+(374) 237 23034 | [email protected]
Գաղտնիք չէ, որ սպորտը վաղուց մեծ դեր է խաղում մարդու ներդաշնակ զարգացման գործում: Շատ գովելի է այն փաստը, որ վերջին ժամանակներում երիտասարդ սերնդի կողմից մեծ հետաքրքրություն է առաջանում այս կամ այն մարզաձևի նկատմամբ:
1891 թվականին ստեղծված բասկետբոլ թիմային մարզաձևի հանդեպ հետաքրքրությունը տարիների ընթացքում ավելանում է։Այն մտնում է օլիմպիական խաղերի ծրագրի մեջ:
Արմավիրի թիվ 1 մարզադպրոցում 1978 թվականից գործում է բասկետբոլի խմբակ: Բասկետբոլի հավաքականի հետ կապված նոր պլանների մասին մարզադպրոցի տնօրեն Անդրանիկ Դարբինյանը նշեց, որ անում են ամեն ինչ, որպեսզի թիմը հնարավորություն ունենա մասնակցելու փնջային և հանրապետական մրցաշարերին:
Պարոն Դարբինյանի խոսքով մարզադպրոցը հագեցած է համապատասխան մարզագույքով (գնդակ, մարզադահլիճ), ձմռան ամիսներին դահլիճը ջեռուցվում է լոկալ ջեռուցման համակարգով, թիմից էլ ակնկալվում է լուրջ մոտեցում հետագա խաղերին մամասնակցելու համար:
Պարոն Դարբինյանը հավելեց նաև, որ Արմավիրի թիվ 1 մարզադպրոցը կարևոր նշանակություն ունի Արմավիրցիների կյանքում, նշելով, որ ընդունելությունը կատարվում է 4 տարեկանից սկսած:
2009 թվականից թիմի մարզիչը Լյովա Թովմասյանն է։ Բացի Արմավիրի թիվ 1 մարզադպրոցից Լյովան աշխատել է նաև Հացիկ և Մյասնիկյան համայնքների դպրոցներում: Արմավիրի թիմի հետ նա գրանցել է բավականին հաջող արդյունքներ:
Նշանակալի հաղթանակ էր 2015 թվականի Հայաստանի առաջնությունում Արաբկիրի հետ խաղում զբաղեցրած 2-րդ հորիզոնականը:
Մարզիչը շատ է կարևորում այն փաստը, որ տարվա մեջ 2 անգամ գնում է վերապատրաստման դասընթացների՝ ՀՀ ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում:
Ընկեր Լյովայի (այսպես են նրան դիմում աշակերտները) մասին գովեստով են խոսում սաները: Նրանց խոսքերով բավականին պատասխանատու և փորձառու մարզիչ է: Սաներից Հասմիկը նշեց, որ ընկեր Լյովան առանձնանում է սաների հանդեպ մարդկային և ընկերական վերաբերմունքով: Նրա հետ յուրաքանչյուր մարզում այնքան լավ է անցնում, որ ինքն անհամբեր սպասում է հաջորդ մարզումներին:
Թիմի անդամներից Ավետիսի ու Յուրայի հավաստմամբ մարզումները դրական ազդեցություն են ունենում իրենց ֆիզիկական կառուցվածքի վրա և դրական լիցքեր են հաղորդում:
Հեղինակներ՝
Էմմա Բաղդասարյան
Հասմիկ Մկրտչյան