջակցում է անձնական հաջողությունների ճանապարհին:
Արդյունավետ հաղորդակցությամբ լուծվում են խնդիրները, իրականանում են նպատակները: Այս մասով կարևորվում է ոսկե կանոնի պահպանումը՝ վարվել ուրիշների հետ այնպես, ինչպես կցանկանան, որ իրենց հետ վարվեն:
Գործնական հաղորդակցությունն, իհարկե, որոշ կանոններով տարբերվում է մյուսներից: Այստեղ շատ կարևոր կետեր են հարգանքը յուրաքանչյուր գործընկերոջ նկատմամբ, աշխատանքային և բիզնես գաղտնիքների պահպանումը, համագործակցային աշխատանքում պատասխանատվությունը և ժամանակի ճիշտ կառավարումը:
Հանդիպումն ամփոփվեց սեփական կերպարի ստեղծման թեմայով: Արտաքին տեսքը նույնպես կարևոր է հաղորդակցության ժամանակ. հագնել տեղին և ճիշտ: Այս կանոնի պահպանումը հնարավորություն կտա ձեր մասին դրական կարծիք ստեղծել, որն էլ կարող է օգնել գործնական հաջողությունների հասնելուն:
Դասընթացավարը հանդիպման ավարտին խորհուրդ տվեց խուսափել թշնամիներ ձեռք բերելուց.«Թշնամին բարձր տոկոսով վարկի նման է, հնարավոր է նրանք փչացնեն մեր ամբողջ կյանքը»:
«Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի նպատակն է բարձրացնել հանրային մասնակցության աստիճանը ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներում: Ծրագիրը քաղաքացիներին տրամադրում է վստահելի տեղեկատվություն և հզորացնում քաղաքացիական հասարակությանը` արդյունավետ, հաշվետու և մասնակցային տեղական ինքնակառավարումը խթանելու նպատակով:
Ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից՝ Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶԿԿ), Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ), Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ, և ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կողմից: