Խոշորացված Արմավիր. համայնքապետերը վստահեցնում են՝ խոշորացումը օգտակար է համայնքներին

2021 թվականին համայնքների խոշորացման ծրագրում ներառվեց Արմավիրի մարզը։

96 համայնքներ միավորվեցին և ձևավորվեցին նոր 7  համայնքային փնջեր։ Դրանք էին՝ Մեծամորը, Արմավիրը, Արաքսը, Բաղրամյանը, Խոյը, Էջմիածինն ու Փարաքարը։ Ֆերիկ համայնքն ամբողջովին եզդիաբնակ է և այլ համայնքների հետ չխոշորացվեց։  Խոշորացված համայնքներից ամենամեծը Մեծամորն է՝ մոտ 76.000 բնակչությամբ։

Ինչպե՞ս խոշորացվեց Արմավիրը

Խոշորացման վերաբերյալ կարծիքները համայնքներում շատ տարբեր են։ Կառավարությունը խոշորացման գործընթացը կարևորում է ավելի արդյունավետ կառավարման տեսանկյունից, վստահեցնելով, որ համայնքներում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերը կավելանան։ Մյուս կողմից շեշտվում է խոշորացման դերը համայնքային աշխատակազմերի ուռճացված հաստիքները վերացնելու տեսանկյունից։ Պատասխանելով մեր գրավոր հարցմանը, Արմավիրի համայնքապետ Դավիթ Խուդաթյանը տեղեկացրել է, որ ներկայում Արմավիրի համայնքապետարանում փաստացի աշխատում է 110 անձ, ներառյալ յուրաքանչյուր բնակավայրի վարչական ղեկավարները։ Հասկանալու համար, թե արդյո՞ք խոշորացումն ազդել է համայնքային ուռճացված աշխատակազմերի օպտիմալացման վրա, մենք համայնքապետարանից տվյալներ էինք խնդրել, թե մինչ խոշորացումը Արմավիր համայնքի կազմում ներառված բնակավայրերի  վարչական  ապարատներում քանի՞ անձ է ներգրաված եղել։ Այն ունեցել է հետևյալ պատկերը.

Քաղաք Արմավիր-60 , 

Գյուղ Այգեվան-12, Խանջյան-10, Արաքս-9, Նորավան-7, Լենուղի-11, Լուկաշին-11, Մայիսյան-10, Սարդարապատ-15, Հացիկ-10, Մյասնիկյան-13

Փաստացի, այս տվյալների համադրումից պարզ է դառնում, որ դեռևս չխոշորացված այս բոլոր համայնքներում միասին կային 168  հաստիքներ, իսկ այժմ մնացել են 110-ը։

Հարցազրույց Արմավիրի համայնքապետ Դավիթ Խուդաթյանի հետ

Արմավիրում քաղաքացիների շրջանում անցկացված հարցումները ցույց են տվել հիմնականում երկու բնույթի խնդիրների առկայության մասին. դրանցից առաջինը Արմավիրում ժամանցի վայրերի բացակայությունն է, իսկ երկրորդը՝ տրանսպորտային խնդիրները։ Խոշորացված Արմավիրի խնդիրների շուրջ զրուցել ենք համայնքապետ Դավիթ Խուդաթյանի հետ.

-Պրն. Խուդաթյան ինձ հետաքրքիր է՝ մինչև այս պահը ինչպես եք գնահատում խոշորացման ընթացքը՝ որպես Արմավիր խոշորացված համայնքի ղեկավար

