Աղբը ջուրը կտանի՞

Մեզանում «սովորական» դարձած խոսքը, թե աղբը ջուրը կտանի, վաղուց այլևս ակտուալ չէ, քանի որ Երկրագնդի էկոհամակարգը վաղուց դուրս է եկել ինքնավերականգնման հնարավորության սահմաններից։

Չկա այլևս մարդու առողջություն, կենդանու առողջություն և բույսերի առողջություն՝ առանձին վերցրած․ կյանքի հարատևման հիմքը հանդիսանում է կենսաբազմազանության ներդաշնակությունը։

Բնապահպանական թեմայով դասընթացի շրջանակներում երիտասարդների, ուսուցիչների, ակտիվ քաղաքացիների և համայնքապետարանի աշխատակիցների հետ քննարկվեցին նմանատիպ հետաքրքիր հարցեր «Միասին հանուն Արենիի զարգացման» ծրագրի շրջանակներում՝ Արենի համայնքում։ 

Դասընթացը նպատակ ուներ տրամադրել գիտելիք՝ բացահայտելու բնապահպանական խնդիրները՝ շրջակա միջավայրի վրա ազդեցությունները նվազագույնի հասցնելու համար և կիսվել դրանց ավելի լավ լուծումներ տալու լավագույն փորձով: 

Աղբի տեսակավորման մասին խոսելիս երիտասարդները պատմեցին իրենց հիասթափության մասին․ «Գյուղում ունենք աղբի տեսակավորման համար աղբարկղեր, օրինակ պլաստիկե շշեր էինք հավաքում, բայց տեսանք, որ դա այդպես էլ մնաց ու թափվեց՝ որպես «սովորական» աղբ ու դա հիասթափեցրեց մեզ»։ 

Սակայն դասընթացավարը փոխարենը հորդորեց, որ պայքարեն ու նախաձեռնող լինեն, ինչպես համայնքներից մեկում էր, որտեղ երիտասարդները պլաստիկե շշերով կանգառ սարքեցին՝ որպես թափոնների վերամշակման, վերաօգտագործման հիանալի օրինակ։


Ծրագիրն իրականացնում է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն՝ Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով: Ծրագրի նպատակն է զարգացնել Արենի խոշորացված համայնքի կարողություններն ու դիմակայունությունը՝ հզորացնելով համայնքին քաղաքականապես և տնտեսապես առավել ուժեղ դառնալու համար: