+(374) 237 23034 | [email protected]
Չնայած` առաջին անգամ չէր, որ գտնվում էի երկրից դուրս, բայց տպավորություններս Եվրոպայի մասին ձևավորվեցին հենց Գերմանիա կատարած այցից հետո։ Մարդկանց, շենքերի ու շինությունների բազմազանությունը գրավում է ցանկացած մարդու, ով գտնվում է Կալսրուհե քաղաքում։ Այն քաղաք է, որտեղ մարդիկ ազատ են իրենց ոճով, հագուկապով, և որոնց համար հեծանիվ վարելը սովորական կենսակերպ է։
Սա միայն սկիզբն էր նոր բացահայտումների ու տպավորությունների Հայկական կարմիր խաչի ընկերության միջազգային ծրագրով դասընթացների մասնակցության համար Գերմանիա մեկնած կամավորիս համար:
Դասընթացի նպատակը կախվածության վերաբերյալ նոր գիտելիքներ ստանալն էր։ Մինչ դասընթացները ինձ համար կախվածություն էին թմրամոլությունը, ալկոհոլը և ծխախոտը, բայց այնտեղ հասկացա, որ կախվածությունը բազմակողմանի և բավականին լայն խնդիր է։
Կախվածությունը կարող է առաջանալ ինքնահաստատման ու կենցաղային և հոգեբանական խնդիրներներից խուսափելու հետևանքով: Ինձ համար բացահայտում էր այն, որ ՄԻԱՎ-ով հիվանդ մարդը կարող է ունենալ բոլորովին առողջ երեխաներ ու շարունակել իր կյանքն՝ լիովին նորմալ կենսակերպ վարելով: Հայաստանում,ի տարբերություն այլ մասնակից պետությունների, հիմնական խնդիրը ծխախոտի նկատմամբ կախվածություն ունենալն է:
Դասընթացքների ժամանակ քննարկեցինք մի քանի միջոցներ ծխախոտի կախվածության դեմ պայքարելու համար: Ինձ համար ամենաարդյունավետ միջոցներն են ծխախոտի վաճառքի արգելքը, այլընտրանքային տարբերակներն օգտագործելը, որպեսզի կարողանաս պայքարել ծխախոտի կախվածության դեմ: Սակայն, իմ կարծիքով, Հայաստանում ծխախոտի կախվածության հաղթահարման հավանականությունը քիչ է, քանի որ յուրաքանչյուրը պետք է գիտակցի դրա վտանգը իր և հասարակության համար:
Ինձ համար մեկ այլ փորձությունն էր անգլերենով շփումը, բայց ի զարմանս ինձ, ոչ բոլորն էին հասկանում և խոսում անգլերեն: Գերմանացիների շատ քիչ մասն էր խոսում անգլերեն, և այդ էր պատճառը, որ գնումներ կատարելը դառնում էր բարդ ու մի փոքր էլ զվարճալի:
Բայց քանի որ ես ինքս էլ ունեմ խնդիրներ կապված միտքս անգլերենով արտահայտելու հետ, մենք բոլորս օգնում էինք միմյանց մեր լեզվական խնդիրներն հաղթահարելու համար:
Սակայն ամենամեծ փորձությունը ինձ համար մեկ օր հյուրընկալող ընտանիքում ապրելն էր:
Նախքան մեկնելս շատերն ինձ ասում էին, որ գերմանացիները կոպիտ և սառը մարդիկ են, բայց հյուրընկալող ընտանիքս կոտրեց բոլոր կարծրատիպերը:
Ես ապրում էի Սուլայի, ով ևս Կարմիր խաչի անդամ էր, և իր ամուսնու հետ: Նրանց հետ ծանոթանալուց մի քանի րոպե հետո արդեն կոտրված էին անծանոթ լինելու կոմպլեքսները: Նրանք բավականին հյուրընկալ էին․ Սուլան անգամ պատրաստել էր փախլավա՝ իմանալով Հայաստանի խոհանոցային մշակույթը:
Նրանց տունը բավականին հարմարավետ ու ջրեմ էր, ջերմ էր անգամ իմ՝ Հայաստանից եկած հյուրիս համար:
Միակ նմանությունը մեզ հետ իրենց հյուրընկալ լինելն էր:
Ի տարբերություն մեզ իրենք ունեին ավելի ջերմ միջընտանիքային հարաբերություններ ու ավելի ակտիվ կենսակերպ: Ես Սուլայի հետ, ով արդեն թոշակառու էր, հեծանիվ էի վարում՝ ծանոթանալով իրենց բնությամբ հարուստ գյուղի հետ:
Գերմանիայի գյուղերն, ի տարբերության մեր գյուղերի, լի էին երիտասարդներին գրավող երաժշտական, սպորտային և մշակութային ակումբներով: Նրանց շնորհիվ համտեսեցի գերմանական ուտեստներ, որոնք բավականիմ համեղ էին: Ես անցկացրեցի կարճ, բայց անմոռանալի օր նրանց հետ՝ պտտվելով Հեյդելբերգի փողոցներով, բարձրանալով Հեյդլբերգ ամրոնցն ու շրջելով հսկայական Նեկար գետի կամուրջով:
Ես ավելի դրական տրամադրվեցի, երբ ծրագրի շրջանակներում հանդիպեցի Լելոյի ու Մոմոյի հետ: Նրանք ծաղրածուներ էին, ովքեր աշխատում էին բարեգործական նպատակներով ու երեխաներին և ծերերին պարգևում էին ժպիտ՝ իրենց դրական խաղերով:
Նրանք իրենց կրեատիվ և հետաքրքիր խաղերով օգնեցին ինձ հաղթահարել իմ վախերը, լինել համարձակ ու անցկացնել զվարճալի ժամանակ:
Նրանց խաղերի շնորհիվ ես ստեղծեցի իմ երևակայական երաժշտական գործիքը ու հնարավորություն ունեցա ծանոթանալ ընկերներիս ստեղծած երևակայան մեքենային, որն իրականացնում էր բոլորի երազանքները:
Այցիս արդյունքում հասկացա, որ կյանքիս գլխավոր նպատակներից մեկը ճամփորդելն է՝ նոր դեմքեր, դեպքեր ու երևակայական խաղեր բացահայտելու համար:
Այցիս արդյունքում մեծ սեր ծնվեց դեպի ճանապարհորդությունը։ Ինձ գրավեց նոր աշխարհներ բացահայտելը, նոր մարդկանց ու մշակույթների հետ ծանոթությունը։
Դա այնքա՜ն հրաշալի է․․․․․
Հեղ․՝ Անի Իվանյան