-Խոշորացման ընթացքը գնահատում եմ դրական, չնայած կարճ ժամանակ է անցել, ընդհանուր Արմավիրը վերջին փուլով է խոշորացվել, մենք ժամանակ ենք ունեցել ուսումնասիրելու խոշորացված մյուս համայնքների այսպես ասած ճակատագիրը և  հենց ամենասկզբից էլ համոզմունքը մեր եղել է, որ խոշորացումը շատ  լավ գործիք է համայնքներում տարիներով կուտակված հարցերը լուծելու համար։ Ինչի՞ մասին է խոսքը. օրինակ 2022 թվականին` արդեն խոշորացման հենց առաջին տարում, համայնքներում` հատկապես գյուղական, պլանավորվել են այնպիսի աշխատանքներ, որոնք տեսականորեն  անհնար կլինեին, եթե բյուջեները չմիացվեին։ Օրինակ երկու համայնքներում՝ Այգեվանում ու Լենուղում ջրամատակարարման ցանցի ու ամբողջովին նոր խմելու ջրի ցանցի փոփոխությունների աշխատանք ենք նախատեսել, որի նախագծային արժեքը երեք անգամ գերազանցում է  տվյալ համայնքների բյուջեն, այսինքն հասկանալի է, որ 40 մլն դրամ բյուջեով, որի զգալի մասը աշխատավարձային ֆոնդեր է Այգեվանում, Լենուղում, իրենք չէին կարողանա 120 կամ 100 մլն արժողությամբ նախագծային աշխատանք կատարել և նման օրինակները բազմաթիվ են տաբեր համայնքներում։Ես վստահ եմ՝  1-2 տարի անց  ժողովուրդը լավ կգնահատի, եթե նույնիսկ հիմա որոշակի դժվարություններ կան։ Կարծում եմ երկու տարի հետո բոլորը համոզվելու են, որ խոշորացումը արդարացրեց իրեն և իրոք լավ գործիք է:

-Քաղաքացիների դժգոհությունից խոսեցիք, արդյո՞ք Ձեզ դիմել են համաքների բնակիչներ ու խոսել խնդիրներից կամ քննարկել խոշորացման նպատակահարմարությունը: Ի՞նչ դժգոհություններ կան։

-Այս պահին ավելի շատ սպասողական վիճակ է քաղաքացիների  մոտ, կապված շինարարությունների մեկնարկի հետ։ Վստահ  եմ, որ առաջին աշխատանքների սկսվելու հետ զուգընթաց այդ մտայնությունը կմարի։ Գուցե կան քաղաքացիների մոտ թղթաբանության հետ կապված որոշակի դժվարություններ, աշխատանքներ կան,  որոնք նախկինում արվել են վարչական շրջաններում, հիմա այդ լիազորությունները իրականացվում են  խոշորացված  համայնքի կենտրոնում, գուցե դրա հետ կապված խնդիրներ կան: Վստահ եմ, որ կան, բայց նաև միասնական տեղեկատվական ցանցի ներդրմանն ու  նաև աշխատողների ադապտացմանը զուգահեռ այս  խնդիրները ևս վերանալու են:

-Իսկ օրինակ նախատեսու՞մ եք հարցումներ իրականացնել քաղաքացիների շրջանում հասկանալու՝ իրենք ինչ են ուզում փոխվի իրենց համայնքներում և դուք ձեր գործողությունները ըստ դրա պլանավորեք։

-Մենք ընդհանրապես հնգամյա զարգացման ծրագիր ունենք, որ հանրային քննարկում է անցնում և ունենք տարվա աշխատանքային  պլաններ, որոնք հաստատվում են ևս հանրային քննարկմամբ։ Բացի դա, պարբերաբար շփումներ ենք ունենում քաղաքացիների հետ տարբեր ֆորմատներով և այդ ամբողջ ընթացքում  հավաքագրում ենք հիմնական խնդիրները,  որոնք համայնքներում ըստ քաղաքացիների առաջնային լուծման կարիք ունեն: Սուբվենցիոն  հայտերի հետ կապված պարտադիր պայման կա՝ լսումները, այստեղ ևս լսում ենք քաղաքացիներին, բայց պիտի ցավոք արձանագրեմ, որ հանրային լսումների ինստիտուտը մեր երկրում կայացած չէ և շատ ժամանակ հանրային լսումները անցնում են  կա’մ փոքր թվով քաղաքացիների ներկայությամբ, կա’մ  եղել են դեպքեր, երբ առանց քաղաքացիների է անցնում։ 2022 թվականի աշխատանքները պլանավորելուց հենց սա ենք նկատի ունեցել. որտեղ հրատապ է խմելու ջրի խնդիրը, մենք գնացել ենք այդ ճանապարհով, որտեղ հրատապ է նախադպրոցական, ուսումնական հաստատությունների շենքերի պայմանները, նույնիսկ տեղեր կան որ դրանց գոյություն ունենալը կամ չունենալը գնացել ենք այդ ճանապարհով և այլն։

-Այսինքն ինչ որ հաջորդականություն կա՞, օրինակ այս տարի այս համայնքում սա ենք անելու, հաջորդին սա և այլն։ Քաղաքացիները ինչպե՞ս են իմանալու, թե մյուս տարի իրենց մոտ ինչ  աշխատանքներ են կատարվելու:

-Փորձում ենք համայնքները զարգացնել համաչափության սկզբունքով. այն համայնքները, որոնք այս տարի սուբվենցիոն աշխատանքներում ներառված չեն լինի, այնտեղ լինելու են աշխատանքներ մյուս տարվա ընթացքում և ինձ համար որպես համայնքի ղեկավար  առաջնահերթ է կարիքների բացահայտումը։ Հասկանալի է պաշտոնը, համայնքների ղեկավարումը ստանձնել եմ հինգ տարի ժամկետով, 5 տարվա ընթացքում բոլոր խնդիրները չէ, որ հնարավոր է լուծել, դրա համար լուծելու ենք այն խնդիրները որոնք առավել կենսական են: Կենսական  խնդիրները 2-3 տեսակի ես կբաժանեմ։Առաջինը՝ գյուղատնտեսական, խոսքը կարկտակայանների տեղադրման մասին է, որոնք մեծ հաշվով արդեն կատարված են, երկրորդը ՝ ոռոգման ջրի ցանցի մասին է, խորքային հորերի հասանելիության հետ է կապված, սա համայնքների կենսական խնդիրներից մեկն է, մյուս խնդիրը, որ մենք առանձնացրել ենք մեր համար, դա նախադպրոցական ուսումնական հաստատությունների գոյությունն է համայնքում, որովհետև կրթության ամենաստորին մակարդակը մեր երկրում, ցավոք սրտի, երկար տարիներ անտեսված է եղել և մանկապարտեզներ շատ գյուղական շրջաններում չկան։ Այս տարի պետական ծրագրերով և համայնքի մասնակցությամբ 4 համայնքներում  սկսվել են մանկապարտեզի կառուցման աշխատանքները: Երկու համայնքներում  կապիտալ վերանանորգվելու են մանկապարտեզներ և երկու համայնքներում էլ մանկապարտեզները անցնելու են ձմեռային  ռեժիմի՝  այսինքն մեկուսացման և ջեռուցման համակարգերի կառուցում, գազաֆիկացում: Արմավիր քաղաքի մասով  հրատապ խնդիր է ճանապարհների վիճակը ու  մեծ ծավալով՝ առնվազն 1-2,5 անգամ  ավելի մեծ ծավալով աշխատանք ենք ընդգրկել նաև սուբվենցիոն հայտում։Վարչական մի համայնքում ջուրն է հրատապ, մի համայնքում լուսավորությունը, երրորդում մանկապարտեզը, այնպես որ անհատապես մոտենում ենք բոլոր վարչական միավորներին:

— Արմավիր քաղաքի բնակիչները շատ գոհ են որ ջրագծերը փոխվում են:

-Այո ծրագիրը իրականացվում է Տարածքային զարգացման հիմնադրամի հետ համատեղ, պետական  ֆինասավորմամբ, վարկային միջոցներով։ Ծրագիրը մեկնարկել է նախորդ տարեվերջին կտևի 2023 թվականի երկրորդ կեսը, ներառում է քաղաքի  40 տոկոսի ջրամատակարման ցանցի փոփոխություն:Նախատեսվածից բավական արագ են ընթանում աշխատանքները, անձրևների դադարելուն պես կսկսվի  ասֆալտապատումը։Մի ծրագիր ունենք,  որը  ամենայն հավանականությամբ կմեկնարկի տարվերջին կամ մյուս տարվա սկզբին: Սա էլ ներառելու քաղաքի մյուս հատվածի ջրամատակարարման ցանցի կապիտալ նորոգումը, ինչը չարչրկված խնդիր է։

-Արմավիրը քանի՞ խոշորացված համայնք է ներառում։

-10 գյուղական, 1 քաղաքային

-Կա՞ այնպիսի գյուղական համայնք, որ խնդիր ունի դեպի քաղաք ճանապարհների ու տրանսպորտի հետ կապված։

— Տրանսպոտային ցանցի հետ կապված խնդիրը  հետևյալն է՝ կենտրոնացված  երթուղու մրցույթ է իրականացվում  կառավարության կողմից, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարության պատվերով: Կարծում եմ՝ մրցույթի  իրականացման արդեն երկրորդ փուլի  ավարտից  հետո   մարզում բոլոր համայնքների միջև  տրանսպորտային մատչելի կապը կդառնա հասանելի  քաղաքացիների համար: Այս պահին էլ գործում են երթուղիներ, որ Մայիսյանի հետ է կապվում, Մյասնիկյանի հետ է կապվում և Արաքսի հետ է կապվում. այդ բոլոր երթուղիները աշխատում են այս պահին, ճիշտ է, ոչ բարվոք շարժակազմով, որքան կլինի նոր մրցույթի իրականացումից հետո, բայց ամեն դեպքում համայնքներում և կենտրոնի միջև կապը նաև միւհամայնքային կապը նորմալ մակարդակի է:

— Ձեր նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ ասացիք,  որ երիտասարդական կենտրոն եք ուզում բացել։ Ի՞նչ ընթացքի մեջ է դա, ինչպե՞ս եք պատկերացնում խոշորացումից հետո 10 համայնքների ու քաղաքի երիտասարդների երիտասարդական կյանքը:

-Մենք երկու խնդիր ունենք՝ նախ տեղերում կյանքը հետաքրքիր դարձնել երիտասարդների համար և երկրորդ՝ արդեն Արմավիրը և որպես մարզկենտրոն և խոշորացված համայնքային կենտրոն, առանձնակի պատասխանատվություն և դեր ունի այս հարցում: Գյումրու երիտասարդական կենտրոնի, ՅՈւՆԻՍԵՖ հետ համատեղ արդեն մեկ ամիս հետո, կարծում եմ, երիտասարդական կենտրոն կունենանք Արմավիրում, որը և’ կրթական և’ ժամանցային բաղադրիչներ ունի: Բավական լավ տեսքի է եկել քաղաքային զբոսայգին, ևս մեկ զբոսայգու կառուցման աշխատանքներ  են ընթանում: Կուզեմ առանձնացնել մարզադաշտը, որտեղ և սպորտային պարապմունքներ են անցկացվում և հանրապետական նշանակության միջազգային ֆուտբոլային հանդիպումներ, որը աշխուժություն է մտցրել քաղաքում:

Երիտասարդների հետ կապված մի շատ լավ ծրագրի մեկնարկ է տրվել, մեր լավ գործընկերոջ՝ COAF-ի հետ համատեղ Մյասնիկյանում նախադեպը չունեցող սմարթ ավանն է կառուցվելու, դա COAF-ի ֆինանսական միջոցներով և համայնքի հողհատկացմամբ, մարզպետարանի, կառավարության հետ համագործակցությամբ։ Արդեն բավական  գործանական փուլում ենք գտնվում, նախագծերի մրցույթ են հայտարարել մեր գործընկերները, մոտավորապես ընտրվող նախագծերի շրջանակը պատրաստ է:

-Այսինքն խոշորացումը, որպես այդպիսին դրական ազդեցություն է  ունենում համայնքային ենթակառուցվածքների վրա, նույնիսկ հիմա, երբ քաղաքացիների համար որոշ բարդություններ կան:

-Երբ մենք ամփոփոմ ենք համայնքի կառավարման չխոշորացված նախորդ 30 տարիները, բնականաբար արդյունքները գոհացուցիչ չեն։ Օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից ելնելով, վստահ եմ, որ հաջորդ շրջանը, որ մենք ամփոփենք, կարձանագրենք որ սա մի քանի անգամ ավելի արդյունավետ էր քան նախորդ շրջանը,   վստահ եմ, որ փոփոխությունները 2 տարվա ընթացքում ավելի ակնառու կլինեն, իսկ 5 տարի հետո երբ ամփոփենք էս ամեն ինչը, կհասկանանք,  որ իրականում շատ  աշխատանքներ են եղել, կենսական խնդիրներ հնարավոր եղավ լուծել նախորդ տարիների ընթացքում:

Սուբվենցիոն խոշոր ծրագրեր՝ Բաղրամյանում

Արմավիրի մարզում խոշորացման արդյունքում ձևավորվեց նաև Բաղրամյան համայնքը։ Այն ներառում է  14 բնակավայրեր՝ 19.258  բնակչով։ Այստեղ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կայացան դեկտեմբերին։ Համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանը նույնպես գոհ է խոշորացման գործընթացից։ Որպես խոշորացման ձեռքբերում` նա նշում է ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը։ Բաղրամյանը կառավարությանն է ներկայացրել 17 սուբվենցիոն ծրագիր, որոնք վերաբերում են փողոցաշինությանը, խմելու և ոռոգման ցանցի արդիականացմանը, արևային կայանների տեղադրմանը և այլն. «Նախկինում համայնքների բյուջեն այնքան փոքր էր, որ կարողանում էին հազիվ իրենք իրենց աշխատավարձ տալ ու ընթացիկ որևէ «թեթև» գործ։ Իսկ հիմա այն գյուղերը, որ երբևէ սուբվենցիոն ծրագրի չեն մասնակցել, այդ գյուղերում ծրագրեր են իրականացնում»,-խոշորացման առավելություններն է ներկայացնում Առաքելյանը։ Վերջինիս խոսքով՝ բոլոր բնակավայրերն ունեն իրենց ավագանու անդամը Բաղրամյանում. «Մեծ բողոքներ չկան, շատ մարդիկ ուզում են, որ ամեն ինչ ավելի արագ լինի։ Սկզբում մարդկանց վախն այն էր, որ իրենք թղթեր ստանալու համար պիտի գյուղը թողնեն, հասնեն շրջկենտրոն, բայց բոլոր տեղեկանքները հիմա կարող են տեղում վերցնել։ Միայն կադաստրի հետ կապված որոշ փաստաթղթեր, տեղեկանքներ է, որ պիտի խոշորացված համայնքի ղեկավարի կնիքով վերցնեն»,-ասում է Բաղրամյան համայնքի ղեկավարը։

Առաջիկայում կայանալու է խոշորացման նոր գործընթաց, արդեն իսկ խոշորացված որոշ համայնքներում ներառվելու են նոր բնակավայրեր։ Կառավարությունն արդեն իսկ հաստատել է համապատասխան օրենսդրական փոփոխություններն ու այն ուղարկել խորհրդարան։ Խոշորացման այս նոր շրջափուլում Արմավիրի համայնքները ներառված չեն։

Նյութը պատրաստեցին՝ 

Քրիստինե Կարապետյան,Օլգա Գևորգյան,Դիանա Դանիելյան, Գոհար Գալստյան

Հարցազրույցն իրականացրեց Քրիստինե Կարապետյանը, 

Մենթոր՝ Մկրտիչ Կարապետյան

Աշխատանքն իրականացրել են Ինֆոլուր խմբի մասնակիցները:


«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը գործարկում է Արմավիր ինֆոտունը:

Այն իրականացվում է «Քաղաքացիական հասարակության դերի բարձրացում Արմավիրի մարզում» նախագծով, որը Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության, Սիդայի աջակցությամբ իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում է: