+(374) 237 23034 | [email protected]
Շաբաթը 2 օր՝ 1 ժամ տևողությամբ, 2 տարի է, ինչ 7-ամյա Գ.-ն հաճախում է «Արևածագ» երեխաների աջակցության կենտրոն։ «Սկզբնական շրջանում, երբ երեխան դեռ չէր քայլում, օգտվում էինք ֆիզիոթերապևտի և էրգոթերապևտի ծառայություններից։ Այնպես եղավ, որ այդ ընթացքում երեխային վիրահատեցինք (երիկամների երկկողմանի հիդրոնևրոզ), որից հետո Կենտրոնի պարապմունքներով ու ստացած դեղորայքով առաջընթաց եղավ երեխայիս մոտ ու միանգամից սկսեց քայլել», – պատմում է Գ.-ի մայրը։
Սկզբնական շրջանում Գ.-ն քայլում էր առարկաներից բռնվելով, հետո արդեն լիարժեք քայլեց։ «Արևածագ» կենտրոնում Գ-ի հետ աշխատող ֆիզիոթերապևտը հիշում է․«Սկզբում երեխան ինքնուրույն չէր քայլում, մկանախմբերը թույլ էին։ Սկսել ենք աշխատել կոնքի և ոտքի մկանախմբերի վրա, որպեսզի ամրապնդվեն, այնուհետև աստիճաններ բարձրանալու և հավասարակշռությունը պահելուն ուղղված վարժությունների օգնությամբ հաղթահարել ենք մի շարք դժվարություններ: Այժմ երեխան նստած դիրքից ինքնուրույն կարողանում է կանգնել, ազատ տեղաշարժվել՝ առանց բռնվելու, և հատկապես տանից դուրս տարածքներում»:
Քայլելու հանգամանքը թերևս ամենաակնառու ձեռքբերումն է Գ.-ի, բայց երեխայի մայրը կարևորում է ամեն մի փոփոխությունը, որ գրանցել ու գրանցում է երեխան։ Սա թերևս ոչ բոլոր ծնողների պարագայում կարելի է արձանագրել, քանի որ մեծ արդյունքին սպասելուց՝ փոքրերը երբեմն չեն արժևորվում, բայց դրանք պակաս կարևոր չեն։Մայրը հիշում է, որ նախքան կենտրոն հաճախելը՝ երեխան բացարձակ հետաքրքրություն ու ցանկություն չուներ խաղալիքներով խաղալու, անգամ ձեռք չի տվել դրանց։ Իսկ այժմ հաճույքով խաղում է պլաստիլինով, ինքնուրույն վերցնում է իր խաղալիքները, տարածում է տնով մեկ, որն արդեն հաջողություն է՝ անգամ եթե այդ խաղալիքները չեն «օգտագործվում» ըստ նպատակի։
Շարժողական բնույթի խնդիրներից զատ, որոնք այս պահին մեծ հաշվով կարելի է լուծված համարել, Գ.-ի հետ աշխատանքներ են տարվում նաև նրա զգացողությունների զարգացման ու կառավարման ուղղությամբ։ «Այն, որ Գ.-ն հիմա կամակորություններ է անում, ցույց է տալիս, որ իբրև հոգնել է ու էլ չի ուզում աշխատել, արձագանքում է իրեն ուղղված խոսքին, «հրահանգներին», թքարտադրությունն ու ձեռքերը բերանը տանելու սովորույթն է կրճատվել, նրա մտավոր ունակությունների զարգացման կարևոր դրսևորումներն են», – նշում է էրգոթերապևտը։
Գ.-ն հիմա տան չարաճճի անդամն է, սկսել է վազել պատուհանի մոտ, երբ բակում խաղացող երեխաների ձայնն է լսում, արձագանքել, երբ ընտանիքը հավաքվում է սեղանի շուրջ հաց ուտելու. «Նա միանգամից ցույց է տալիս, որ ինքն էլ է ուզում հաց ուտել, մասնակցել, իհարկե, մասնակցելը սեղանին դրված իրերը թափելն է ու ինքնուրույն իր ձեռքով որոշ ուտելիքներ ուտելու փորձերը, որոնք միշտ չէ, որ հաջողությամբ են պսակվում, բայց հոգ չէ, կարևորը իր նախաձեռնողականությունն է այս պարագայում», – նշում է մայրը։
Մի փոքր հետ գնալով՝ Գ.-ի մոր հետ վերհիշում ենք, թե ինչպես կամ երբ նկատեց, որ երեխան առողջական խնդիրներ ունի. «Զգացել եմ իմ փորձով, որ 3 երեխաների մայր եմ ու երեխայի զարգացման ամիսներին հետևելով, թե այսինչ ամասկանում երեխան ինչեր պետք է կարողանա անել։ Տեսնում եմ, որ չի նստում, գլուխը ուղիղ չի պահում, թռցնում էի ու զգում, որ ոտքերը թույլ են և դողում են։ Բայց այս ամենին զուգահեռ էլ՝ նորմալ էր թե՛ ուտելը, թե՛ քնելը։ Ամեն անգամ պոլիկլինիկա գնալուց խոսում էի իմ անհանգստությունների մասին, բայց վրաս ծիծաղում էին ու ասում, որ տղա է, ոչինչ, «դինջ» է մի քիչ, 2 աղջիկներից հետո ինձ համար անսովոր է ու անիմաստ անհանգստանում եմ։ Հղիության ընթացքում պտղի հետ կապված ոչ մի խնդիր չի եղել, երեխան ծնվել է կեսարյան հատումով, ստացել է բոլոր պատվաստումները», – հիշում է մայրը։
Հերթական այցերից մեկի ժամանակ պոլիկլինիկա, երբ երեխան արդեն 7 ամսական էր, նրան ուղեգրում են նյարդաբանի մոտ։ «Որ գնացինք նյարդաբանի մոտ, զննեց երեխային, հետո ասաց իջացրու, թող քայլի։ Երբ իջացրի, այդ պահին այնպես արագ-արագ ոտքերը փոխեց ու քայլեց, որ բժիշկը կրկին ասաց այն, ինչ լսել էի բազմիցս՝ ի՞նչ է եղել այս երեխային, տղա է, կարող է զարգացումը մի քիչ ուշանալ մոտը, «դինջ» է, կդզվի»։
Առկա պատկերացումներին համապատասխան, որ եթե Երևանում է ախտորոշումը տրվել, ուրեմն իսկապես ամեն ինչ կարգին է. ծնողը հանգստանում է ու վստահ լինում, որ ամեն ինչ լավ է։
9 ամսականում Գ.-ն խնդիր ունեցավ բրոնխների հետ ու պառկեց հիվանդանոցում, որտեղ բժշկուհին առաջինն էր, որ նկատեց՝ երեխան մկանների հետ խնդիր ունի։ Նա բրոնխները բուժելուց հետո երեխային ուղարկեց վերականգնողական կենտրոն հետազոտման, որտեղ, ըստ ծնողի, աշխատում էին երեխայի հետ, սակայն չէին կարողանում որոշել, թե ինչ խնդիր է, ասում էին թույլ են մկանները, կզարգանան։ Ախտորոշման հետ կապված այս իրարամերժությունից ու քաշքշուկներից հետո, մայրը մի կողմ է թողել այս հարցը, որովհետև հասկացել է, որ դա ոչինչ չի տալիս երեխային։ Իրենց օգնում են պարապմունքները, որ ստանում է «Արևածագ»-ում և դեղերը, որ նախատեսված են ուղեղի սնուցման համար։
Այժմ Գ.-ի հետ շարունակում է աշխատել կենտրոնի էրգոթերապևտն ու սկսել է աշխատել նաև արտ թերապևտը ու ինչպես մասնագետները, այնպես էլ մայրը սպասում են նոր արդյունքների. «Հավատում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու, ուղղակի համբերություն ու շատ աշխատասիրություն է մեզ պետք։ Ամեն խնդիր փորձում ենք հաղթահարել սիրով. մեր երեխան է, ամեն ինչ պետք է անենք նրա համար»։