Արմավիր ինֆոտունը մեկնարկել է Արմավիրի ուսուցիչների ակումբի ստեղծման աշխատանքները

Արմավիր ինֆոտունը «Քաղաքացիական հասարակության դերի բարձրացում Արմավիրի մարզում» ծրագրի շրջանակներում մեկնարկել է 2022 թվականին իրականացվող գործողությունների շարքը, որոնցից առաջինը  Արմավիրի մարզի ուսուցիչների մասնագիտական ակումբի ստեղծումն է:

Ակումբը ենթադրում է ուսուցիչների կողմից ինքնակառավարվող ոչ ֆորմալ հարթակ, որը հնարավորություն է տալու ուսուցիչներին իրականացնել մասնագիտական քննարկումներ, լավագույն փորձի փոխանակում, համագործակցություն, ոլորտային հանդիպումներ, այլ կերպ ասած՝ ստեղծվելու է ոչ ֆորմալ միջավայր, որը կնպաստի  մասնագիտական աճին:

Մինչ բուն ակումբի ստեղծումը ԱԶԿ ՀԿ թիմը Արմավիրի մարզի կրթության ոլորտի շուրջ 50 ներկայացուցիչների հետ իրականացրեց քննարկում «World cafe» ֆորմատով, որի նպատակը կարիքների և կարողությունների գնահատումն էր, ինչպես նաև կրթության որակի բարելավման համար առաջարկների հավաքագրումը:

Հանդիպման մեկնարկին ուսուցիչներին ողջունեց ԱԶԿ ՀԿ նախագահ Նաիրա Առաքելյանն, ով նշեց, որ կրթության ոլորտում բարեփոխումների քայլերն ՀԿ-ն իրականացրել է դեռևս 2014 թվականից, այդ ժամանակվանից առկա էր ակումբի գաղափարը: Իսկ դպրոցների հետ համագործակցությունը, գրեթե, բոլոր ծրագրերի մասն է կազմում մինչ այժմ:

Գործընկեր Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի ղեկավար Միքայել Հովհաննիսյանը իր խոսքում կարևորեց ոլորտի ներկայացուցիչների կողմից ինքնազարգացման, ժամանակակց լավագույն փորձի ներառման ցանկությունը:

Իրականացված քննարկման թեմաները հինգն էին, դրանք ներկայացնում էին կրթության ոլորտի խնդիրները տարբեր տեսանկյուններից՝ կրթության բովանդակություն, կրթության մեթոդաբանություն, ավագ դպրոցի դերը մասնագիտական կողմնորոշման համատեքստում, ինչպես նաև դպրոցի դերը համայնքում:

Չնայած նրան, որ նոր չափորոշիչներով աշխատանքը դեռևս պարտադիր պայման չէ, կարևոր էր դրանց որոշ սկզբունքների մասին ներկայացնել մասնագետներին հատկապես, որ շատ հարցեր դեռևս անպատասխան են:

Շարունակական կրթության փորձագետ Լուսինե  Խառատյանի ելույթը հենց կրթության ոլորտում սպասվող փոփոխությունների մասին  էր, որը բուռն քննարկում առաջացրեց մասնակիցների շրջանում:

— Կրթական այս պարադիգմայում, ենթադրվում է, որ մենք բոլորս ունենք փորձ, որը արժեքավոր է և պետք է դառնա կրթական գործընթացի մաս, և ձեզ վերապատրաստողները պետք դա հաշվի առնեն: Այլ է աշխատանքը տարրական դասարանների դեպքում. նրանք դեռ փորձ չունեն, որը չի խանգարում կրթական պրոցեսին, այդ  առումով գիտելիք տալն ավելի հեշտ է, և գուցե ավելի հեշտ է հմտություն ձևավորելը:

Շատ կարևոր բան կա, որը կրթական համակարգում չի կիրառվում, բայց երևի ավելի շատ պետք է դրանով զբաղվենք , դա անդրադարձն է, այսինքն՝ ոչ թե ուղղակի առաջադրանքներ տալ, այլ փորձել անընդհատ քննարկել իրենց  հետ և ստանալ անդրադարձ, դա այն է, որը պետք է  ժամանակի ընթացքում ինտեգրել:

Մի կարևոր փորձ էլ կա, որը շատ ուսուցիչներ կիրառում են, դա այն է, որ ոչ միայն ուսուցիչն է աշակերտի հետ աշխատում, այլ նաև աշակերտներն են իրար հետ աշխատում, սա արդեն իրականացվելու է ավելի հաճախ, քան նախկինում, այն զարգացնում է սովորողի համագործակցային հմտութունները:

Նշեմ, որ նախագծային (պրոյեկտային) ուսուցումը դառնալու է պարտադիր բաղադրիչ:  Կարողունակությունները մեկ առարկայով չեն ձևավորվում, այլ մի քանի առարկաների միջոցով: Հենց դրա համար, շատ դպրոցներում, որոնք  աշխատում են նախագծային ուսուցման մեթոդով, ընտրում են մեկ թեմա, և մի քանի առարկաների ուսուցիչներ կիսամյակի ընթացքում հենց  այդ  թեմայի վերաբերյալ գիտելիքներ ու  հմտություններ են ձևավորում:

Ներկա ուսուցիչները ներկայացրեցին իրենց փորձերից որոշ օրինակներ, որոնք ըստ էության այն էին, ինչը ակնկալում է նոր կրթական չափորոշիչը: Մասնակիցները հատկապես գնահատում էին գործընկերների լայն շրջանակների հետ շփումների հնարավորությունը և փորձի փոխանակումը:

Քննարկումից բացի ուսուցիչները ծանոթացան նաև դրամաշնորհների տրամադրման կարգին, որը ներկայացրեց Արմավիր Ինֆոտան ծրագրի ղեկավար Լիլիթ Գրիգորյանը:

Ապրիլ ամսվա ընթացքում շրջանառվելու է ձևաթուղթ, որը լրացնելով, ուսուցիչները կներկայացնեն մեծ և փոքր ծրագրերի գաղափարներ: Լավագույն ու հետաքրքիր ծրագիր ներկայացրած 30 ուսուցիչներ կանցնեն վերապատրաստումներ, որից հետո կզարգացնեն իրենց գաղափարները` դրանք դարձնելով դրամաշնորհային հայտ:

Փոքր դրամաշնորհները տրամադրվելու են չորս գաղափարների:

Ծրագրերի իրականացումից հետո ուսուցիչները կրթության ոլորտի փորձագետի աջակցությամբ արդեն կձևավորեն ուսուցիչների ակումբը, որը կդառնա ինքնուրույն գործող խումբ: Արմավիրի զարգացման կենտրոնը ակումբի հանդիպումների համար տրամադրելու է տարածք, ինչպես նաև հնարավորության պարագայում տեխնիկական և փորձագիտական աջակցություն, հետագայում իրականացվող կրթական ծրագրերին՝ օժանդակություն:


«Արմավիրի զարգացման կենտրոն»  հասարակական կազմակերպությունը «Քաղաքացիական հասարակության դերի բարձրացում Արմավիրի մարզում»  ծրագիրն իրականացնում է  Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության, Սիդայի աջակցությամբ իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։