+(374) 237 23034 | [email protected]
Հունվարի 30-ին «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ում տեղի ունեցավ «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի «Մեդիա մարդ» լրագրության դպրոցի երկրորդ հանդիպումը «ԶԼՄ գործունեությունը կարգավորող օրենսդրությունը» թեմայով։
Այս դասընթացի նպատակն է մասնակիցներին ուսուցանել, թե ինչ սկզբունքներով է աշխատում ԶԼՄ-ն, ԶԼՄ ներկայացուցիչը, ինչպես է կարգավորվում արտադրող և սպառող հարաբերությունները այս ոլորտում։
Մինչ դասընթացի սկիզբը մասնակիցները ներկայացրեցին իրենց տնային հանձնարարությունները։ Նրանք լուսանկարել էին իրենց համայնքի հետաքրքիր հատվածները։ Յուրաքանչյուր լուսանկարի դեպքում քննարկվեց, թե հեղինակը որքանով է յուրահատուկ և միայն սեփական տեսանկյունից դիտարկել իր համայնքը։
«Դուք հաճախ լուսաբանելու եք իրավիճակներ, որտեղ իրադարձությունը և հերոսները նույնն են լինելու, ձեր նյութը պետք է տարբերվի մնացած բոլոր հրապարակումներից, իսկ տարբերվելու միակ ձևը սեփական տեսանկյունն ունենալն է, ինչպես այս լուսանկարներում»․ հանձնարարության իմաստն այսպես մեկնաբանեց դասընթացավար, Արմավիր ինֆոտուն ծրագրի համակարգող Լիլիթ Գրիգորյանը։
Քանի որ ԶԼՄ գործունեությունը կարգավորող օրենսդրության թեման ամենակարևորներից է և ծավալուն, այն ուսումնասիրվելու է մի քանի հանդիպումների միջոցով, որպեսզի հիմնավոր գիտելիքներ ստանան մասնակիցները։ Մինչ օրենքներն ուսումնասիրելը, առաջին հանդիպումը նվիրվեց լրագրողների գործունեությունը կարգավորող էթիկական նորմերի ուսումնասիրմանը։
Մասնակիցները յուրաքանչյուր սկզբունք քննարկեցին և վերլուծեցին առանձին։ Դասընթացավարը մեկնաբանում էր սկզբունքը՝ որքանով է դրա պահպանումը օգնում կամ խոչընդոտում նյութի պատրաստմանը, լրագրողները որ իրավիճակներում են հատկապես խնդիր ունենում այս սկզբունքների պահպանման հետ և տեսականորեն ինչպես կարելի է հաղթահարել ռիսկերը։ Մասնակիցները կարծիքներ էին հայտնում և քննարկում,թե այն որքանով է պահպանվում հայաստանյան լրատվամիջոցներում։ Այսպես մեդիա դպրոցի մասնակիցներն արդեն ծանոթ են իրենց գործունեությունը կարգավորող հիմնական սկզբունքներին, որոնք են՝ ճշգրտություն, անաչառություն և անկողմնակալություն, պաստասխանի իրավունք, աղբյուրների գաղտնիություն, խտրականության անընդունելիություն, անձնական կյանքի գաղտնիություն, երեխաների հետ աշխատելու դեպքում ծնողների թույլտվության ստացում, հանցագործությունների լուսաբանման դեպքում անմեղության կանխավարկածի պահպանում, հանցանքի կամ հակասոցիալական վարքի դրդող նյութեր չհրապարակելը, գովազդի տարանջատումը խմբագրական նյութից, գաղտնի ձայնագրություններից զերծ մնալը, հեղինակային իրավունքի պահպանումն ու անձնական շահ չհետապնդելը լրագրողական գործունեություն իրականացնելիս։
Ներկայացվեց նաև այս սկզբունքների կիրառման օրինակ լրագրողական համայնքում։ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն և «Հետք» թերթը ընդունել են էթիկայի կանոնագիր, որը կրարգավորում է աշխատակիցների գործունեությունը։
Հաջորդ հանդիպման համար մասնակիցներին տրամադրվեց «Զանգվածային լրատվության մասին» և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքներից քաղվածքներ, որոնք պետք է ուսումնասիրեն մասնակիցները և քննարկեն։
Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների ևժողովրդավարական արժեքներին առնչվող հարցերի մասին անկախ և վստահելիտեղեկատվությունը:
Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ` որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։