+(374) 237 23034 | [email protected]
«Երիտասարդության ձայների հզորացում. քաղաքացիական ներգրավվածության համար նպաստավոր համայնքի ստեղծում Արմավիրում» նախագծի շրջանակում «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նպատակն է բարելավել Արմավիրի մարզում երիտասարդների քաղաքացիական ներգրավվածության համար նպաստավոր միջավայրը` զարգացնելով տեղական ՀԿ-ների կարողությունները երիտասարդներին ծրագրային կառավարման և որոշումների կայացման գործընթացում ներգրավման ուղղությամբ։
Այս նպատակի իրագործման համար ՀԿ-ի կողմից մշակվել է «Կազմակերպության ծրագրերի կենսացիկլի կառավարմանը երիտասարդների ներգրավման» ընթացակարգ, որը 3-օրյա աշխատաժողովի և դրան հաջորդող մենթորական աջակցության միջոցով տեղայնացվել է Արմավիրի մարզի 5 հասարակական կազմակերպությունում։
Ընթացակարգի դրույթների կիրառմամբ՝ գործընկեր հասարակական կազմակերպությունների կողմից մշակվել են երիտասարդահեն 4 ծրագրեր, որոնք Արմավիրի զարգացման կենտրոնի ֆինանսական և մենթորական աջակցությամբ իրականացվել են՝ ապահովելով երիտասարդների ակտիվ և գործուն մասնակցություն։ Ծրագրերն ունեցել են թեմատիկ խիստ տարբեր ուղղություններ՝ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ վերաբերմունքի ձևավորումից մինչև համայնքային շրջիկ գրադարան և քաղաքացիական մասնակցություն։
«Հույսի Մեծամոր» ՀԿ-ն, օրինակ, իրականացրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ վերաբերմունքի ձևավորում» նախագիծը, որի շրջանակներում Մեծամոր քաղաքի թիվ 1 և թիվ 2 դպրոցներում իրականացվել են տեղեկատվական հանդիպումներ 9-12-րդ դասարանների աշակերտների հետ հաշմանդամություն ունեցող անձանց` այդ թվում երեխաների իրավունքների, ինչպես նաև նրանց նկատմամբ ներառող և ոչ խտրական վերաբերմունքի ու մոտեցումների վերաբերյալ։ Հանդիպումները եզրափակվել են «Երբ իմ ընկերը հաշմանդամություն ունի» խորագիրն ունեցող մրցույթով, որին աշակետները հանդես են եկել մեծ ոգևորությամբ և ազատ ձևաչափի աշխատանքներով՝ շարադրություններ, ներկայացումներ, որոնցով խրախուսել են հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ դրսևորել ներառող և ոչ խտրական վերաբերմունք։
«Մեծամորի երիտասարդական խորհրդարան» ՀԿ-ի երիտասարդները հասցեագրել են ընթերցանության նկատմամբ երիտասարդների հետաքրքրության նվազման խնդիրը և իրականացրել «Շրջիկ գրքեր» նախագիծը։ Նախագծի իրականացման արդյունքում հիմնվել է շրջիկ գրադարան՝ հագեցած 120 գեղարվեստական և մասնագիտական գրքերով, որոնք ՀԿ-ի թիմի ջանքերով ուղևորվում են համայնքից համայնք՝ բավարարելու երիտասարդ ընթերցողների կարիքները։ Նախագծի շրջանակում համայնքի երիտասարդները նաև մասնակցել են գրքի ու գրականության հանրաճանաչմանը նվիրված 3 միջոցառման համայնքի Մրգաշատ, Ակնալիճ և Զարթոնք բնակավայրերում և ունեցել հանդիպումներ ժամանակակից արձակագիրների, բիզնես-գրողների, խմբագիր-հրատարակիչների հետ։
Համայնքում երիտասարդների քաղաքացիական ակտիվության բարձրացմանը միտված նախագծեր են իրականացվել «Կանանց, երիտասարդների և կրթության հզորացում» ՀԿ-ի և «Երիտասարդական ավանգարդ» ՀԿ-ի կողմից։ ԿԵԿՀ ՀԿ-ն նախաձեռնել էր իրազեկման և կարողությունների զարգացման հանդիպումների շարք Խոյ համայնքի շուրջ 200 երիտասարդների հետ՝ նպատակ ունենալով խթանել երիտասարդների մասնակցությունը համայնքում՝ ստեղծելով մասնակցության մեխանիզմներին տեղյակ և գործուն երիտասարդների ցանց։ Միևնույն ժամանակ, «Երիտասարդական ավանգարդ» ՀԿ-ն թիրախավորել էր Արմավիր խոշորացված համայնքի 11 բնակավայրերի 22 երիտասարդների՝ վեր հանելու տեղական ինքնակառավարմանը նրանց պասիվ մասնակցության պատճառներն ու խնդիրները և կրթելու նրանց ՏԻ գործընթացների և դրանցում իրենց կարևոր դերի վերաբերյալ։ Որպես նախագծի ամփոփում՝ «Իմ համայնքը» խորագիրն ունեցող ցուցահանդեսի ընթացքում երիտասարդները լուսանկարների միջոցով համայնքի ղեկավարին և ՏԻՄ ներկայացուցիչներին են ներկայացրել համայնքում առկա և իրենց հուզող խնդիրները և քննարկել այդ խնդիրների լուծման՝ իրենց կողմից առաջակվող ուղիները։
Նշված բոլոր ծրագրերը, չնայած թեմատիկ տարբերություններին, ունեցել են 1 մեծ ընդհանրություն՝ մշակվել են համայնքի երիտասարդների ակտիվ ներգրավմամբ, իրականացվել նրանց կողմից և ապահովել ծրագրային որոշումների կայացման գործընթացում երիտասարդների բովանդակալից մասնակցություն՝ ավելի նպաստավոր դարձնելով Արմավիրի մարզում երիտասարդների քաղաքացիական ներգրավվածության համար անհրաժեշտ միջավայրը։
#PHinternational #armcivics4engage #PYD #positiveyouthdevelopment #USAIDArmenia