+(374) 237 23034 | [email protected]
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն հուլիս ամսից մեկնարկել է Արմավիրի Քաղաքական (քննարկումների) ակումբի գործունեությունը՝ նպատակ ունենալով ստեղծել անաչառ և բազմակողմանի հարթակ, որտեղ կքննարկվեն արմավիրցիներին հուզող անվտանգության, սոցիալ-տնտեսական, կրթական և տարբեր այլ խնդիրներ: Քաղաքական ակումբը կդառնա միջավայր, որտեղ հնարավոր կլինի մասնակիցների միջև կառուցողական երկխոսություն՝ ուղղված խնդիրների լուծմանը և առաջարկների մշակմանը: Նշանակալի է, որ քննարկումները կներառեն Արմավիրի մարզի տարբեր համայնքների ներկայացուցիչների՝ հնարավորություն տալով համայնքային խնդիրների բազմակողմանի դիտարկման և համատեղ լուծումների մշակման:
Ակումբի գործունեությանը ներգրավված կլինեն ոչ միայն համայնքների ներկայացուցիչները, այլ նաև հրավիրյալ փորձագետներ՝ անվտանգության, սոցիալ-տնտեսական ոլորտների մասնագետներ, քաղաքական գործիչներ, պետական ծառայողներ, քաղաքականություն մշակողներ և լրագրողներ: Այս ձևաչափը նպատակ ունի խթանել բաց և անկեղծ քննարկումները՝ տարբեր տեսակետների առարկայական վերլուծությամբ:
Արմավիրի Քաղաքական ակումբը գործելու է Արմավիրի զարգացման կենտրոնի հովանու ներքո: Քաղաքական ակումբի մեկնարկը իրագործվում է Կովկասի ինստիտուտի կողմից իրականացվող “Հայաստանի սահմանամերձ մարզերում քաղաքական ակումբների ստեղծումը” ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում՝ Նիդերլանդների Թագավորության կառավարության ֆինանսական աջակցությամբ: