Աջակցություն Հայաստանի 18 համայնքներում մասնակցային բյուջետավորման իրականացմանը

Մասնակցային բյուջետավորումը ժամանակակից ու ժողովրդավարական գործիք է, որը հնարավորություն է տալիս համայնքի բնակիչներին անմիջականորեն մասնակցել համայնքի զարգացման ծրագրերի ընտրությանն ու իրականացմանը։ Այն ոչ միայն բարձրացնում է թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, այլև խթանում է բնակիչների ակտիվ ներգրավվածությունը համայնքի կյանքում։

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն, կարևորելով ժողովրդավարական կառավարման մեխանիզմների տարածումն ու ամրապնդումը, աջակցում է Հայաստանի 18 համայնքներում մասնակցային բյուջետավորման ծրագրերի իրականացման գործընթացներին։

Այս աշխատանքները կատարվում են Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հանձնարարությամբ, Գերմանիայի կառավարության և Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) համաֆինանսավորմամբ իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում։

Ծրագրի միջոցով համայնքները ստանում են հնարավորություն ձևավորելու ավելի արդյունավետ, թափանցիկ և բնակիչների կարիքներին արձագանքող բյուջետավորման մշակույթ՝ ամրապնդելով վստահությունը տեղական իշխանությունների և քաղաքացիների միջև։