+(374) 237 23034 | [email protected]
«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը ս.թ. մարտի 21-24-ը «Հանուն կրթության. եզդի կանանց ու աղջիկների կրթական իրավունքի խթանում» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր ուսուցիչների վերապատրաստման դասընթաց, որին մասնակցեցին և մասնագիտական նոր ու հիմնարար գիտելիքներով զինվեցին Արմավիրի մարզի Զարթոնք, Արտաշար, Նալբանդյան, Նոր Արտագերս և Ակնալիճ համայնքների միջնակարգ դպրոցների թվով 20 ուսուցիչներ:
Նշված համայնքներում բնակչության շրջանում մեծաթիվ են եզդի ազգի ներկայացուցիչները, այդ թվում՝ երեխաներ, ովքեր հաճախում են տեղի դպրոցները:
Այս դասընթացը նպատակ ուներ զարգացնել թիրախային համայնքների ուսուցիչների՝ ներառականության ու ներառական կրթության հիմքերին, մարդու հիմնարար իրավունքներին ու այդ իրավունքների իրացման եղանակներին, միջմշակութային հաղորդակցման առանձնահատկություններին առնչվող հմտությունները և դրանք դասավանդման ընթացքում ի շահ սովորողների կիրառելու կարողությունները: Ուստի, վերապատրաստման ընթացքում անդրադարձ կատարվեց միջմշակութային զգայունությանն ու հաղորդակցման գործիքակազմին, մասնակցային հիմքով ուսուցման մեթոդներին, տեղեկատվությունը յուրացնելու եղանակներին, գլոբալ աշխարհում ազգային փոքրամասնությունների հիմնախնդիրներին և այլ առանցքային թեմաների:
Ուսուցիչների հետ իրենց փորձը կիսեցին ԷՔՎԻՏԱՍ միջազգաին մեթոդաբանության վերապատրաստող Անի Հարությունյանը և Արմավիրի «Արևածագ» կենտրոնի հոգեբան Նաիրա Մխիթարյանը:
Դասընթացը հագեցած էր բուռն քննարկումներով, տարաբնույթ գործնական աշխատանքներով, որոնցում ակնհայտ էր ուսուցիչների մոտիվացիան ու դրական տրամադրվածությունը: Ուրախալի էր տեսնել ու լսել, որ նրանց համար չկար ազգային պատկանելությամբ պայմանավորված կողմնակալ վերաբերմունք աշակերտների հանդեպ, որ միշտ էլ ջանում են հավասարապես դասին ներգրավել բոլորին:
Ուսուցիչները սիրով ու ոգևորվածությամբ մասնակցեցին ողջ դասընթացին, վերջում էլ խոստացան՝ քննարկված նյութը դասարան կտանեն ու կօգտագործեն ավելի մասնակցային, հագեցած, վառ ու գունավոր դասեր ունենալու և եզդի աշակերտների մոտ կրթության հանդեպ սերն ու հետաքրքրվածությունը բազմապատկելու նպատակով:
Ծրագիրն իրականացվում է «Արդարադատության մատչելիության խթանում Արեւելյան գործընկերության երկրներում խտրականության, ատելության հանցագործությունների եւ ատելության խոսքի զոհերի համար` արտադատական կարգով փոխհատուցման մեխանիզմների միջոցով» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ «Գործընկերություն հանուն լավ կառավարման II» (2019-2022) ծրագրային ձևաչափի շրջանակներում և իրականացվում Եվրոպայի խորհրդի կողմից։