Ազդակ՝ կիսատ թողնված կրթությանը կրկին անդրադառնալու․ Դավիթ Գրիգորյան

«Մասնագիտությամբ ես օպերատոր եմ, սովորում էի Հայաստանի մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի Օպերատորության բաժնում, բայց կրթությունս կիսատ եմ թողել։ Պրակտիկայի այս հնարավորությունը կարծես ազդակ դարձավ ինձ համար՝ կրթությանս կրկին անդրադառնալու։ Որոշել եմ, որ պրակտիկայի ավարտից հետո կշարունակեմ կրթությունս»։

Այսպես սկսվեց մեր զրույցը Դավիթ Գրիգորյանի հետ, ով պրակտիկանտ է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և People in Need Հայաստանի կողմից իրականացվող «Միջոլորտային համագործակցություն ներառական տնտեսական հզորացման համար» ծրագրի շրջանակներում։ Վերջինս Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ COVID-19  հետևանքների չեզոքացման աջակցության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար» ծրագրի մաս է կազմում։

«Պրակտիկայի ընթացքում առաջին հերթին սովորել եմ տեսախցիկի հետ աշխատել թե՛ տեխնիկական իմաստով, թե՛ որպես նկարող, այսինքն՝ ինչ դիրքից նկարել, ինչ կերպ նկարել և այլն։ Սկզբում սովորել ենք բանավոր տարբերակով, այնուհետև ստացածս գիտելիքները կիրառել եմ պրակտիկայում։ Սա այն մասնագիտությունն է, որ եթե պրակտիկա չունես, ինչքան էլ տեսական գիտելիքներդ շատ հարուստ են, միևնույնն է՝ չի ստացվի», – պատմում է Դավիթը։ 

Դավիթը նշում է, որ միշտ խուսաբել է լրատվական օպերատորությունից, հոգեհարազատ չի եղել իրեն, քանի որ պարզ տարբերակ է համարել նկարահանումների համար, որն իր ուզած զարգացումը չի տա։ «Ավելի հետաքրքիր, զարգացնող տարերակ եմ միշտ կարծել ֆիլմի նկարահանումը։ Այնուամենայնիվ, որպես սկիզբ, սա շատ հետաքրքիր ու հիանալի փորձառություն է ոչ միայն պրակտիկ աշխատելու տեսախցիկի հետ, այլև մեծ ծանոթություններ ձեռք բերելու հենց օպերատորության ոլորտում։ Երբ համեմատում եմ իմ մակարդակը ծրագրի սկսվելուց առաջ և հետո, կարող եմ ասել, որ տարբերությունը ակնհայտ է ու մեծ։

Ես հիմնականում գոհ եմ ԱԼՏ-ից` սովորեցնելու առումով, լրատվական օպերատորության համար 4 ամիսը բավարար է, որ գիտելքները բավականացնի տեսախցիկը վերցնել ու գնալ ինչ-որ տեղ մի բան նկարելու։ Պրակտիկայի մյուս առավելությունը ոլորտային այլ ծրագրերի մասին տեղեկանալն է ու մասնակցելը։ «Դիլիջանում Հայաստանի 5 մարզերի՝ եթերներից զրկված լրատվականների քառօրյա դասընթաց իրականցվեց, որի ժամանակ թե՛ սկսնակ, թե՛ փորձառու օպերատորներին սովորեցնում էին ճիշտ աշխատել։ Դասընթացը տևեց 4 օր ու շատ գիտելիքներ տվեց ինձ․ առաջին օրվա իմ նկարածի ու վերջին օրվա նկարածի մեջ սարեր-ձորերի տարբերություն կար։ Մասնակիցների միջև կար նաև թեթև մրցակցություն։ Աշխատանքից հետո բոլորս անհամբեր սպասում էինք թե՛ լավ, թե՛ վատ արձագանքների»։

Պրակտիկայի ավարտից հետո Դավիթը պլանավորել է ինչպես շարունակել ուսումը, այնպես էլ ոլորտում աշխատել որոշ ժամանակ։ «Պրակտիկայի հնարավորության համար շնորհակալ եմ ծրագիրն իրականացնողներին, կուզեմ, որ ինձ պես շատ երիտասարդներ ունենան այս հնարավորությունը»: